Հայաստանում ներքին կյանքում սկսել է «հեղաշրջման» վտանգի հերթական աշխույժ քննարկման փուլը: Սցենարը բավականին պարզ է, եւ քննարկումները խթանել են նախ Միքայել Մինասյանը՝ վարչապետին անվստահություն հայտնելու Իմ քայլին ուղղված կոչով, հետո Արթուր Վանեցյանը՝ հակաճգնաժամային ժամանակավոր կառավարություն ձեւավորելու մասին գրառումով:

Այդպիսով, լայնորեն քննարկվում է, որ նախկին իշխող համակարգը ծրագրում է խորհրդարանում անվստահություն հայտնել Նիկոլ Փաշինյանին եւ վերցնել իշխանությունը: Մի բան իհարկե դուրս է մնում քննարկումների լայնությունից, մի թերեւս նեղ հարց: Ինչու՞ է «հեղաշրջման» ծրագրի մասին հայտարարվում նախապես: Տրամաբանությունը, գուցե նաեւ պատմությունը հուշում են, որ որեւէ հեղաշրջման հաջողության գրավական դրա գաղտնիությունն է:

Ըստ այդմ, որտե՞ղ է տրամաբանությունը, որ հեղաշրջում ծրագրողները, սցենարը գծողները ազդարարում են թե մտադրությունը, թե սցենարը: Ինչու՞, ինչի՞ համար: Որ վարչապետ Փաշինյանը ձեռնարկի կանխարգելիչ քայլեր ու խափանի՞ հեղաշրջումը:

Կամ, մնում է ենթադրել, որ «հեղաշրջումն» արդեն եղել է, վարչապետը ոչինչ չի կարող կանխարգելել, եւ դրա համար էլ հանգիստ բարձրաձայնում են, քանի որ չի լինելու ոչ մի խանգարող:

Բայց այդ կանխավարկածը կարո՞ղ է լուրջ լինել: Հազիվ թե: Մյուս կողմից, որքանով է լուրջ քննարկել «մի հայտարարված հեղաշրջման քրոնիկա»: Ի վերջո, մենք ապրում ենք Հայաստանի Հանրապետությունում, ոչ թե «մարկեսյան ֆանտաստիկ իրականությունում»:

Այլ հարց, որ «հեղաշրջման» սցենարներ քննարկելն ու ռիսկ գուժելը կարող է լինել բավականին շահեկան հասարակական-քաղաքական զբաղմունք: Դա չի ենթադրում պատասխանատվություն: Եթե լինի, կասվի՝ տեսա՞ք, որ զգուշացնում էինք, իսկ վարչապետը «թավիշ, հա թավիշ»: Եթե չլինի, կասվի՝ «տեսաք, ինչպես զգուշացրեցինք եւ խափանեցինք, կանխեցինք»:

Եվ դա այն դեպքում, կրկնեմ, որ փաստացի ստացվում է, որ «հեղաշրջում ծրագրողներն» են նախապես զգուշացնում հանրությանը իրենց մտահղացման ու ծրագրի մասին:

Ըստ այդմ, Հայաստանում կամ արդեն գործ ունենք տեղի ունեցածի հետ, կամ պարզապես հասարակական-քաղաքական պսիխոզի, որին ենթարկվում է հանրությունը: Այն հանրությունը, որ երկու տարի առաջ կայացրել է որոշում եւ փոխել Հայաստանում իրավիճակը: Այն հանրությունը, որը հետագայում էլ ինքն է կայացնելու իրավիճակը այս կամ այն ուղղությամբ փոխելու կամ չփոխելու որոշում:

Հասարակության որոշումը չի լինում «հեղաշրջում»: Հասարակության որոշումը կամ ընտրությունն է, կամ հեղափոխությունը, բայց «հեղաշրջումը»՝ երբեք: Այլ հարց է, որ կան քաղաքական տարբեր խմբեր, որոնք փորձում են ազդել հասարակության որոշման վրա, կամ ձեւավորել նոր որոշում: Բայց քաղաքականությունը, որեւէ երկրի քաղաքական կյանք չի լինում այլ կերպ: Մնացյալն արդեն քաղաքական մտքի, կրեատիվի եւ գաղափարականության հարց է, թե ով ինչ բովանդակությամբ է փորձում ձեւավորել հանրային նոր որոշումներ:

Spread the love