Շատ կարեւոր է դա հիշել. Հայաստանի հանդեպ ոտնձգության մեխանիզմը

- in Կեղտոտ լվացք

Գազի գնի շուրջ հայ-ռուսական քննարկումներն ու Պուտինի փաստացի մերժումը, որ հնչել է ԵՏՄ տեսավեհաժողովի ընթացքում, Հայաստանում առիթ են տվել հիշել նաեւ 2013 թվականի գազային խայտառակ պայմանագրի հարցը:

Դա անշուշտ կարեւոր հանգամանք է: Հայաստանը «կապված» է մի պայմանագրով, որը ոչ միայն գազային է, այլ խորքային առումով այն Հայաստանի ինքնիշխանությունը կաշկանդող պայմանագիր է:

Պայմանագիրը կնքվեց 2013 թվականի դեկտեմբերին, փաստացի եզրափակելով Հայաստանի նորագույն պատմության համար առանցքային նշանակություն ունեցած տարին: Այն սկսել էր 2013-ի նախագահի ընտրությամբ: Մինչ այդ Հայաստանում սկսել էր ձեւավորվել այսպես ասած ոչիշխանական բեuեռը՝ ՀԱԿ-ԲՀԿ գործակցության առանցքով: Սակայն, այդ բեւեռը հրաժարվեց մասնակցել 2013-ի նախագահի ընտրությանը, հմուտ հաշվարկի արդյունքում: Բանն այն է, որ մասնակցելու, ըստ այդմ ժողովրդական որոշակի կապիտալ հավաքելու դեպքում այդ կապիտալն արագորեն մսխվելու էր, ինչպես մսխվել է նախագահի ընտրությանը պաշտոնապես պարտված որեւէ թեկնածուի դեպքում: Մինչդեռ, ոչիշխանական բեւեռը չէր ստեղծվել 2013-ին իշխանության գալու համար: Այն իր դերը պետք է կատարեր քիչ ավելի ուշ:

Իսկ նախագահի ընտրությանը հանկարծ «կրակեց» Րաֆֆի Հովհաննիսյանը: Եթե ընտրության նախօրեին հանրապետությունում որեւէ մեկին հարցնեին, թե արդյոք Հովհաննիսյանը հաջորդ օրը կահավաքի մոտ 500 հազար ձայն, հազիվ թե որեւէ մեկը դա իրատեսական համարեր: Հետո իհարկե եղան այդ առնչությամբ տարբեր վարկածներ, սակայն ի վերջո ամեն ինչ հանգեց հայտարարության, թե գնում է «Մոսկվա Վլադիմիրովիչից հաղթանակ բերելու»: Հովհաննիսյանը բերեց հաղթանակ, բայց թերեւս Մոսկվայի հաղթանակը հայաստանյան քաղաքական դաշտի նկատմամբ, որտեղ փաստորեն տապալվեց իշխող ուժին հակակշիռ՝ եվրատլանտյան բեւեռ ձեւավորելու հեռանկարը:

Մինչդեռ դա անհրաժեշտ էր Հայաստանի հանդեպ ուժգնացող ու եվրասոցացման գործընթացը արգելակող ռուսական ճնշումը հակակշռելու համար: Րաֆֆի Հովհաննիսյանի «նախագահական կրակոցի» պարպումից հետո դաշտում գերակա մնաց ոչիշխանական բեւեռը, որը չմասնակցելով նախագահի ընտրությանը՝ ոչ միայն չպարպվեց, այլ հակառակը՝ ավելի ամրացրեց դիրքը՝ այն ռուսական կամ եվրասիառուսական դիրքը, որով բեւեռը պետք է կատարեր կարեւոր առաքելություն:

Այդ բեւեռը, որին հետո միացավ նաեւ Մոսկվայից հաղթանակ բերած Րաֆֆի Հովհաննիսյանի կուսակցությունը, Հայաստանում փաստացի ստանձնեց եվրասիառուսական ռազմա-քաղաքական նախագծերի հանրային լեգիտիմացման դերը, միաժամանակ նաեւ փակելով ռուսական պահանջների հանդեպ Սերժ Սարգսյանի ճանապարհը:

Որեւէ մեկի համար կասկած լինել չէր կարող, որ ռուսական պահանջներին հակադրվելու պարագայում՝ հանրային լեգիտիմությունից զուրկ Սերժ Սարգսյանը Հայաստանում կառավարած համակարգի շրջանակում ձեւավորված այդ երկրորդ բեւեռի միջոցով հեռացվելու էր իշխանությունից: Հետո արդեն իշխանության կարգավիճակում այդ ոչիշխանական բեւեռը իրագործելու էր այն, ինչը Ազատության հրապարակի հանրահավաքի հարթակից հայտարարել էր «անշրջելի», Հայաստանի ինքնիշխանության դեմ ոտնձգությունների դեմ ձայն բարձրացնողներին հռչակելով «մարգինալ»:

Այդպիսով, Հայաստանին պարտադրվեց Եվրասոցացումից ամոթալի շրջադարձը՝ ռուսական իշխանությանը հատկապես էական էր հենց դրա այդ ձեւը, ոչ միայն պարզապես շրջադարձը, իսկ հետո պարտադրվեց գազային պայմանագիրը՝ դարձյալ ոչիշխանական ընդդիմության գործնական աջակցությամբ: Այդ գործընթացի մահաբեր գագաթնակետը եղավ Հայաստանի դեմ ադրբեջանական ագրեսիան 2016 թվականի ապրիլին:

Գործընթացը հիշելը կարեւոր է, որովհետեւ Հայաստանի ինքնիշխանության հանդեպ ռուսական իշխանության նկրտումները ոչ միայն չեն վերացել, այլ, ինչպես վկայեց Պուտինի հայտարարությունը ԵՏՄ տեսակոնֆերանսում, դրանք կարող են թարմացվել: Ընդ որում, այստեղ թերեւս խնդիրն արդեն Պուտինն էլ չէ, որովհետեւ մեծ է հավանականությունը, որ Ռուսաստանում նա այժմ ավելի շատ խոսող գլուխ է, իսկ ռուսական իշխանության եւ ըստ այդմ քաղաքականության խնդիրը հայտնվել է բավական անկանխատեսելի մի փուլում, որը Հայաստանից պահանջում է զգոնություն:

Կգտնի՞ Մոսկվայում որեւէ մեկը այս անգամ էլ Հայաստանում որեւէ մեկին, որը կարող է լեգիտիմացնել Հայաստանի ինքնիշխանության հանդեպ հավակնություն եւ ոտնձգություն:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments