Շատ չէ՞ զենքը, որ գտնվում է տարատեսակ շրջանակների և խմբերի ձեռքին

- in Կարծիք
zenq

Երևանի թաղամասերից մեկում՝ Սարի թաղում նախօրեին կրակոցներ են հնչել, վիրավորվել է երիտասարդ, որը մեղադրյալ է քրեական գործով և ազատության մեջ է եղել գրավով: Կրակոցների մանրամասն շարժառիթները գուցե կապված են եղել դրա հետ, դա այս պահին, թերևս, այնքան էլ հետաքրքիր չէ:

Առանցքային է այլ բան: Հայաստանը դեռ շոկի մեջ է օրերս Գավառում տեղի ունեցած քրեական ռազբորկայից, դրա ծանր դրսևորումներից և հետևանքից:

Ընդ որում, առանց չափազանցության, թերևս, հնարավոր է այդ վիճակը գնահատել քրեա-քաղաքակրթական շոկ: Բայց եթե Գավառի իրադարձությունները խտացել էին որոշակի սահմանափակ ժամանակի և տարածության մեջ, ապա Հայաստանում ընդհանրապես քրեածին վիճակը, կապված հրազենի գործադրմամբ սպանությունների կամ սպանության փորձերի հետ, բավականին խնդրահարույց տպավորություն է թողնում վաղուց:

Մենք չենք ուզում այստեղ ժամանակը բաժանել հեղափոխությունից առաջ և հետո, թեև գուցե այստեղ կան դիտարկումներ անելու էական հիմքեր և, թերևս, տարբեր առիթներով կանդրադառնանք այդ խնդրին էլ, քանի որ դա ևս կարևոր է: Բայց ակնառու է, որ ներկայումս, ինչպես ասում են՝ այսօր, այստեղ, հիմա, կա խնդիր, և այդ խնդիրը դրսևորվում է լրահոսում պարբերաբար հայտնվող տեղեկություններով՝ կրակել են այստեղ, այնտեղ, այսինչի կամ այնինչի վրա, սպանել են կամ վիրավորել: Ասել, թե որևէ երկրում չեն կրակում, կլինի միամտություն, բայց այդքա՞ն: Այն էլ այս փոքր երկրում: Մոտ 3 միլիոն բնակչությամբ Հայաստանի համար զենքի գործադրմամբ հանցավորության վիճակագրությունը շատ չէ՞: Եվ շատ չէ՞ զենքը, որ գտնվում է տարատեսակ շրջանակների և խմբերի ձեռքին: Ընդհանրապես, Հայաստանում կա՞ մոտավոր պատկեր, վիճակագրություն, թե որքան է ապօրինի զենք-զինամթերքի տարածումը: Եվ նաև, իհարկե, օրինականը:

Մենք սովորաբար խոսում ենք այն մասին, որ խնդիր է ապօրինի զենքը: Բայց երբ երկրում չկա զենք ազատ գնելու, կրելու իրավունք, մեծ հաշվով, խնդիր է դառնում նաև օրինական զենք-զինամթերքը, որովհետև փաստացի ստացվում է, որ կա որոշակիորեն չհիմնավորված անհավասարություն, որը պակաս վտանգավոր չէ, քան սոցիալական անհավասարությունը, և անգամ նույնիսկ ավելի վտանգավոր՝ որովհետև մարդիկ անհավասար են միմյանց կյանքից զրկելու հնարավորության իմաստով: Պատկերը ունի երկու առանցքային խնդրահարույց ուղղություն: Մեկը ոստիկանության կանխարգելիչ-օպերատիվ աշխատանքի արդյունավետության հարցն է՝ առավելապես ապօրինի զենք-զինամթերքի հայտնաբերման, դրանով հանցավորության մտադրությունների իրագործումը կանխելու, մյուսը՝ ընդհանրապես Հայաստանի Հանրապետությունում զենք ունենալու, ձեռք բերելու, կրելու իրավունքի հարցը: Բանն այն է, որ զենքի առկայությունը՝ անօրինական, թե ապօրինի, մեծ հաշվով, իր խորքային ազդեցությունն է թողնում ոչ միայն քրեածին խմբերի միջև հարաբերության վրա, կամ հանրություն-քրեական տարրեր հարաբերության վրա: Զենքի առկայությունից բխող ներքին հոգեբանական վիճակը թելադրում է տվյալ խմբերին ու անձանց որոշակի հոգեբանություն ու վարքագիծ, որը հանում է հանրային միջավայրում վարքագծային բարոյական և մարդկային այլ սահմանափակումները տվյալ խմբերի համար, բերելով հասարակական հարաբերություններում շղթայական ռեակցիայի՝ բառի բուն և պատկերավոր իմաստով:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments