ԱԱԾ նախկին պետի հայտարարությունը հաջորդել է Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանի հայտարարությանը, որում նա «Իմ քայլին» կոչ էր անում անվստահություն հայտնել վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ընտրել նոր վարչապետ՝ նշելով, որ «Իմ քայլում» կան այդ կարգավիճակի այլ պատրաստված թեկնածուներ, և մեծամասնության պատգամավորները գիտեն այդ մասին:

Այս կոնտեքստում ուշագրավ է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի արձագանքը, այսինքն՝ կեսկատակ առաջարկը քաղաքացիներին՝ ընտրել, թե ով կլինի Վանեցյանի հակաճգնաժամային կառավարության առողջապահության նախարարը՝ «Նեմեց Ռուբո», «Վստրեչի ապեր», թե «Փուչիկ Կարեն»:

Ինչո՞ւ է Արթուր Վանեցյանի գրառումն այդպես հուզել առողջապահության նախարարին, որ նա համաճարակային լուրջ իրավիճակում որոշել է ժամանակ տրամադրել Արթուր Վանեցյանի գրառմանը անլուրջ պատասխանի համար:

Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի կարծիքով՝ անվերահսկելի ու քաոսային իրավիճակ է առողջապահական համակարգում, իշխանությունը շփոթված է: «Դրանով է պայմանավորված այն հանգամանքը, որ իրար հակասող հայտարարություններ են անում, խելքին մոտ որևէ մեթոդոլոգիա չի առաջարկվում, ճգնաժամային իրավիճակ է առողջապահական համակարգում։ Ու դրանից ածանցյալ է սոցիալ-տնտեսական ծանրագույն իրավիճակը։ Ու այս անվերահսկելի իրավիճակը, իշխանության կողմից բավականին թույլ կառավարելու փաստը թույլ են տալիս ընդդիմադիր տարբեր շրջանակների ոչ միայն ակտիվանալ, այլ նաև օրակարգային դարձնել այսօրվա իշխանությունների փոփոխման հարցը։ Մեկն առաջարկում է, որ դրանք իրականացվեն իշխանության ռեսուրսներով, իշխանության ներսում, փոխեն վարչապետին։ Որևէ մեկը դեռևս կասկածի տակ չի դնում քաղաքական ընտրությունների արդյունքները, ասում են՝ մենեջմենթի թիմը փոխեք։ Իսկ Վանեցյանը, նաև մի քանի այլ քաղաքական ուժեր այլ բան են ասում՝ հակաճգնաժամային կառավարություն ստեղծեք։ Իրավիճակն այնպիսին է, որ նման քաղաքական օրակարգերն ավելանում են, քանի որ իսկապես ակնհայտ է, որ երկրում իրավիճակը թույլ վերահսկելի է, որոշ ոլորտներում՝ նույնիսկ քաոսային»,- ասաց նա։

Հակոբյանը չի բացառում, որ իշխանության թիմում կարող են լուրջ ճաքեր առաջանալ. «Դա պայմանավորված է նրանով, որ վարչապետ Փաշինյանի ազդեցությունը, վարկանիշը թե՛ երկրում և թե՛ թիմում անսասան չէ։ Նման պայմաններում բնականաբար նաև թիմի մեջ են որոշակի կասկածներ ու անվստահության մթնոլորտ առաջանում՝ արդյոք պետք չե՞ն ռադիկալ փոփոխություններ հենց թիմի ներսում, որպեսզի պահպանվի իշխանությունը»։

Միևնույն ժամանակ Վիգեն Հակոբյանը վստահ չէ, որ այս պահին Վանեցյանը կամ Միքայել Մինասյանն այն գործիչներն են, ում հետևից լայն զանգվածներ կգնան։ Ըստ էության նրանք էլ այդ հարցը չեն դնում այժմ. «Չեմ կարող այդպիսի բան ասել, որովհետև դեռևս քաղաքական այդ ֆազան, որպեսզի որևէ մեկն ուղղակի լիդերի ամբիցիաներ դրսևորի, այսինքն՝ հայտարարի, որ առաջարկում է, որ իր հետևից գնան, այդպիսի ամբիցիաներ որևէ մեկը չի դրել։ Մի շարք ընդդիմադիր շրջանակներ, որոնք նույնիսկ իրար հակասող են, թեև պատմականորեն, երբեմն նաև աշխարհաքաղաքական իրենց նախասիրությունների առումով ունեն սկզբունքային տարաձայնություններ, բայց երբեք էլ չեմ բացառել նաև, որ տակտիկական խնդիրների լուծման համար կարող են լինել ընդհանրություններ ու ժամանակավոր բլոկներ։ Միքայել Մինասյանն ասում է՝ իշխանություն, դու ինքդ քո ղեկավար կազմի մեջ փոփոխություն արա, Վանեցյանի ասածը այլ է՝ առաջարկում է հակաճգնաժամային կառավարություն։ Դրա մեջ պետք է լինեն այլ քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, մասնագետներ։ Որքանով ես եմ հասկանում՝ հակաճգնաժամային կառավարությունը ոչ միայն քաղաքական կոնգլոմերատ է, այլև մասնագետներից բաղկացած խումբ, որովհետև իրավիճակն այնպիսին է, որ պետք են նաև օպերատիվ հարցեր լուծել»։

Քաղտեխնոլոգը կարծում է, որ այն թիմը, որը զբաղվել է պանդեմիկ ճգնաժամով, և առաջին հերթին առողջապահության պատասխանատուները սպառել են իրենց հնարավորությունը. «Իրենք ունեցել են մեթոդոլոգիա, ինչ-որ բանով զբաղվել են, ինչ-որ բան արել են, բայց, համենայնդեպս, արդյունք չի տվել։ Նույնիսկ ցանկացած բիզնեսում երբ ինչ-որ խումբ տապալվում է, փոխվում է կամ ուժեղացվում։ Հիմա ինչքան ուզում ես այդ թիմին ժամանակ տուր՝ միևնույն է, իրենք իրենց գլխից վերև չեն կարող թռնել։ Վանեցյանն ու Մինասյանը, իմ կարծիքով, տարբեր բաներ են ասում, բայց այսօր դեռ որևէ մեկը չի ասում՝ ես եմ լինելու այդ առաջնորդը։ Իրավիճակն այնքան արագ է փոխվում, որ հանրության տրամադրությունները կարող են կտրուկ փոխվել, ու հանրությունն ինքը ման գա մարդկանց, որոնք կգան ու իրավիճակն այս փոսից կհանեն։ Տենդենցը դրան նման է»։

Spread the love