Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանը շփոթվեց և կառավարության այսօրվա վարչապետ Նիկոլ Փաշինյանին «հարգելի դատարան» ձևակերպմամբ դիմեց:

Կառավարությունը քննարկում էր «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին հավանություն տալու և անհետաձգելի համարելու մասին հարցը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցը զեկուցող Ռաֆիկ Գրիգորյանից հետաքրքվեց. «Եթե դատարանը որոշում է, որ սխալ են արել, երբ մարդու շինարարությունը կանգնեցրել են, այդ մարդու վնասներն ո՞վ է փոխհատուցում, կա հիմա նման պրակտիկա: Մարդը 10 մլն դոլար վարկ է վերցրել, շինարարություն է սկսել: Կողքի մի տաղավարի սեփականատեր, որի տարեկան շրջանառությունը ենթադրենք 500 հազար դրամ է, տարածքի արժեքն էլ ենթադրենք 100 հազար դոլար, դատի է տալիս, և դատավարությունը 5 տարի տևում է: Այդ ընթացքում այդ վարկառուն, ում շինարարությունը կասեցվել է, ստիպված է վարկը սպասարկել: Վերջում դատարանը որոշում է, որ ճիշտ է շինարարությունը, ամեն ինչ նորմալ է, իսկ տաղավարի սեփականատիրոջ հայցը անհիմն է, այդ 10 մլն դոլար վարկ վերցրած քաղաքացու վնասը որևէ մեկը փոխհատուցո՞ւմ է»,- հարցրեց վարչապետը:

«Ոչ, հարգելի դատարան»,- արձագանքեց փոխնախարար Ռաֆիկ Գրիգորյանը: Նրա պատասխանն առաջացրեց կառավարության նիստի մասնակիցների ու վարչապետի ծիծաղը:

Spread the love