«Հայ-ռուսական հարաբերությունները փայլուն եմ գնահատում։ Դրանք այնքան ռազմավարական խորք ունեն, որ կապված չեն կոնկրետ մի ընկերության կամ դրվագի հետ»,- այս մասին շաբաթ օրը կայացած առցանց մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ՌԴ արտգործնախարար Լավրովի վերջին հայտարարությունների վերաբերյալ հարցին: «Սա աշխատանք է, աշխատանքային հարաբերություններ են։ Դրանք ոչ մեկ ամսվա, ոչ մեկ օրվա, ոչ մեկ ժամվա, ոչ էլ մեկ հայտարարության վրա են հիմնված։ Իմ գնահատականը նույնն է և շարունակելու է այդպիսին մնալ»,- ասել է Փաշինյանը։

Անդրադառնալով գազի գնի հետ կապված հարցին՝ վարչապետ Փաշինյանը նշել է. «Էներգակիրների շուկայի և նավթի գնի փլուզման պայմաններում մենք կարող էինք և կարող ենք Հայաստանի ռազմավարական գործընկեր Ռուսաստանից ակնկալել, որ հիմա գազի գնի բարձրացման մասին խոսելու լավագույն ժամանակը չէ՝ մանավանդ հաշվի առնելով կորոնավիրուսի ճգնաժամը և նրա բերած սոցիալական խնդիրները»։ Խոսելով Հայաստանում ռուսական կապիտալով գործող ընկերությունների դեմ դատական գործընթացների մասին՝ վարչապետը նշել է, որ այդ թեմայով քննարկումներ է ունեցել ՌԴ նախագահի և վարչապետի հետ, ձեռք են բերվել հստակ պայմանավորվածություններ։

ՄԱՀՀԻ փորձագետ Արմեն Վարդանյանը չի կիսում այն տեսակետը, թե հայ-ռուսական հարաբերությունները փայլուն են, բայց նաև չի կարծում, թե դրանք ողբերգական վատ վիճակում են: «Հայտնի է, որ նախկին իշխանությունների օրոք այդ փայլուն հարաբերություններ ասվածի տակ Ռուսաստանը Հայաստանի նկատմամբ տարբեր ճնշումներ է գործադրել, այդ թվում՝ էներգետիկ և այլ նշանակության օբյեկտների հետ կապված, Հայաստան-Իրան գազամուղի տրամաչափն է փոքրացել, որով Հայաստանը զրկվել է գազի տարանցիկ երկիր լինելուց։ Եվ մի շարք այսպիսի կարևոր բաներ են զիջվել Ռուսաստանին այդ «փայլուն» հարաբերությունների շրջանում։ Հիմա նոր իշխանությունն ունի բարձր լեգիտիմություն ու այլևս նախկինի նման միշտ չէ, որ Ռուսաստանի բոլոր ճնշումներին տրվում է»,- ասաց նա։

Մեր զրուցակիցը միևնույն ժամանակ ընդգծեց՝ շատ հաճախ ՀՀ իշխանությունների կողմից կա դիմադրություն Ռուսաստանի այս կամ այն պահանջներն ու ցանկությունները բավարարելու հարցում. «Բնականաբար, այս ամենի ենթատեքստում հայտարարություններ են հնչում Ռուսաստանի կողմից, որոնք շատերը դիտում են իբրև այդ հարաբերությունների վատթարացում։ Այո՛, այդ հարաբերություններում կան խութեր ու խնդիրներ, բայց նաև պետք է հասկանանք, որ մենք ինքնիշխան պետություն ենք, ու մեր շահերը պետք է առաջ մղենք։ Եթե կան խնդիրներ, դրանք պետք է բարձրաձայնվեն, այլ ոչ նախկինի նման՝ շահեր զիջենք Ռուսաստանին»։

Հետաքրքրվեցինք՝ ինչքանո՞վ են առանձին դրվագներն ազդում հայ-ռուսական հարաբերությունների վրա՝ ռուսական ընկերություններում ստուգումներ, Քոչարյանի գործ. «Իհարկե, այդ հարաբերությունները բազմաշերտ են, մի դրվագից չեն կախված։ Հայ-ռուսական հարաբերությունները միշտ էլ տարբեր շերտեր են ունեցել, և միշտ չէ, որ երկու երկրների շահերը համընկել են։ Երբեմն եղել են այնպիսի իրավիճակներ, երբ շահերի բախում է եղել։ Հիմա էլ այդպես է, ինչը միանգամայն նորմալ է։ Հայաստանը պետք է խոսի իր ռազմավարական դաշնակցի հետ, մենք մեր շահերը պետք է առաջ տանենք ու տեղի չտանք Ռուսաստանի ճնշումներին։ Այո՛, Ռուսաստանը միշտ էլ գազը որպես ճնշման միջոց օգտագործել է տարբեր երկրների հետ հարաբերություններում՝ ոչ միայն իր դաշնակիցների, այլև այլ երկրների հետ հարաբերություններում. դա չի թաքցրել նաև Կրեմլը։ Հիմա ստեղծվել է մի իրավիճակ, երբ Ռուսաստանը գազի գնի թանկացմամբ փորձում է նոր ճնշումներ իրականացնել Հայաստանի վրա։ Ինչ վերաբերում է Քոչարյանի գործին, ապա, ըստ իս, Քոչարյանը Ռուսաստանին պետք չէ, սա պարզապես ևս մեկ միջոց է ՀՀ իշխանությունների վրա հավելյալ ճնշումներ գործադրելու համար։ Նույնը նաև՝ ռուսական ձեռնարկություններում Հայաստանի հարկային մարմինների կողմից հայտնաբերված կոռուպցիայի դրսևորումները։ Ռուսաստանը նորից փորձում է այս հարցին քաղաքական երանգ տալ ու ճնշումներ գործադրել Հայաստանի վրա»։

Մեր այն դիտարկմանը, թե Բելառուսը, որը նավթ է ստանում ԱՄՆ-ից, ինչքանո՞վ կարող է օրինակ լինել մեզ համար, և արդյոք սա խոսո՞ւմ է ԵԱՏՄ-ում որոշակի նոր վերադասավորումների մասին, Արմեն Վարդանյանը պատասխանեց. «Միանշանակ։ ԵԱՏՄ-ին անդամակցելուց առաջ անդամ երկրներին խոստացվել է միասնական էներգետիկ համակարգի ներդնում՝ և՛ գազի, և՛ էլեկտրաէներգիայի սակագների վերաբերյալ։ Բայց մենք տեսնում ենք, որ Ռուսաստանն այնքան էլ ոգևորված չէ այդ փաստից ու չի շտապում իր դաշնակիցների համար արտոնյալ էներգետիկ սակագներ սահմանել։ Մենք տեսնում ենք, որ Հայաստանը գազի համար ավելի թանկ է վճարում, քան ԵԱՏՄ-ի հետ որևէ կապ չունեցող երկիր Գերմանիան։ Չնայած պարոն Լավրովն ասում է՝ Հայաստանին էժան ենք տալիս, բայց դա սուտ է, նրանք սահմանին են այդքան տալիս, իսկ «Գազպրոմի» դուստր ձեռնարկություն «Գազպրոմ Արմենիան» 200 դոլարից ավելի գնով է ՀՀ սպառողին գազ տալիս։ Եթե չեմ սխալվում, 2023 թվականին նախանշված էր ԵԱՏՄ տարածքում անցնել միասնական էներգետիկ գազային սակագների, բայց դա, ըստ իս, կմնա օդում, ու Ռուսաստանն իր պարտավորությունները չի կատարի»։

Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •