Ո՞վ է ուզում քաոս ստեղծել, եւ արտահերթ ընտրությունները կարո՞ղ են «քաոսը» կանխել

- in Ով ով է ...
AJ

Խորհրդարանում ծեծկռտուքի պատմությունը «տրանսֆորմացվեց» մանդատները վայր դնելու թեմային: Սասուն Միքայելյանի ու Էդմոն Մարուքյանի կռվից հետո խոսակցություններ սկսվեցին այն մասին, թե արդյոք պատգամավորները վայր կդնեն մանդատը:

Անգամ պնդումներ կային, որ եթե «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը վայր դնի մանդատները, Սահմանադրության համաձայն, նոր ընտրություններ պետք է նշանակվեն:

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն առաջարկել է կռվի մասնակիցներից երեքական մանդատ վայր դնել: Սասուն Միքայելյանը Մարուքյանին առաջարկել է վայր դնել մանդատը, «եթե տղա է»:

Մարուքյանը մայիսի 11-ի ուղիղ եթերում մերժել է այդ առաջարկը, ընդ որում, նրա խոսքից հասկանալի էր, որ ինչ-որ մեկը պնդում է, որ նա վայր դնի մանդատը: Էդմոն Մարուքյանը նշել է, որ Մակունցն ու Միքայելյանը մանդատի մասին խոսել են Նիկոլ Փաշինյանի խնդրանքով, որ հասնեն մանդատները վայր դնելուն: Մարուքյանը հարց է տվել, թե ինչու պետք է վայր դնեն մանդատները: «Չեք ստանա մանդատները, մենք բռնության զոհն ենք, իսկ դուք՝ հեղինակները», – ասել է Մարուքյանը:

Ինչպե՞ս կզարգանան իրադարձությունները: Նիկոլ Փաշինյանը Մարուքյանին ուղիղ մեղադրել է այլ՝ արտախորհրդարանական ուժերի օրակարգն առաջ տանելու մեջ:

Միքայելյանն ասել է, որ կողմնակիցներին, որդիներին կոչ է անում զուսպ մնալ: «Նրանք ուզում են քաոս ստեղծել երկրում, նրանց դրդում են տարբեր ուժեր, մի գնացեք դրան», – ասել է Սասուն Միքայելյանը:

Ո՞վ է ուզում քաոս ստեղծել, եւ արտահերթ ընտրությունները կարո՞ղ են «քաոսը» կանխել, եթե ԼՀԿ-ին, այնուամենայնիվ, համոզեն վայր դնել մանդատները: Էդմոն Մարուքյանը, հավանաբար, գիտի, որ իրադարձությունների հետագա ընթացքը շատ առումներով կախված է իրենից: Ի՞նչ դեր նա կստանձնի:

Հայաստանին իրոք չէր խանգարի «վերագործարկումը» կորոնավիրուսային ընդմիջումից հետո: Տնտեսությունը փորձում է զբոսաշրջության փոխարեն այլ առաջնահերթություններ գտնել, քաղաքականությունում մի քանի ցավոտ կետեր կան, որոնք ցանկացած պահի սպառնում են բացված վերք դառնալ, օրինակ, մարտի 1-ի գործը:

Հնարավոր է, պատահական չէր, որ խորհրդարանի միջադեպը տեղի է ունեցել Քոչարյանի գործով դատականի նիստի օրը: Դատարանի ցանկացած որոշում կարող էր հանրային արձագանք առաջացնել, եւ դատավորը որոշել է մի քանի օր հետաձգել վճռի հրապարակումը: Բայց վաղը, միեւնույն է, հարկ է լինելու հրապարակել որոշումը, եւ իշխանությունը պետք է պատրաստ լինի տարբեր խմբերի արձագանքին:

Բացի այդ, նախագահը ստորագրել է անօրինական սեփականության բռնագանձման մասին օրենքը, եւ հիմա բոլորն սպասում են, թե կիրառումն ումից է սկսվելու:

Մեկ այլ թեմա վեթինգն է: Փաշինյանն արդարադատության նախարարից հետաքրքրվել է՝ արդյոք կարելի է կարգապահական վարույթ հարուցել 2012 թվականի դեպքով: Նախարարը նշել է, որ հետադարձ ուժ չի կիրառվում: Նա փաստացի ասել է, որ վեթինգն անհնար է:

Ավարտին է մոտենում ապերիլյան պատերազմը քննող խորհրդարանական հանձնաժողովի աշխատանքը, եւ Էդվարդ Նալբանդյանին ու Յուրի Խաչատուրովին նիստին հրավիրելը վկայում է, որ հանձնաժողովը կարող է «հասնել» նաեւ Մոսկվային, որտեղ Հայաստանից շատերը պահում են իրենց բարեկեցության բանալին:

Մի խոսքով, նման իրավիճակում խորհդարանի ցրումն ու նոր ընտրությունների նշանակումն այնքան էլ անիրական չի թվում, որքան նախկինում: Այս ամենով հանդերձ, Փաշինյանը պետք է լուծի, թերեւս, գլխավոր խնդիրը, որը ձեւակերպել է մշակութային մարդաբան Աղասի Թադեւոսյանը: Ինչի՞ վրա է կառուցվելու իշխանության վարկանիշը: Նրա խոսքով, եթե վարկանիշը կառուցվելու է ամենաանգիտակից զանգվածի վրա, ամենացածր զգայականությամբ առաջնորդվող հարտվածի վրա, ապա դա հեղափոխության վերջն է: Շեմը բարձրացնելու ժամանակն է:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments