ԱԺ «Իմ  քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Սյունիքում տեղի ունեցած իրադարձություններին ու բողոքի ակցիային: Ըստ նրա՝ հանցագործություն կատարած անձինք բոլորը պետք է պատժվեն՝ անկախ նրանից որտեղ են աշխատում, համայնքի ղեկավար են, թե ոչ:

«Կատարվում էր հետևյալը՝ կատարվել է առևանգում, իմ կարծիքով՝ բանդա է գործել, ծանր հանցագործության փաստով Քննչական կոմիտեում քննվում է գործ, կատարվում են քննչական գործողություններ: Քննչական գործողությունների մաս են կազմել ձերբակալությունները: Եվ ձերբակալություններից հետո Կապանում հավաքվել են այդ ձերբակալվածների հարազատներն ու ընկերները և փորձում էին հայտնել իրենց կամքը, որ գործը պետք է քննվի Կապանում, Սյունիքում կամ չգիտեմ որտեղ, ինչը թույլատրելի չէ, քանի որ նախաքննական մարմինն է որոշում՝ որտեղ գործը պետք է քննվի և ինչպես, դրա համար կան օրենքներ»,- ասաց նա: Արմեն Խաչատրանի խոսքով՝ ոստիկանությունը գործել է բավական լավ ու օրենքի շրջանակներում:

 

«Ես ոստիկանության գործողություններն այս պահին գնահատում եմ իրավաչափ, որևէ արտառոց դեպք տեղի չի ունեցել: Եվ այսուհետ էլ այդպես է լինելու, գործելու են հստակ իրենց լիազորությունների սահմաններում և օրենքով սահմանված կարգով: Եվ ինչպիսի դժգոհություններ էլ ունենան ինչ-որ խմբավորումներ՝ ինչ-որ շահերով պայմանավորված, միևնույն է, դա որևէ կերպ չի կարող ազդել քրեական գործի տրամաբանության վրա: Եթե այդ տրամաբանությամբ գնանք, ամեն ձերբակալվածի հետևից հարազատները պետք է գան, հավաքվեն և որոշեն, թե որ գործը որտեղ պետք է քննվի և ինչպես: Ըստ իմ տեղեկությունների՝ այդտեղ շահերով պայմանավորված մարդիկ են հավաքվել, որպեսզի կարողանան ներազդել գործի քննության վրա»,- հավելեց նա:

Ինչ վերաբերում է ոստիկանների կողմից բերման ենթարկված անձանց նկատմամբ բռնություն կիրառելու տեղեկություններին՝ պատգամավորը նշեց, որ ոստիկանությունը բարեգործական հիմնարկ չէ: Ձերբակալության ժամանակ կիրառվում է համաչափ ուժ, համաչափ ուժի կիրառման դեպքում հնարավոր են որոշ քերծվածքներ, և դա նորմալ է: «Ամենանուրբ ձերբակալությունները, որ կատարվում են, դա ՀՀ ոստիկանությունում է, և դա նորմալ է, որ անձը կարող է դիմադրություն ցուցաբերել ու քերծվածքներ ստանալ: Այստեղ բռնություն չկա, դա համաչափ ուժի կիրառում է, ինչը ոստիկանությունը պարտավոր էր կիրառել»,- հավելեց Խաչատրյանը:

Spread the love