AJ

Չի բացառվում, որ որևէ պատգամավոր վայր դնի մանդատը, որևէ պատճառով: Այդ մասին հայտարարել է ԱԺ փոխխոսնակ, «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով կառավարող մեծամասնության որևէ պատգամավորի մանդատը վայր դնելու մասին մամուլի հրապարակումների վերաբերյալ հարցին:

Իսկ մամուլում գրում են, որ վարչապետի պահանջով մանդատը վայր դնելու խնդիր կա մեծամասնության անդամ որոշ պատգամավորների առաջ: ԱԺ փոխնախագահն ըստ էության հաստատում է հրապարակվող տեղեկությունները, ոչ ուղղակի, սակայն փաստորեն դրանք համարելով հավանական: «Իմ քայլի» պատգամավորական խմբակցությունում այդօրինակ իրողությունների մասին մամուլի խոսակցությունները նոր չեն, սակայն դրանք նորից աշխուժացան այն բանից հետո, երբ նախկին իշխանություն-ընդդիմությունը հրապարակ բերեց վարչապետին անվստահություն հայտնելու թեման, մեծամասնությանն ուղղելով այդպիսի կոչեր:

Դա թողե՞լ է իր ազդեցությունը ներիշխանական միջավայրում, թե՞ կան այլ պատճառներ ու խնդիրներ: Դա, իհարկե, բարդ է ասել, սակայն կասկած չկա, որ կոչերը կարող էին լինել նաև հենց այդպիսի ներքին անվստահություն խթանելու ակնկալիքով՝ որպես նպատակներից մեկը: Միևնույն ժամանակ, ամենևին նորություն չէ այն հանգամանքը, որ ներկայիս խորհրդարանական մեծամասնությունը հեղափոխական հավաքական է և քիչ ընդհանուր բան ունի թիմի հետ: Այսինքն՝ մեծամասնությունը կազմվել է ամենատարբեր խմբերից և շերտերից, որոնք մինչ հեղափոխության փաստը ոչ միշտ է, որ ընդհանուր բաներ են ունեցել, առավել ևս ընդհանուր շահեր: Եվ այդ իմաստով, կասկածից վեր է, որ, վաղ թե ուշ, «Իմ քայլի» ներսում հասունանալու էր հարցը՝ կողմնորոշվելու, ֆիլտրացիայի հարցը: Այդ հարցը ինքնաբերաբար գալու էր իշխանություն երևույթի բերած բնական մարտահրավերների և խնդիրների հետ, որոնք աստիճանաբար հետին պլան են մղելու «Իմ քայլի» հեղափոխական խմբակցություն լինելու տրամաբանությունը և պարտադրելու են իշխանական խմբակցության «չափանիշներ»: Իսկ դա անխուսափելի է դարձնելու հետագա հարաբերության ճշգրտումը, արդեն հաջորդ ընտրությանն ընդառաջ նոր իրողությունների հարցում: Որովհետև, եթե «Իմ քայլի» ներկայիս խմբակցությունը պոստֆակտում մեծամասնություն է, այսինքն՝ հետհեղափոխական իրողության փաստ, ապա հաջորդ ընտրությանը «Իմ քայլը» պետք է գնա այսպես ասած՝ նախափաստային տրամաբանությամբ, այսինքն՝ ընտրությունից առաջ հստակեցումներով:
Spread the love