Նավասարդ Կճոյանի «փրկագինը». ինչ կանի Տիգրան Սարգսյանը

Հայաստանի նախին վարչապետ Տիգրան Սարգսյանին կհրավիրեն ԱԱԾ հարցաքնության՝ օֆշորային հայտնի գործով, որով մի քանի շաբաթ առաջ մեղադրանք առաջադրվեց Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ Կճոյանին:

Խոսքը այն օֆշորի գործի մասին է, որը բռնկվեց 2014 թվականին մամուլի հրապարակումից: Այդ ժամանակ ուշադրությունը կենտրոնացած էր Տիգրան Սարգսյանի վրա, որը սակայն հերքում էր իր մասնակցությունն ու տեղյակությունը գործին: 2014 թվականին օֆշորային սկանդալը դարձավ Տիգրան Սարգսյանի դեմ ոչիշխանական բեւեռի քաղաքական զինանոցի զենքերից մեկը:

2014-ի ապրիլին Տիգրան Սարգսյանը պաշտոնանկ եղավ, այն բանից հետո, երբ ոչիշխանական բեվեռը հայտարարեց ապրիլի վերջից այդ պահանջով շուրջօրյա հանրահավաքներ սկսելու մասին: Սերժ Սարգսյանը փաստորեն կանխեց պահանջը, ըստ երեւույթին մտավախությամբ, որ այդ պահանջով շուրջօրյա հանրահավաքները կարող են դուրս գալ վերահսկողությունից եւ բերել իր պաշտոնանկության: Մյուս կողմից, Սարգսյանն այդպիսով արագացնելով զարգացումները, գործնականում արագացրեց նաեւ ոչիշխանական բեւեռի կազմաքանդման գործընթացը:

Օֆշորային սկանդալը զգալիորեն մարեց, ցույց տալով, որ դրա շուրջ աղմուկն ավելի շատ գեներացվել էր հենց քաղաքական նկատառումով, ինչն էլ վերացավ Տիգրան Սարգսյանի պաշտոնանկությամբ: Այդպիսով, հանրության զգալի մասի համար ի վերջո անորոշ մնաց, թե ինչ էր այդ գործը ներկայացնում իր ամբողջության մեջ:

Այժմ կա՞ հնարավորություն այդ ամենը հասկանալ եւ պարզել նոր իրավիճակում, թեեւ այստեղ էլ շատերն են նկատում քաղաքականություն: Միեւնույն ժամանակ, տրամաբանական է, որ Տիգրան Սարգսյանը պետք է հարցաքննվի, հաշվի առնելով նրա առնվազն անվան ներգրավվածությունը գործում:

Կգա՞ Տիգրան Սարգսյանը ԱԱԾ հարցերին պատասխանելու: Նա ներկայում Եվրասիական զարգացման բանկի կառավարման խորհրդի նախագահի տեղակալն է: Այդ պաշտոնին Սարգսյանը նշանակվեց 2020 թվականին, սպառելով ԵՏՄ հանձնաժողովի նախագահի ժամկետը: Այդ կապակցությամբ նրան պարգեւատրեց ՌԴ նախագահ Պուտինը:

Ի դեպ, հատկանշական է, որ Հայաստանը օրերս հայտարարեց Եվրասիական զարգացման բանկին հակաճգնաժամային մենաշնորհի համար դիմելու մասին: Հետաքրքիր է, կարո՞ղ է այդ հարցում որեւէ նշանակություն ունենալ բանկի փոխնախագահին հարցաքննության հրավիրելու հանգամանքը:

Միաժամանակ, ո՞րն է օգտակար լինելու մեղադրվող Նավասարդ Կճոյանի համար՝ Տիգրան Սարգսյանի գալը, թե չգալը: Սարգսյանը ժամանակին Արարատյան հայրապետական թեմի խորհրդի նախագահն էր:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments