Կենտրոնական բանկը կոշտ հայտարարություն է տարածել արդեն մի քանի օր բանկի դիմաց բողոքի ակցիայի առնչությամբ, որ իրականացնում են մի խումբ քաղաքացիներ՝ հայտարարելով բանկերի եւ վարկային կազմակերպությունների դեմ արշավի մասին:

Նրանք հղում են անում հանրության սոցիալական ծանր վիճակին: ԿԲ-ն, դատապարտելով մանիպուլյատիվ գործողությունները, հայտարարել է, որ Հայաստանի բանկային համակարգը կայուն է եւ իրականացնում է իր գործառույթները:

Թեման արդիականացավ կորոնավիրուսի ճգնաժամի հետեւանքով, առաջ բերելով վարկային արձակուրդի գաղափարը: Միաժամանակ, կառավարությունն այդ ընթացքում հայտարարել է մի քանի հարյուր հազար քաղաքացու համար վարկի մարման արտոնյալ ռեժիմների մասին, որ ապահովել են բանկերը:

Խնդիրն ընդհանուր առմամբ առնչվում է պետության համար կարեւորագույն համակարգի՝ ֆինանսական համակարգին, որը կոլապսի ենթարկելը հղի է ազգային անվտանգության սպառնալիքով: Միաժամանակ, այդ հանգամանքն առնչվում է նաեւ հանրության սոցիալ-հոգեբանական վիճակին: Դա եւս ազգային անվտանգության հարց է:

Մի հարցը մյուսի հաշվին լուծելը բերելու է երկուստեք լուրջ խնդիրների: Սոցիալ-հոգեբանական պաստառների կամ վանկարկումների ներքո ֆինանսական համակարգի փլուզման ռիսկ առաջացնելը կամ սադրելը որեւէ կերպ չի լուծելու սոցիալական խնդիրները, այլ խորացնելու է դրանք եւ ընդլայնելու է խնդիր ունեցող քաղաքացիների շարքերը, բերելով տնտեսության շղթայական փլուզումների:

Կասկած չկա, որ կարող են լինել Հայաստանի հանդեպ այդպիսի նպատակ ունեցող ուժեր, թե ներսում, թե արտերկրում: Տվյալ պարագայում կա՞ այդ ուժերի ներգրավում, թե ոչ, դժվար է ասել, եւ եթե խնդիրը ունի մեծ ռիսկայնություն, ապա այդ ներգրավվածությունը պետք է ստուգի իրավապահ համակարգը:

Յուրաքանչյուր քաղաքացի, քաղաքացիների յուրաքանչյուր խումբ ունի բողոքի իրավունք, այդ բողոքը բարձրաձայնելու իրավունք: Բայց ոչ ոք չունի պետության անվտանգության հետ խաղի իրավունք, որովհետեւ այդ խաղը խաղալու պարագայում, որպես հետեւանք հնարավոր «քաոսի» ուժով ինքնաբերաբար չեղարկվելու են քաղաքացիների բոլոր իրավունքները:

Ոստիկանության ծառայողի օրինական պահանջներին չեթարկվելու համար Կենտրոնական բանկի մոտից Ոստիկանության կենտրոնական բաժին բերման ենթարկված երկու քաղաքացիները ազատ են արձակվել։ Այս մասին ասացին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից։

Ոստիկանության բաժնից դուրս գալուց հետո ակցիայի կազմակերպիչներից Մանուել Մանուկյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ հետագա գործողությունների մասին կհայտնի մայիսի 12-ի երեկոյան «Ֆեյսբուք»-ի իր էջից ուղիղ եթերի ժամանակ։

Նա նշել է, որ բանկային համակարգը պետք է բերվի այն մակարդակի, որ ծառայի հասարակ քաղաքացիներին։

Անդրադառնալով ՀՀ ԿԲ առջև կազմակերպվող բողոքի ակցիային՝  ՀԲՄ հորդորում է քաղաքացիներին չենթարկվել մի խումբ անձանց կողմից կազմակերպված և ֆինանսական հաստատությունների դեմ ուղղված ճնշումներին։

Հարկ ենք համարում մեկ անգամ ևս փաստել, որ երկրում հայտարարված արտակարգ դրության  պայմաններում բանկային համակարգն առաջիններից էր, որ արձագանքեց և համապատասխան քայլեր ձեռնարկեց բանկի հաճախորդ ֆիզիկական և իրավաբանական անձանց աջակցելու նպատակով։

Ըստ այդմ, վերջին տվյալների  համաձայն, Հայաստանում բանկերն ու վարկային կազմակերպությունները արտակարգ դրության պայմաններում վարկային արձակուրդ են տրամադրել 472 հազար ֆիզիկական անձանց և 15 հազար իրավաբանական անձանց:

Բացի այդ, առևտրային բանկերը ներգրավված են նաև ՀՀ կառավարության կողմից իրականացվող հակաճգնաժամային ծրագրերում և օժանդակում են կառավարության կողմից տրամադրվող միջոցների հասանելիության ապահովմանը

Այս ամենին զուգահեռ, բանկերի կողմից արվում է առավելագույնը ինչպես վարկառու հաճախորդներին աջակցելու՝ ստեղծված իրավիճակով պայմանավորված ֆինանսական դժվարությունները միասին հաղթահարելու, այնպես էլ բանկի ավանդատուների պատշաճ սպասարկումն ապահովելու նպատակով։

Անդրադառնալով կազմակերպվող ակցիային՝ հարկ ենք համարում մեկ անգամ ևս տեղեկացնել, որ Վարկատու և վարկառու սուբյեկտների  հարաբերությունները ֆիքսված են պայմանագրերով և կարգավորվում են ՀՀ օրենսդրությամբ:

Ըստ այդմ, միանալով ԿԲ կոչին, մեկ անգամ ևս հորդորում ենք բոլորին ցուցաբերել զսպվածություն, արտակարգ դրության ընթացքում չփորձել խաղալ հասարակական տրամադրությունների և սպասումների հետ: Ֆինանսական համակարգի անկայունություն հրահրելը հղի է բազմաթիվ հետևանքներով, որոնք ստիպված կլինեն հաղթահարել մեր երկրի բոլոր քաղաքացիները։