Ռուսաստանցի հայտնի բժիշկ, մանկաբույժ Կոմարովսկին նշում է, որ տեւական կարանտինը բավականին լուրջ առողջական եւ առողջապահական խնդիրներ կարող է առաջացնել հանրությունների, մարդկանց համար:

Նրա խոսքով, տեւական կարանտինը նախ երկարաձգում է վարակի դեմ բնական իմունային պատնեշի ձեւավորումը: Մինչդեռ, ըստ նրա, հենց այդ միջոցով է դադարելու համաճարակը: Միաժամանակ, Կոմարովսկին նշում է, որ կարանտինը ձգել է մի շարք այլ վարակների դեմ մանկական պատվաստումները, ինչը հետագայում կարող է բերել այլ խնդիրների եւ համընդհանուր դիմադրունակության անկման:

Կորոնավիրուսի համաճարակի դեմ համաշխարհային կարանտինային պայքարի առողջական արատավոր հետեւանքի մասին խոսում են շատ մասնագետներ: Ընդ որում, խոսքը ոչ միայն ֆիզիկական, այլ նաեւ հոգեբանական հետեւանքի մասին է: Անգամ չաաբաստիկ Առողջապահության համաշխարհային կազմակերպության հոգեկան առողջության դեպարտամենտի ղեկավարն էր ՄԱԿ ներկայացված զեկույցում նշել, որ մեկուսացումը առաջացնելու է հոգեկան առողջության հետ կապված խնդիրների կտրուկ աճ: Դրան ավելանալու են այն խնդիրները, որ իր հետ բերելու է համաշխարհային տնտեսության կանգնեցման սոցիալ-հոգեբանական հետեւանքը:

Տարբեր հեղինակավոր մասնագետներ կասկած են հայտնում կորոնավիրուսի դեմ պայքարի համաշխարհային ընտրված մարտավարության կամ մեթոդի համարժեքության, այլընտրանք չունենալու կապակցությամբ, թեեւ այդ մասնագետների ձայնը համաշխարհային տեղեկատվական հարթակում այնքան էլ տարածված չէ:

Ակնառու է, որ պանդեմիան եւ ինֆոդեմիան աշխարհում քայլել են զուգահեռ, կամ գուցե ճիշտ կլինի ասել՝ ինֆոդեմիան եղել է մեկ քայլ առաջ: Դրա հետեւանքն է եղել եւ այն, որ վարակի աստիճանի, վտանգավորության, մահաբերության վերաբերյալ հարցադրումները, այլընտրանքային կարծիքները «կապարակնքվել» են «դավադրապաշտություն» ընդհանուր բնորոշումով:

Ով կասկածի տակ է դրել առկա իրավիճակում ընտրված մոտեցումների համարժեքությունը, ինֆոդեմիան սկսել է կասկածել նրա «ողջախոհությանը»: Ընդ որում, խոսքը ոչ թե վարակի առկայությունը կասկածի տակ դնելու մասին է, այլ դրա վտանգավորության եւ առավել եւս մահաբերության գնահատականը, ու ըստ այդմ ձեւավորված գնահատականի հիմքով ընտրված պայքարի համընդհանուր մեթոդաբանությունը:

Երկրներ, որոնք եղել են այդ մեթոդաբանությունից հրաժարվող բացառություն, կամ չեն ներառվել ինֆոդեմիայի տրենդային ալիք, կամ նույնպես հայտնվել են ինֆոդեմիայի կասկածի թիրախում:

Այդ ամենի տակ ակնհայտորեն լուծվել եւ լուծվում են թե երկրների ներքին քաղաքական, տնտեսական, թե լայն աշխարհքաղաքական հարցեր: Փաստացի, դրանք լուծվում են մարդկության համար ֆիզիկական եւ հոգեբանական առողջության խնդիրներ ստեղծելու հաշվին:

Կլինի՞ դրա համար պատասխան տվող որեւէ մեկը՝ մարդ, մարդիկ կամ կազմակերպություն: Իհարկե, պատասխանից հազիվ թե փոխվի այն հետեւանքը, որ ունենալու, կամ արդեն ունեցել է մարդկությանը հոգեխանգարմունքի հասցնելով փրկելու հնարամտությունը:

Spread the love