ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ ամբողջությամբ խզում է հարաբերությունն ու կապը առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ:

Թրամփը հայտարարել է, որ ԱՀԿ չի ընդունել ռեֆորմացիայի առաջարկներն ու չի կատարել դրան ընդառաջ քայլեր: ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ-ն միջոցները կծախսի համաշխարհային առողջապահության նպատակով, փաստացի արձանագրելով, որ ԱՀԿ չի ծառայում այդ նպատակին:

Գործնականում, խոսքը կորոնավիրուսի քաղաքական խոշոր առաջին հետեւանքի մասին է: ԱՄՆ փաստորեն քանդում է առողջապահական միջազգային մեխանիզմը, որ կառուցված էր ԱՀԿ վրա: Նահանգները այդ կազմակերպության խոշորագույն դոնորն էր, որը հատկացրել է մոտ 400 միլիոն դոլար:

Կորոնավիրուսի համաշխարհային ճարակը ցույց տվեց, որ Թրամփը թերեւս իրավացի է: Համենայն դեպս, բարդ է ասել, թե ինչով էր զբաղված ԱՀԿ-ն, եթե աշխարհը ներկայում թե ճարակի, թե հոգեխանգարմունքի մեջ է տնտեսական, քաղաքական, մարդկային իմաստով: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն իր տարեկան միլիարդավոր դոլարներով պետք է աշխարհը ապահովագրեր համաճարակից, ինչը չի արել: Թրամփը ամիսներ առաջ հայտարարել էր, որ ԱՀԿ գործել է Չինաստանի հետ համաձայնեցված, կասկածելով, որ օգնել է Պեկինին թաքցնել աշխարհից կարեւոր տեղեկատվություն: Գործնականում ԱՀԿ-ն համավարակի մասսին խոսել է Չինաստանում վարակի հայտնաբերումից մոտ երկու ամիս անց միայն: Իսկ այդ ընթաքում էլ աչքի է ընկել հակասական եւ ավելի շփոթեցնող հայտարարություններով ու ռեկոմենդացիաներով:

Այդ կառույցի ղեկավարն ընդհանրապես բավականին սկանդալային է դեռ իր հայրենիքից՝ Եթովպիայից, որտեղ նա մեղադրվում է մարդու իրավունքների խախտման, կաշառառության, այլ ապօրինությունների եւ անգամ ցեղասպանության համար: Թեդրոս Գեբրեյեսուսը եղել է Եթովպիայի առողջապահության, հետո արտաքին գործերի նախարար: Նա բավական սկանդալների տեղիք է տվել նաեւ արդեն ԱՀԿ նախագահի պաշտոնում:

Նա կամ ԱՀ-ն դառնում են Թրամփի նախընտրական մարտավարության կամ ռազմավարության զո՞հ, թե՞ աշխարհն իսկապես ԱՀԿ միտումնավոր սխալի կամ ոչ կոմպետենտության հետեւանքի զոհն է:

Ո՞վ է հաջորդելու ԱՄՆ-ին, որ պետությունն է լքելու ԱՀԿ, թե՞ Թրամփը կմնա մենակ, իսկ գուցե ընտրվելուց հետո էլ կվերադառնա: Հնարավո՞ր է, որ աշխարհի ամերիկա-չինական բաժանման ակնառու գործընթացը ունենա այնպիսի դրսեւորում, երբ կձեւավորվեն այսպես ասած համաշխարհային առողջապահական տարբեր կազմակերպություններ՝ ԱՄՆ եւ Չինաստանի հովանու ներքո: Եվ արդյոք ԱՀԿ-ն այդ գործում կլինի միակը, թե՞ կդառնա ավելի լայն ընթացքի նախադեպ: