Մոսկվայում արդեն խոսում են, որ ԵՏՄ-ն կարող է փրկել միայն Թուրքիան

- in Միջազգային
Erdoghan Putin

Մայիսի 19-ին կայացել է ԵԱՏՄ երկրների ղեկավարների տեսակոնֆերանսը, որն ավարտվել է ֆիասկոյով: Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւի առաջարկով, «Մինչեւ 2025 թվականի եվրասիական տնտեսական ինտեգրացիայի զարգացման ռազմավարական ուղղությունների մասին» փաստաթուղթը չի ընդունվել եւ ուղարկվել է լրամշակման:

Ռազմավարությունը սահմանափակում է կառավարությունների ու խորհրդարանների սուվերեն իրավունքները, ասել է Տոկաեւը: Փաստորեն, Ղազախստանը դառնում է ԵԱՏՄ-ում Ռուսաստանի գլխավոր հակառակորդը, որը փորձում է «վերադարձնել» նախկին խորհրդային հանրապետությունները: Փոքր քայլերով դա գրեթե հաջողվել էր, բայց Մոսկվան հիմա հայտնվել է փակուղում:

Տոկաեւը կոչ է արել զգույշ մոտենալ ԵՏՀ լիազորությունների ընդլայնման հարցերին: «Առեւտրի ու ծառայությունների հարցերով անդամ երկրների ու երրորդ երկրների երկկողմ բանակցություններին հանձնաժողովին մասնակցության իրավունք տալը, իհարկե, պետք է լրացուցիչ ուսումնասիրվի», ասել է նա:

Նիստին եւս մեկ «միջադեպ» է տեղի ունեցել: Վլադիմիր Պուտինը մերժել է էներգակիրների շուկայում միասնական գնագոյացման մեխանիզմի մասին Հայաստանի ու Բելառուսի առաջարկը:

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ոչ խտրական սկզբունքներով գործող էներգակիրների միասնական շուկան պետք է դառնա ԵԱՏՄ ինտեգրացիայի հիմքերից մեկը: Փաշինյանը նշել է, որ առանց դրա անհնար է որակական առաջընթաց ինտեգրացիոն գործընթացներում:

Երեւանն ու Մինսկը չեն ընդունում գազի գնի գոյացման ԵԱՏՄ երկրների ընդհանուր բանաձեւը, ասել է Վլադիմիր Պուտինը: Այդ բանաձեւը, ի դեպ, առաջարկվել է ԵԱՏՄ զարացման ռազմավարության նախագծում:

Պուտինը կարծում է, որ գազի տարանցիկ փոխադրման միասնական սակագին կարող է լինել միայն միասնական բյուջեի ու հարկային համակարգի դեպքում: Պուտինի խոսքով, սակայն, այդպիսի խորն ինտեգրացիայի դեռևս չեն հասել: «Իսկ մինչ այդ գազի գները պետք է ձևավորվեն շուկայական հիմքերով, հաշվի առնվեն մատակարարների ծախսերն ու ներդրումները, ինչպես նաև ապահովեն շահույթի հիմնավորված նորմա», – ասել է Պուտինը:

Այլ խոսքով, Պուտինը խոստովանում է, որ ԵԱՏՄ էներգետիկ միության համար ինտեգրացիան շատ քիչ է, բայց քաղաքական հիերարխիայի համար լրիվ բավարար է: Տոկաեւի հայտարարությունը վկայում է, որ ԵԱՏՄ երկրները փոխում են քաղաքականությունը՝ ելնելով աշխարհում նոր իրավիճակից: Հայաստանն ու Բելառուսն ասում են, որ ԵԱՏՄ իմաստը չեն տեսնում, եթե չկան գազի միասնական գներ, իսկ Ղազախստանն ասում է, որ ոչ ոք իրավունք չունի սահմանափակել երկրների ինքնիշխանությունն ու ԵԱՏՄ երկրների անունից բանակցել երրորդ երկրների հետ:

Ի դեպ, Ղազախստանի նախագահը ողջունել է Ուզբեկստանի խորհրդարանի որոշումը ԵԱՏՄ դիտորդ երկիր դառնալու մասին:

Ռուսական լրատվամիջոցները գրում են, որ ԵԱՏՄ-ն կարող է «փրկել» միայն Թուրքիան: Ռուս վերլուծաբանները հաշվարկում են այդ քայլի հետեւանքները՝ ենթադրելով, որ առանց դրա ԵԱՏՄ-ն կարող է փլուզվել:

Եվրասիական կոչված ըստ էության պրոռուսական միավորումը, որպես այդպիսին, ըստ ամենայնի մոտենում է ավարտին:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments