Վերջին մեկ շաբաթվա ընթացքում ոստիկանությունը արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտելու համար 966 արձանագրություններ է կազմել: Այս մասին կառավարության այսօրվա նիստում ասաց Ոստիկանության պետ Արման Սարգսյանը:

Նրա խոսքով՝ քաղաքացու մոտ դիմակի բացակայության փաստով կազմվել է 240 արձանագրություն, ուղևորափոխադրում իրականացնող տրանսպորտում սահմանված կանոնների խախտման կապակցությամբ կազմվել է 657 արձանագրություն, որից  594-ը՝ տաքսի ավտոմեքենաների վարորդների նկատմամբ:

«Երեկ արդեն 69 մարդատար տրանսպորտային միջոցների նկատմամբ են կազմվել արձանագրություններ, որոնցում եղել են ընտանիքի անդամներ կամ այլ քաղաքացիներ: Ի կատարումն պարետատան կողմից երեկ տրված հանձնարարականի՝ այսօր արդեն հանրապետության միջմարզային ճանապարհներին տեղակայվել են համապատասխան քանակով անցակետեր, որտեղ նույնպես կստուգվի կանոնների պահպանման պատշաճ մակարդակի ապահովումը և դրան համարժեք կտրվի իրավական գնահատական»,- նշեց ոստիկանապետը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց՝ այդ անցակետերի նպատակն է համոզվել, որ ոչ մի մեքենա չի երթևեկում առանց դիմակի: Այն մեքենաները, որոնց ուղևորները կերթևեկեն առանց դիմակի, անկախ նրանից նույն ընտանիքի անդամ են, թե ոչ, կենթարկվեն վարչական պատասխանատվության:

«Ես ակնկալում եմ, որ մեր միջոցառումներն ավելի խստացվեն և լրջանան: Եվ ամեն օր այս թեմայի լրջությունը պետք է երևա մեր փողոցներում ու բնակավայրերում», ասաց վարչապետը: Ըստ նրա՝ Երևանում և տարբեր բնակավայրերում կիրականացվեն ամենօրյա ռեյդեր, որպեսզի համապատասխան գերատեսչությունները հասկանան, թե որքանով են պահպանվում սահմանված կանոնները:

Spread the love