MIED dat

Մայիսի 27-ին այսպես ասած անկախության տոնին ընդառաջ Ադրբեջանը չափազանց վատ նվեր ստացավ Եվրոպայից: Մարդու իրավունքի եվրոպական դատարանը հրապարակեց Բուդապեշտում ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովի կողմից քնած ժամանակ կացնահարված ՀՀ զինված ուժերի սպա Գուրգեն Մարգարյանի ընկերոջ՝ Հայկ Մակուչյանի և հարազատների ընդդեմ Ադրբեջանի և Հունգարիայի հայցերի վերաբերյալ վճիռը:

Ըստ այդ վճռի, Ադրբեջանը ազատ արձակելով Սաֆարովին, տապալել է ատելության հողի վրա մարդու կյանքի հանդեպ ոտնձգության վերաբերյալ վճռի իրագործումը: Ադրբեջանը ճանաչվել է նաեւ ոճրագործությունը խրախուսող:

Այդպիսով, ՄԻԵԴ վճիռը դե ֆակտո այն մասին է, որ Ադրբեջանը խրախուսել եւ խրախուսում է ազգամիջյան ատելության հողի վրա կատարվող մարդասպանությունը: Հազիվ թե հնարավոր է պատկերացնել մեկ օր անց անկախության տարեդարձ նշող պետության համար առավել խայտառակ բան, քան ՄԻԵԴ այդպիսի վճիռը:

Մյուս կողմից, դա ընդամենը Ադրբեջանի պետական մակարդակով վարվող մարդասպանության քաղաքականության ճանաչումն է: 2004 թվականին ՆԱՏՕ վարժանքի շրջանակում տեղի ունեցած ողբերգությունը այդ քաղաքականության դրվագներից մեկն է:

Այդ իմաստով, ՄԻԵԴ վճռի մեկ այլ «հասցեատեր» է այն կառույցը, որի անդամ է Ադրբեջանը՝ Եվրոպայի խորհուրդը: Որքանո՞վ է եվրոպական արժեհամակարգի բաստիոն ԵԽ շարքում տեղավորվում փաստորեն «ազգամիջյան ատելության եւ մարդասպանության» բաստիոնի կարգավիճակ ստացած պետությունը:

ՄԻԵԴ վճիռն ունի նաեւ հակառակ երես՝ Հունգարիան: Ռամիլ Սաֆարովը հունգարական դատարանում ստացավ իր արդարացի պատիժը՝ ցմահ ազատազրկում: Սակայն 8 տարի անց Հունգարիան որոշեց արտահանձնել Սաֆարովին: ՄԻԵԴ մայիսի 26-ին հրապարակած վճռի համաձայն՝ չկա որևէ հաստատող փաստ, որ Հունգարիայի իշխանությունները կարող էին տեղյակ լինել Սաֆարովի հետագա արդարացման մասին։ Այլ կերպ ասած, Հունգարիան ազատվել է պատասխանատվությունից:

Առկա է մի պարզ հարց՝ Հունգարիայի կառավարությունում ոչ ոք թերթ չէ՞ր կարդում, չէ՞ր լսել, թե սպանությունից գրեթե անմիջապես հետո ինչպես է հերոսացվել Սաֆարովը իր հայրենիքում, ընդ որում պետական մակարդակով: ՄԻԵԴ-ն ըստ երեւույթին խնայել է ԵՄ անդամ Հունգարիային:

Միեւնույն ժամանակ, վճռի այդ հանգամանքը իհարկե առաջացնում է մեկ այլ հարց էլ՝ իսկ Հայաստանի կառավարությունն այդ ընթացքում չի՞ աշխատել Հունգարիայի հետ, Բուդապեշտին փաստարկներ ներկայացնելու համար, թե ինչ է լինելու Սաֆարովին արտահանձնելուց հետո:

Այստեղ իրավիճակը հակասական է: Պետք է նկատել, որ արտահանձնման տեղեկությունը Հայաստանի հանրության համար բավականին անակնկալ էր: Արդյո՞ք նաեւ Հայաստանի իշխանության համար: Բաքուն ու Բուդապեշտը կարողացել են խիստ գաղտնի՞ պահել բանակցությունը: Դրան զուգահեռ, ռուսական մամուլում եղավ տեղեկություն, որ արտահանձնման գործը գլուխ բերելու հարցում էական դեր է ունեցել Իլհամ Ռահիմովը, ազգությամբ ադրբեջանցի ռուսաստանյան միլիարդատեր, որը նաեւ ՌԴ նախագահ Պուտինի համակուրսեցին է:

Սաֆարովի արտահանձնումը տեղի ունեցավ քաղաքական առանձնահատուկ շրջափուլի մեկնարկին, երբ տապալվել էր Կազանի պլանի այսպես ասած դիվանագիտական փուլը, եւ Ռուսաստանն ու Ադրբեջանն աստիճանաբար ձեռնամուխ էին լինում դրա ռազմական իրագործման պլանը հասունացնելուն: Սաֆարովին Հունգարիան ոչ թե արտահանձնել էր Բաքվին, այլ ուղղակի վաճառել: Թերեւս նույնքան ակնառու էր, որ իր բնույթով քաղաքական նշանակության այդ գործարքը չէր իրականանա, եթե Բուդապեշտն ու Բաքուն չունենային Մինսկի խմբի համանախագահներից որեւէ մեկի աջակցությունն այդ հարցում: Եվ հաշվի առնելով իրադարձությունների ռազմա-քաղաքական հետագա ընթացքը, աներկբա է, որ այդ աջակցությունը Կազանի պլանի ռազմական իրագործման ռուս-ադրբեջանական գործարքի բաղադրիչներից մեկն էր: Պլան, որը պայթեց 2016 թվականի ապրիլին եւ տապալվեց հայկական բանակի ինքնիշխան դիմադրությամբ:

Spread the love