Ռուսաստանի նախագահ Պուտինը փաստացի սահմանել է Հայաստանի համար գազային «խնամակալության» պայմանը՝ առավել սերտ ինտեգրում, ինչն այլ բան չէ, քան պարզապես ինքնիշխանությունից հրաժարման ռեժիմ:

Այդ պարագայում հարցը քննարկելն անգամ կնշանակի անվտանգության լուրջ սպառնալիք: Ըստ այդմ, անկասկած է, որ Հայաստանի էներգետիկ անվտանգության ու պետական զարգացման հեռանկարը պահանջում է նոր հեղափոխություն՝ էներգետիկ հեղափոխություն, որի շնորհիվ Հայաստանը կարող է դուրս գալ այնպիսի հարթություն, որտեղ պարբերաբար չի կանգնի գազային մահակից պաշտպանության խնդրի առաջ:

Բայց էներգետիկ հեղափոխությունը չի կարող լինել «մերժիր Պուտինին» տրամաբանության շուրջ: Այդ հեղափոխությունը պետք է լինի դիվերսիֆիկացված էներգետիկ համակարգի կառուցվածքի շուրջ, դրա վերաբերյալ պատկերացումների և ճանապարհային առարկայական քարտեզի շուրջ:

Հայաստանն ի զորո՞ւ է ինքնուրույն իրականացնել այդ հեղափոխությունը: Համենայնդեպս, պետք է սկսի ինքնուրույն՝ դրսևորելով ինքնիշխանության կամք, ինչը կարող է լինել կամքի ձևավորման խթան նաև էներգետիկ հեղափոխության պոտենցիալ գործընկերների մոտ, ինչպիսին կարող են լինել Իրանը և Թուրքմենստանը՝ որպես գազային այլընտրանք, և համաշխարհային տեխնոլոգիական առաջատարները՝ որպես վերականգնողական, այլընտրանքային էներգետիկայի ներդրումային աղբյուր: Թեև այդ իմաստով բոլորովին վերջերս տեղի էր ունեցել նաև հայ-իրանական շփում, որտեղ Թեհրանը հայտնել էր նաև էներգետիկ այդ ոլորտում հետաքրքրության և հնարավոր գործակցության մասին:

Գլխավորն անշուշտ այն առաջարկն է, որ ինքն իր և հետո գործընկերների համար պետք է ձևակերպի Հայաստանը: Ընդ որում, այդ առաջարկը պետք է ենթադրի թերևս որոշակի ռեգիոնալ ընդգրկում՝ առնվազն հեռանկարի իմաստով, չսահմանափակվելով լոկ հայաստանյան համակարգի կոնցեպտով, քանի որ ինքնին այդ համակարգը կենթադրի սահմանափակ հետաքրքրություն, եթե քաղաքական համատեքստի առումով չպարունակի ավելի լայն հեռանկար և ընդգրկում:

Հայաստանի էներգետիկ և, ըստ այդմ, տնտեսական ու պետական անվտանգության հեռանկարը չունի այլ լուծում, որը չի ենթադրում վճար ինքնիշխանությամբ:

Spread the love
  •   
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •