Ոգեւորող փոփոխություններ Ագրարային համալսարանում. ինչ սպասել հաջորդիվ

- in Կրթություն

Փոփոխությունները, որ վերջին մեկ տարում տեղի են ունենում Հայաստանի ազգային ագրարային համալսարանում, իրավամբ հեղափոխական են:

Անցում բակալավրիատի 4-ամյա կրթության՝ մեկ աշխատանքային կիսամյակով, ուսումնական պլանների արմատական փոփոխություն, մասնագիտությունների օպտիմալացում, աշխատավարձերի բարձրացում: Զուգահեռաբար՝ բարձր տեխնոլոգիական մոտեցումների ու գործիքների արմատավորում Հայաստանի գյուղատնտեսության եւ ագրոբիզնեսի ոլորտների զարգացման համար առանցքային կարեւորություն ունեցող նախագծերի իրականացման, ֆերմերների վերապատրաստման գործում։

Միաժամանակ՝ հարաբերությունների զարգացում միջազգային ասպարեզում. արտերկրի բուհերի հետ համագործակցության 13 նորհուշագրի կնքում, եվրոպական համալսարանների շուրջ չորս տասնյակ դասախոսների կողմից Ագրարային համալսարանում դասախոսությունների անցկացում, համալսարանի շուրջ 160 դասախոսների եւ ուսանողների վերապատրաստում «դրսում»: Վայհենշտեֆան-Թրիսդորֆի կիրառական գիտությունների համալսարանի հետ համատեղ Ագրարային մենեջմենթ մագիստրոսական ծրագրի իրականացում, որի շրջանակում 2019-ին ստորագրվել է կրկնակի դիպլոմ տալու վերաբերյալ հուշագիր։ Այս տարի էլ կրկնակի դիպլոմ առաջարկելու վերաբերյալ համաձայնագիր կկնքվի գինեգործության եւ գինու բիզնեսի գծով բարձրագույն կրթության միջազգային առաջատար Գայզենհայմի համալսարանի հետ: Իսկ 2020-2021 ուստարում Վիեննայի Բնական ռեսուրսների եւ բնական գիտությունների համալսարանի (BOKU) հետ ՀԱԱՀ-ում կմեկնարկի «Օրգանական գյուղատնտեսություն» նորարարական մագիստրոսական ծրագիրը:

Համալսարանի Ոսկեհատի ուսումնափորձնական տնտեսությունում գործարկվել է գինեգործարանըեւ Գինու ուսումնագիտական կենտրոնը: Ի դեպ, Ագրարայինի ուսանողների անմիջական մասնակցությամբ արտադրված գինու առաջին 100 շիշը նվիրվել է Երեւանի պետական համալսարանին՝ հիմնադրման 100-ամյա հոբելյանի առթիվ։ Շահագործվում է Շեն ՀԿ-ի կողմից ՀԱԱՀ-ին նվիրաբերած 6,2 հա տարածքով Օրգանական գյուղատնտեսության ուսումնափորձնական կենտրոնը: Հիմնվել է երկրում առաջին Ագրոտեխնոլոգիաների ինկուբատորը: 2020-ին, որը համալսարանի հիմնադրման 90-ամյակի տարին է, կմեկնարկի Հայաստանում մրգերի արտադրության ոլորտի զարգացման «ՖՐՈՒԹԵՆԻԱ» մեգանախագիծը, որի նպատակն է բուհի ագրոնոմիական մասնագիտությունների ուսումնական պլանների արդիականացումը՝ ներառելով պտղաբուծության զարգացման արդիական մոտեցումներ ու հայեցակարգեր:

Ստեղծվել են ընդհանուր քիմիայի երկու արդիական լաբորատորիաներ, ավարտին է մոտեցել «խելացի» ջերմատան շինարարությունը, ավարտվել են ՀԱԱՀ-ի գնահատման եւ թեստավորման կենտրոնի վերակառուցումըեւ շուրջ 100 համակարգիչներով համալրումը։ Շուտով իր դռները կբացի Հողային եւ ջրային ռեսուրսների կառավարման հետազոտական նոր կենտրոնը։ Մեկնարկել են անասնաբուժական եզակի տարածաշրջանային կրթագիտական գերազանցության կենտրոնի ստեղծման աշխատանքները եւ այսպես շարունակ «արտերկրի գործընկերների եւ պետական աջակցությամբ իրականացվող նախագծերի թվարկումը կարող է հաճելի «ձանձրույթ» պատճառել։

Առաջընթացի նման տեմպի պարագայումեւս մեկ-երկու տարի եւհամալսարանը կարող է միջազգային չափանիշներով բավականին լուրջ հավակնություններ դրսեւորել: Սա ամենեւին չափազանցություն չէ, եւ Ագրարային համալսարանի վերջին մեկ-մեկուկես տարվա «անցուդարձին» ծանոթ յուրաքանչյուր մեկը կարող է հավաստել։

Թվարկված եւ չթվարկված նախագծերը հաջողության մի ընդհանուր պատմություն են կերտում ոչ միայն Ագրարային համալսարանի, այլեւ առհասարակ հայաստանյան բարձրագույն կրթության համակարգի համար։ Ամենամեծ հաջողությունը, սակայն, մտածելակերպի փոփոխությունն է համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի եւ ուսանողության շրջանում։ Մեզ թույլ տանք փաստարկել, որ արժեքների հեղափոխությունը, որի մասին այդքան երկար խոսել եւ խոսում են մեր իրականության մեջ՝ Ագրարային համալսարանում իրողություն է։ Այստեղ վճռական տեմպերով արմատավորվում է դասավանդման եւ ուսումնառության ուսանողակենտրոն միջավայր, որտեղ այլեւս տեղ չկա ձեւական մոտեցումների, անիմաստ ժամավաճառության, բուհական կոռուպցիայի համար։

Մեկ այլ փաստ է Ագրարային համալսարանի վարկանիշի կտրուկ բարձրացումը․այդ մասին է վկայում, մասնավորապես,այս համալսարանի հետ գործակցային հարաբերություններ հաստատել ցանկացող հայաստանյան եւ արտերկրի կազմակերպությունների աննախադեպ թիվը։ Ավարտված, ընթացիկ ու ապագա համատեղ նախագծերից շատերը անմիջականորեն միտված են մեր երկրում գյուղատնտեսության ոլորտի տեխնոլոգիական ապագայի կերտմանը։

Այստեղ արժեւորվում են ստեղծագործ մոտեցումը, աշխատասիրությունը, նախաձեռնողականությունը, եւ մարդիկ՝ ուսանող թե դասախոս, գիտաշխատող թե «թիկունքն» ապահովող ուսումնաօժանդակ ստորաբաժանումների աշխատակից, ձգտում են դառնալ համալսարանի հաջողության պատմության մի մասը։ Ընդ որում շատերին վիճակված էր ջանք գործադրել սկզբնական շրջանի բարդություններն ու բարդույթները հաղթահարելու համար՝ թե´ սեփական պարտականությունների հանդեպ իրենց վերաբերմունքի, թե´թիմի ներսում նոր որակի փոխհարաբերությունների կառուցման եւ թե´ գյուղատնտեսության կարեւագույն ոլորտը հիմնափոխելու գործում սեփական ներդրումը գիտակցելու իմաստով։

Ագրարային համալսարանի հաջողությունները արձանագրելը տողերիս հեղինակի համար սոսկ հաճելի «զբաղմունք» կարող էր լինել այն պարզ պատճառով, որ ես այս համալսարանի շրջանավարտ եմ, սակայն լրագրողական կենսագրությունս, մյուս կողմից, երբեք թույլ չի տվել եւ թույլ չի տա դույզն ինչ կորցնել մասնագիտական անաչառությունը։ Ըստ այդմ, վստահ եմ եւ իհարկե ուրախ եմ, որ ագրարայինի հաջողությունները դեռ կխոսեն իրենց մասին։ Նույն այդ անաչառության դիրքերից խոսելով, կուզենայի շեշտել, որ այդ հաջողություններում անձնական մեծ ներդրում ունի ռեկտոր Վարդան Ուռուտյանը, որն այդ պաշտոնում աշխատում է միայն մեկ տարի եւ չորս ամիս։ Ուռուտյանը կրթության ոլորտի այն փոքրաթիվ գործիչներից է, որ մասնագիտական գիտելիքները, մարդկային որակները եւ միջազգային հեղինակությունը հաջողությամբ զուգակցում է գործնական հմտությունների եւ թիմ կառուցելու ու թիմի հետ աշխատելու, ռազմավարական ու մարտավարական նպատակներն իրագործելու կարողության հետ։

Ասվածով հանդերձ,Ագրարային համալսարանի առաքելության կարեւորագույն մասերից մեկն այն է, որ իր բարձրակարգ մասնագետների միջոցովաշխարհի գիտական նորարարություններն ու զարգացումները ֆիլտրի, մեր երկրի պահանջներին համապատասխան վերամշակի իր համակարգում գործող գիտահետազոտական հաստատություններում եւ տեղայնացնի մեր երկրի գյուղատնտեսության ու առհասարակ տնտեսության մեջ: Այս առումով էլ, անշուշտ, վերջին տարում որոշակի տեղաշարժ գրանցվել է, ընդ որում, դարձյալ՝ գլխավորապես համալսարանի ղեկավարության «սահմանադրած» նոր մոտեցումների եւ ջանքերի շնորհիվ։

Սակայն ժամանակակից գյուղատնտեսությունը առավել գիտատար ոլորտներից է, որն իր հերթին նշանակում է՝ առավել ծախսատարներից։ Ուստի շատ կարեւոր է, որ համալսարանը կարողանա նաեւ լուրջ միջոցներ հայթայթել իր ենթակայությամբ գործող գյուղատնտեսական գիտահետազոտական հաստատություններն ըստ արժանվույն ֆինանսավորելու ու այսօրվա պահանջներին համահունչ գիտական արդյունք ստեղծելու, ստանալու համար։ Իսկ մարդկային որակյալ կապիտալի խնդիր համալսարանը չունի. այստեղ է կենտրոնացած երկրի գյուղատնտեսական գիտական միտքը։

Մասնագիտական-փորձագիտական շրջանակներում գյուղատնտեսական կրթության, գիտության եւ խորհրդատվության եռամիասնական զարգացումը գնալով ավելի ու ավելի են առնչակցում Ագրարային համալսարանին։ Եվ սա ոչ թե զարգացած գյուղատնտեսություն ունեցող երկրների փորձը մեքենայաբար կրկնելու նորաձեւական դրսեւորում է, այլ՝ մեր երկրի տնտեսության զարգացման հրամայականի խորը ընկալում։

Ըստ մասնագետների, համալսարանի կառուցվածքում պետք է ստեղծել գյուղատնտեսության խորհրդատվական համակարգ, որպեսզի համալսարանը հնարավորություն ունենա աշխարհում, մեր երկրում եւ հենց համալսարանի ներսում  արարվող նորարարություններնառանց միջանկյալ օղակների, ուղղակիորեն, միանգամից հասցնել գյուղ ու գյուղացուն: Այլ խոսքով, անհրաժեշտ է գիտասփյուռ-խորհրդատվական ամբողջ համակարգը, այն է՝ նախկինում ՀԱԱՀ-ի դեպարտամենտի կարգավիճակով գործած Ագրոգիտասփյուռ համակարգը, ինչպես նաեւ գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնների (ԳԱՄԿ-երի) համակարգը կամ վերջիններիս համարժեք նորօրյա կառույցները ներառել համալսարանի կառուցվածք։

Այդ դեպքում իրոք կունենանք երկրի տնտեսության այսօրվա պահանջներին համաքայլ շարժվող եւ, որ շատ կարեւոր է, ոլորտում պահանջ ձեւավորող համալսարան: Հուսանք, որ մոտ ապագայում կլինենք այս իրողության ականատեսը։

Աշոտ Խաչատրյան; լրագրող, ֆերմեր

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments