Մնում է իրար վրա փռշտալով կողմնակիցները համախմբվեն ու այդ ամենին քաղաքական ենթատեքստ տան

- in Վերլուծական

Կորոնավիրուսային համավարակի դեմ ապակենտրոն պայքարի անցնելու՝ իշխանությունների որոշումը հանրության շրջանում բուռն քննարկումների պատճառ դարձավ, ու դա միանգամայն կանխատեսելի էր։

Առավելեւս, որ վերջին շրջանում նոր վարակվածների օրական ցուցանիշներն առանձնապես չեն նվազում, առողջապահության նախարարն էլ չի բացառում հոռետեսական սցենարները։ Այսպես թե այնպես՝ որոշումը կայացված է, տնտեսությունը կամաց-կամաց կսկսի շնչել, սոցիալական լարվածությունն էլ փոքր-ինչ կթուլանա։ Թեեւ կա նաեւ «մեդալի հակառակ կողմը»՝ դա ենթադրում է ավելի մեծ պատասխանատվություն հասարակության յուրաքանչյուր անդամի համար, ինչն էլ ընդդիմախոսներին առիթ է տալիս հայտարարելու, թե տեսեք՝ կառավարությունը լվանում է ձեռքերը եւ պատասխանատվության ողջ բեռը թողնում է քաղաքացիների ուսերին։

Ի՞նչ է տեղի ունենում իրականում։ Հայաստանն անցնում է համաճարակի դեմ պայքարի երկրորդ փուլին, ընդորում՝ միայն մենք չենք, աշխարհի բոլոր երկրները կամ արդեն անցել են այդ փուլին, կամ առաջիկայում պատրաստվում են անցնել։ Առաջին փուլի էությունը հետեւյալն էր՝ փակել սահմանները, հնարավորինս մեկուսանալ արտաքին աշխարհից, մարդկանց ստիպել ինքնամեկուսանալ, մոբիլիզացնել բոլոր ներքին ռեսուրսները եւ այդ կերպ կանխել համավարակի տարածումը՝ մինչեւ  «ամեն ինչ կարգավորվի»: Ընդորում, աշխարհի ոչ մի երկրի չհաջողվեց այդ ճանապարհով խուսափել վարակի ներթափանցումից։ Հատուկ ընդգծում ենք՝ ոչ մի երկրի։ Որոշ երկրների հաջողվեց թուլացնել հարվածը, այլ երկրներ դա արեցին պակաս հաջողությամբ, բայց հարվածից խուսափել չհաջողվեց ոչ մեկին։ Ավելին՝ առաջին փուլի հիմնական նպատակը (կառավարությունները դա շատ արագ հասկացան) երկրորդ փուլին նախապատրաստվելու համար ժամանակ շահելն էր, այսինքն՝առաջին փուլը հնարավորինսերկարաձգելը, իսկ դա ուղղակիորեն կախված էր տվյալ երկրի ներքին ռեսուրսների ծավալից, որովհետեւ համընդհանուր կարանտինը կարելի է երկարաձգել այնքան ժամանակ, քանի դեռ պետությունն ի վիճակի է այդ պայմաններում բնակչությանն ապահովել անհրաժեշտ ամեն ինչով։

Հիմա՝ կոնկրետ Հայաստանի մասին։ Մեր երկիրն այսօր կորոնավիրուսային համաղետի տարածման ու հետեւանքների ծանրության առումով աշխարհում միջին դիրքերում է , թեեւ օբյեկտիվ իրողությունները հաշվի առնելով՝ պիտի շատ ավելի վատ վիճակում լիներ։

Ինչո՞ւ։ Որովհետեւ նախ՝ սահմանակից էինք կորոնավիրուսի նախնական տարածման երկրորդ օջախին (Իրանին), երկրորդ՝ որովհետեւ ներքին ռեսուրսները, հասկանալի պատճառներով, խիստ սահմանափակ են (ընդորում՝մենք չենք կարող օգտագործել բոլոր ռեսուրսները, որովհետեւ արտաքին սպառնալիքները միշտ են առկա, ու դրանց դիմակայելու համար նույնպես ռեզերվներ են պետք), երրորդ՝ որովհետեւ տնտեսությունն ու պարենային անվտանգությունը մեծապես կախված են արտաքին առեւտրաշրջանառությունից, եւ չորրորդ՝ (եկեք անկեղծ լինենք), հաստատ աշխարհի ամենակարգապահ ազգը չենք։

Հարց է ծագում՝ այս իրողությունների պայմաններում ընտրության ի՞նչ հնարավորություն ունեին ՀՀ իշխանությունները։ Տարբերակներն ընդամենը երկուսն էին։ Առաջին՝ խստացնել արտակարգ ռեժիմն ու կարանտինը, բառիս բուն իմաստով մահակներով ծեծել փողոցներում քայլող մարդկանց, փակել բոլոր ձեռնարկությունները, փորձել արտաքին աղբյուրներից միջոցներ հայթայթել՝ այդ ընթացքում բոլորի նվազագույն կարիքները հոգալու համար, թաղվել պարտքերի մեջ՝ չմտածելով, թե հետագայում ինչպես են փակվելու այդ պարտքերը, եւ այսպես շարունակ։ Երկրորդ՝ թուլացնել սահմանափակումները եւ ընդամենը պահանջել, որ մարդիկ դիմակներ կրեն, ժամանակին ախտահանեն ձեռքերն ու պահպանեն սոցիալական հեռավորություն, պարզ ասած՝ իրար վրա չփռշտան (համաձայնվեք՝ահավոր բարդ պայմաններ են)։

Փաստորեն կառավարությունն ընտրել է ամենաբարդ ճանապարհը։ Հետեւաբար՝ պետք չէ զարմանալ, եթե իրար վրա փռշտալու կողմնակիցները համախմբվեն ու այդ ամենին քաղաքական ենթատեքստ տալով՝ կենաց-մահու պայքար սկսեն իշխանությունների դեմ։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments