Ով այս անգամ կտա հարձակման հրամանը

- in Կարծիք
paterazm

Մայիսի 18-22-ին Ադրբեջանում լայնամասշտաբ օպերատիվ-մարտավարական զորավարժություններ են տեղի ունենալու: Հայաստանի Պաշտպանության նախարարությունն այս առթիվ հայտարարություն է տարածել՝ հիշեցնելով, որ զորավարժությունները հարձակողական բնույթ են կրում:

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունում նշվում է, որ զորավարժություններով նախատեսված է ընտրված ուղղություններով զորքի կիրառում, հրթիռային զորքերի ու հրետանու, ավիացիայի, բարձր ճշգրտության միջոցների կիրառում հակառակորդի զորքերի օպերատիվ դասավորության ողջ խորությամբ:

Այս հայտարարությունը տարածվել է ադրբեջանցի պաշտոնյաների հաճախակի դարձած հայտարարությունների ֆոնին, որ Բաքվի համբերությունը վերջանում է եւ պատրաստ է «վերականգնել տարածքային ամբողջականությունը»:

Ադրբեջանը զուգահեռ սկսել է գնդակոծել Տավուշի մարզի գյուղերը: Ադրբեջանի քայլերում կարելի է զուգահեռներ տեսնել 2016 թվականի հետ, երբ Բաքուն չէր թաքցնում ռազմական արկածախնդրության նախապատրաստությունը, բայց միջազգային հանրությունն ու անգամ Հայաստանի ղեկավարությունը լուրջ չէին ընդունում այդ մտադրությունները:

Իրավիճակը 2016 թվականի մարտին ու հիմա շատ առումներով նման են՝ այն ժամանակ, ինչպես հիմա, նավթի գինը զգալի նվազել էր, երկրում Ալիեւի դիրքերը խարխլվել էին, Ռուսաստանն ու Թուրքիան առճակատման մեջ էին Սիրիայում, Հայաստանի ղեկավարությունը հրաժարվում էր միակողմանի զիջումներից: Բացի այդ, ավելի իրական էր դառնում սահմանին մոնիտորինգի միջազգային մեխանիզմների ներդրման հեռանկարը:

2016 թվականի հունվարի սկզբին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարցերով հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսի նախաձեռնությամբ կազմակերպվել է քննարկում ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման մասին: Ավելի վաղ Էդ Ռոյսն ու կոնգրեսական Էլիոթ Էնգելը նամակ էին գրել Պետդեպարտամենտ, որում առաջարկել էին մոնիտորինգի մեխանիզմներ ներդնել: Նամակը ստորագրել էր 80 կոնգրեսական:

Դրանից հետո Ալիեւն սկսեց հայտարարել, որ համբերությունը վերջանում է եւ միաժամանակ փորձում էր հող նախապատրաստել, եթե հաջողվեր ռազմական սադրանք իրականացնել: Մասնավորապես, հունվարի 26-ին ԵԽԽՎ-ում երկու հակահայկական բանաձեւերի հարցով քվեարկություն տեղի ունեցավ, եւ բանաձեւերից մեկն ընդունվեց: Այն վերաբերում էր Սարսանգի ջրամբարի նկատմամբ Ադրբեջան իրավունքներին:

2016 թվականի փետրվարին Ալիեւը մեկնել էր Թեհրան ու Իրանի հետ ստորագրել Իրանի ու Արցախի սահմանին գտնվող Խուդաֆերինի ՀԷԿ-ի համատեղ օգտագործման համաձայնագիրը:

Դատելով այն բանից, որ 2016 թվականի ապրիլին ռազմական գործողությունները հենց հյուսիսում ու հարավում էին, Ալիեւը նախապես փորձում էր «ամրագրել» Սարսանգի ու Խուդաֆերինի նկատմամբ իրավունքը:

2016 թվականին Բաքուն չկարողացավ հասնել դրան, փոխարենը սահմանին զսպման մեխանիզմների ներդրման հարցն ավելի արդիական դարձավ, եւ միայն Ռուսաստանի օգնությամբ Ադրբեջանը կարողացավ խուսափել դրանից:

Ադրբեջանը նորից ակտիվացել է ու սպառնում է հարցը ռազմական ճանապարհով լուծել: Ալիեւի համար վիճակը հիմա ավելի վատ է, քան 2016 թվականին, եւ այդ են վկայում զտումները միջկլանային պայքարի շրջանակում, Ալիեւի վարկանիշի ու Ադրբեջանի պահուստների նվազումը:

Հայաստանի Պաշտպանության նախարարությունը ԵԱՀԿ ուշադրությունն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ Ադրբեջանում սպասվող լայնամասշտաբային զորավարժություններն անցնում են առանց նախապես տեղեկացնելու: «Միաժամանակ տեղեկացնում ենք, որ զորավարժությունների ընթացքում Հայաստանի հետ պետական սահմանին կամ Արցախի հետ շփման գծին ռազմական տեխնիկայի և կենդանի ուժի ցանկացած մոտեցման փորձ կդիտվի որպես սադրանք և կունենա համապատասխան հետևանքներ», – նշված է Հայաստանի ՊՆ հայտարարությունում։

2016 թվականի մարտի 24-ին ռազմաօդային ուժերի ադրբեջանա-թուրքական վարժանք էր անցկացվել: Մարտին ամսին դիվերսիաներ էին տեղի ունենում: Մարտի 25-26-ին սահմանին ինտենսիվ հրաձգություն էր, ամեն օր վիրավորներ ու զոհեր կային երկու կողմերում:

Համեմատությունը, իհարկե, չի նշանակում, որ Ադրբեջանը ներկայում կարող է սկսել իրական ռազմական գործողություններ: Դրա համար պետք են նաեւ արտաքին «երաշխիքներ», ինչպես 2016-ին: Բաքուն կարող է «համբերության ավարտի» իմիտացիա անել, որ ճնշում գործադրի Հայաստանի վրա ու ստիպի ընդունել «Լավրովի պլանը» կամ էլ խանգարի զսպման միջազգային մեխանիզմների ներդրմանը: Հայաստանն ու միջազգային հանրությունը չպետք է մոռանան 4 տարի առաջվա պատմությունը:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments