Մի բան, որ պետք է տեղի ունենար խորհրդարանում, գոնե այսօր ընդհատելով «ռազբորկան»

- in Կեղտոտ լվացք

Հայաստանի խորհրդարանի «Իմ քայլը» մեծամասնությունն ու «Լուսավոր Հայաստանը» շարունակում են Հաղթանակի օրը՝ մայիսի 8-ին խորհրդարանում տեղի ունեցած կռվի շուրջ «ռազբորկան»:

Այդ ընթացքում, մայիսի 12-ին լրանում է Արցախի առաջին պատերազմի զինադադարի բիշքեկյան համաձայնագրի 26-ամյակը: Զինադադարը կնքվել է Երևանի, Ստեփանակերտի և Բաքվի ստորագրությամբ և, ըստ էության, միակ նշանակալի փաստաթուղթն է, որում ամրագրված է հակամարտության երեք կողմերի ստորագրություն: Հայաստանի Հանրապետության խորհրդարանի երեք խմբակցությունների համար, համենայնդեպս մինչև երեկո, բիշքեկյան ակտի քաղաքական տարեդարձ, կարծես թե, գոյություն չուներ: Խորհրդարանից անդրադարձ հնչել է միայն անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի մակարդակով, որը ֆեյսբուքյան գրառումով հիշեցրել էր մայիսի 12-ի մասին:

Բանն այն է, որ բիշքեկյան համաձայնագրի տարեդարձը գործնականում լոկ օրացուցային հանգամանք չէ: Առավել ևս ներկայիս աշխարհաքաղաքական շրջափուլում, երբ ավելի ու ավելի դինամիկ ընթացք են ստանում նոր աշխարհակարգի ձևավորմանը միտված գործընթացներն ու պետությունների միջև հարաբերությունները, բիշքեկյան համաձայնագիրը ստանում է ավելի մեծ քաղաքական նշանակություն: Որովհետև այդ համաձայնագիրը գործնականում առաջիններից մեկն է աշխարհում, որով դե ֆակտո արձանագրվել է այսպես ասած՝ Յալթայի կոնֆերանսի արդյունքում երկրորդ աշխարհամարտից հետո ձևավորված աշխարհակարգի ավարտը, և գործնականում նոր աշխարհակարգի հաստատման մեկնարկը: Այլ կերպ ասած, արցախյան առաջին պատերազմի հայկական հաղթանակն ու դրա շարունակություն բիշքեկյան համաձայնագիրը հայկական աղյուսն են նոր աշխարհակարգում, համաշխարհային առանցքային ռեգիոններից մեկի նոր սահմանների և ստատուս-քվոյի հաստատումով:

Ըստ այդմ, մայիսի 12-ը օրացուցային նիշ չէ, այլ քաղաքական իրողություն, որը ժամանակի մեջ ոչ միայն չի կորցրել արդիականությունը, այլ դարձել է առավել ևս արդիական և առավել ընդգրկուն իր նշանակությամբ: Դրանից զատ, բիշքեկյան հրադադարի հարցում կան տարակարծություններ հենց հայաստանյան հանրության շրջանում: Մի շարք խմբեր և շերտեր կարծում են, որ համաձայնագիրը պարտադրվել է Մոսկվայից և կասեցրել հայկական հաղթանակի ընդլայնումը: Անշուշտ, այդ հարցը կարող է լինել բանավեճի առարկա, ամենատարբեր նրբերանգներով: Մյուս կողմից, սակայն, հենց դա էլ ինքնին վկայում է քաղաքական իրողության կարևորությունն ու դրա շուրջ հայկական քաղաքական մտքի ծավալման անհրաժեշտությունը: Մի բան, որ պետք է տեղի ունենար խորհրդարանում, գոնե այսօր ընդհատելով «ռազբորկան»:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments