Ո՞վ թեժացրեց ներքաղաքական մթնոլորը, որպեսզի Քոչարյանը մնա կալանքի տակ

- in Պնակալեզներ

Դատարանը մայիսի 13-ի վճռով մերժեց Հայաստանի և Արցախի նախկին վարչապետների երաշխավորությունը Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխության վերաբերյալ:

Այդ երաշխավորությունը ներկայացրել էին Հայաստանի նախկին վարչապետներ Կարեն Կարապետյանը, Վազգեն Մանուկյանն ու Խոսրով Հարությունյանը, և Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը: Նախկին վարչապետների միջնորդությունը, խոշոր հաշվով, իրականացվում էր երկու հատկանշական ֆոնային ուղեկցությամբ՝ կորոնավիրուս և Հայաստանի ներքաղաքական կյանքում նոր ու նախկին իշխանությունների պայքարի թեժացում, հռետորաբանության կոշտացում: Կորոնավիրուսը, այսպես ասած, դիտվում էր «հօգուտ» խափանման միջոցի փոփոխության, քանի որ այդ վարակի համար խոցելի է դիտվում 65-ն անց տարիքային խումբը, որի շարքում է նաև երկրորդ նախագահը: Առավել ևս, որ նա կարծես թե ունի որոշակի այլ առողջական խնդիրներ, ինչը կարող է դիտարկվել ուղեկցող հիվանդություն և ավելի վտանգ ներկայացնել:

Դատարանը, սակայն, մերժեց այդ փաստարկները, կամ այդ ֆոնը դատարանի համար չխաղաց երաշխավորության այլ փաստարկները դիտարկելու գործում էական դեր: Թերևս այն պատճառով, որ առավել մեծ դեր խաղաց ներքաղաքական իրադրության թեժացումը՝ նախկին և նոր իշխանության համատեքստում, որը ծավալվեց հատկապես Վատիկանում նախկին դեսպան Միքայել Մինասյանի ակտիվացումով: Ըստ էության, այդ ակտիվացումն ու դրա բերումով ներքաղաքական հռետորաբանության թեժացումը գրեթե բացառելի դարձրին Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխության որևէ տեսական հավանականություն անգամ, քանի որ այդ թեժ հռետորաբանության կամ դիմակայության շրջանակում այդպիսի որոշումը ուղղակի կդիտվեր նոր իշխանության լիակատար կապիտուլյացիա՝ թողնելով բավականին հակասական և անկանխատեսելի քաղաքական հետևանքի հնարավորություն:

Այլ կերպ ասած, ներքաղաքական թեժ դիմակայության և հռետորաբանության պայմաններում Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի անփոփոխությունը քաղաքական ղեկավարության համար դարձել էր «քաղաքական պատվի հարց»: Ո՞վ էր դարձրել, դա, թերևս, շատ հետաքրքիր հարց է, որի տարբեր ասպեկտներին անդրադարձել ենք մեր հրապարակումներում և դեռ կանդրադառնանք: Իհարկե, հնարավոր չէ ասել, որ հակառակ պարագայում կար երկրորդ նախագահի առնչությամբ դատական այլ վճռի իրական հնարավորություն, գործոններն, ի վերջո, բազմազան են, սակայն անկասկած է, որ եթե փոքր և տեսական հնարավորություն անգամ կար, ներքաղաքական թեժացումը, որ գործնականում խթանեց նախկին իշխանության թևերից մեկը, ուղղակի փակեց այդ հնարավորությունը:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments