Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնհաժողովը կասկած ունի, որ շաքարավազի շուկայում խոշոր ընկերությունը փորձում է շուկայից դուրս մղել փոքր ընկերություններին, հարուցվել է վարույթ: Այս մասին այսօր Ազգային ժողովում լսումների ժամանակ ասաց ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը:

Նա ասաց, որ շաքարավազի շուկայում առաջին երկու տեղը զբաղեցնող տնտեսավարողների մասնաբաժինը 82 տոկոսից դարձել է 79, իսկ իրացման դաշտում՝ 98-ից՝ 96 տոկոս:

«Սակայն հետաքրքիր է գների դինամիկան՝ 335 դրամից շաքարավազը մի պահ դարձել էր 185 դրամ, այնուհետև կարգավորվեց մինչև 255 դրամ: Այստեղ ունենք հարուցված վարույթ՝ հակամրցակցային համաձայնության կամ դեմպինիգի հիմքով, որովհետև հանձնաժողովի համոզմունքն այն է, որ ՀՀ-ում դեկտեմբեր, հունվար և փետրվար ամիսներին 185 դրամով շաքար վաճառելը չի արտահայտում տնտեսությունում առկա իրավիճակը և միգուցե միտված է շուկա նոր մուտք գործած տնտեսավրողներին շուկայից հանելուն: Կամ էլ, մյուս տարբերակն այն է, որ շաքարի օգնությամբ սուպերմարկետները կարողանում են ներգրավել ավելի մեծ թվով հաճախորդներ և թեկուզ շաքարի շուկայում ունենալով փոքր զրոյական կամ մինուսային մարժա՝ մյուս ապրանքների ոլորտում ապրանքների իրացումների շնորհիվ կարողանում են ապահովել մեծ շահույթ: Այնինչ, կոնկրետ միայն շաքարի ոլորտում գործունեություն ծավալող փոքր սուբյոեկտներն իրենց չեն կարող թույլ տալ նման շքեղություն, և շուկայից դուրս են մղվում»,- ասաց Գեղամ Գևորգյանը:

Նա հավելեց, որ գների իջեցումը մինչև 255-260 դրամ նաև տնտեսական մրցակցության բարելավման արդյունք է:

Spread the love