Միշիկ Մինասյանի գործունեությունը նախորդ տարիներին եղել է միֆերով քողարկված

- in Պնակալեզներ

Սերժ Սարգսյանի փեսա և Մայր Աթոռում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանը վերջին շրջանում փորձում է դուրս գալ սեփական կուլիսներից և ծանոթանալ հայ հանրության հետ։

Սակայն նկարահանված և մոնտաժված տեսանյութերից այնպիսի տպավորություն է, որ Մինասյանը, բացի խոհանոցային մակարդակի բամբասանքներից՝ հարիր իր նկարահանման «հրապարակին», լուրջ ասելիք չունի՝ ո՛չ իր ներկայացրած իշխանության տարիների արածի ու չարածի, ո՛չ էլ ներկայումս հանրությանն իրապես հուզող հարցերի վերաբերյալ։ Եվ այստեղ հարց է առաջանում՝ որքանո՞վ է նա անկեղծ ու շիտակ իր տեսանյութերում։

Քանի որ Մինասյանի գործունեությունը նախորդ տարիներին եղել է միֆերով քողարկված, նրա մտածողության ու բնավորության մասին Հայաստանի քաղաքացին գրեթե ոչինչ չգիտի։ Սակայն այստեղ օգնության են հասնում ամերիկյան դիվանագետները, որոնք մանրամասն գրի են առել Մինասյանի հետ ժամանակին ունեցած փակ հանդիպումները։ Բարեբախտաբար, «Վիկիլիքսի» արխիվի շնորհիվ դրանք այսօր հասանելի են՝ թույլ տալով հասկանալու, թե ով է, ի վերջո, Միքայել Մինասյանը և ինչով է նա զբաղվել նախկինում, որ այսօր այդքան խանդավառությամբ ձգտում է դառնալ հայ ժողովրդի փրկիչը։

Հիշարժան է ԱՄՆ դիվանագետ Ժոզեֆ Փենինգտոնի հետ 2007թ. նոյեմբերին Միքայել Մինասյանի ունեցած հանդիպումը, երբ վերջինս հանդես էր գալիս որպես Սերժ Սարգսյանի խորհրդական և, ըստ էության, փորձում էր հատուկ մեսիջներ փոխանցել։ ԱՄՆ դիվանագետի մոտ այդ հանդիպումից տպավորվել էր, որ Մինասյանը մոտ հինգ րոպե ոգևորված ներկայացրել է իր նոր iPhone տեսակի հեռախոսի հնարավորությունները, որը նա կարողացել էր ապակոդավորել՝ Հայաստանում օգտագործելու համար։ Ավելին՝ Մինասյանը կիսվել էր նաև ԱՄՆ դեսպանատնից վիզա ստանալու իր փորձով՝ այն որակելով «զվարճալի», երբ «Ջազվեի» ղեկավար եղած ժամանակ գործնական այցով մեկնում էր ԱՄՆ։

Այսօր հայրենասեր ինքնահռչակվող Մինասյանն այդ հանդիպման ժամանակ ամերիկացիներին հայտնում էր, որ Սերժ Սարգսյանը պատրաստ էր զբաղվել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմամբ՝ ցանկանալով քննարկումներ սկսել այդ հարցով դեռ վարչապետ եղած ժամանակ և շարունակել դրանք նախագահ դառնալուց հետո, թեև դեռ նախագահական ընտրություններ տեղի չէին ունեցել, իսկ Սարգսյանի հաղթանակը երաշխավորված չէր։

Մինասյանը նաև հանդես էր եկել հանրային մակարդակում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը նպաստող մի շարք առաջարկներով՝ ընդգծելով, որ ԱՄՆ-ի միջնորդությամբ է միայն կարգավորման գործընթացը տեղից շարժվելու։ Փաստաթղթից այնպիսի տպավորություն է ստացվում, որ Մինասյանն ամեն գնով փորձում էր ամերիկացիներին համոզել, որ պաշտպանեն Սերժ Սարգսյանի նախաձեռնությունը։ Փաստորեն Մինասյանը վստահ էր, որ իրենք իշխանությունը չեն զիջելու, այլապես ուղղակի արկածախնդրության է նման, որ նախագահի թեկնածու Սարգսյանը, դեռ չառաջադրված, այդպիսի արտաքին քաղաքական նախաձեռնությամբ էր հանդես գալիս՝ Հայաստանը կանգնեցնելով հնարավոր միջազգային սկանդալի առաջ։ Կարելի է միայն պատկերացնել, թե ինչ վիճակում կարող էին հայտնվել թե՛ Հայաստանի միջազգային գործընկերները, թե՛ Հայաստանի նոր իշխանությունները, եթե Սերժ Սարգսյանը չդառնար նախագահ, բայց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում պետության գլխին կախված լինեին նրա խոստումները՝ տրված հենց պետության անունից։ Ըստ էության, Սերժ Սարգսյանի իշխանությունը փորձել է մինչև ընտրություններն արտաքին քաղաքական, տվյալ դեպքում՝ աշխարհաքաղաքական հարցով նախնական պայմանավորվածություններ ձեռք բերել, որպեսզի ընդունելի դառնա արտաքին խաղացողների համար՝ ստիպելով վերջիններիս աչք փակել ընտրությունների կեղծման վրա։

Թերևս, հենց այդպես ինքնակենտրոն ու բացառապես նեղ անձնական շահերի վրա հիմնված է Սերժ Սարգսյանի իշխանությունը պատկերացրել Հայաստանի արտաքին քաղաքականությունը, և այդպիսի իշխանության համար է այսօր հպարտորեն պատասխանատվություն ստանձնում Միքայել Մինասյանը։ Վերջինս այսօր այնպես է խոսում պետության ու ժողովրդի շահերի մասին, կարծես տարիներ առաջ հենց ինքը չէր իր iPhone-ով փորձում աչք մտնել ամերիկյան դիվանագետներին ու վերջիններիս համոզում սատարելու Սերժ Սարգսյանի նախաձեռնությանը։

Մինասյանի արածը, ըստ էության, ոչ այլ ինչ էր, քան արտաքին ուժերի աջակցությունը շահելու փորձ, որպեսզի նրանք նախագահական ընտրություններում աչք փակեին հնարավոր կեղծիքների վրա՝ հնարավորություն տալով իրեն ու իրենց թիմին հերթական անգամ սեփականելու իշխանությունը ժողովրդից։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments