Չի լինելու 2016 թվականի ապրիլյան պատերազմի կրկնություն, չի լինելու 1991-94-ը

- in Կարծիք, Պաշտոնական
paterazm

2019 թվականի ընթացքում Ղարաբաղյան հակամարտության մասով բավական ծավալուն աշխատանք է իրականացվել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ներգրավմամբ:

Այս մասին Ազգային ժողովում պատգամավորների հարցին ի պատասխան ասաց արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ անդրադառնալով Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի վերջին հայտարարություններին:

«Մենք անցյալ տարի կարծես բավական ծավալուն անդրադարձ կատարել ենք սկզբունքներին: Դրանք են եղել մեր հիմնական քննարկման առարկան: Մենք դեկտեմբերին ունեինք նախարարական հանդիպում Բրատիսլավայում, որտեղ մեզ համար անընդունելի էր, երբ Ադրբեջանն իր դիրքորոշումը ներկայացնում էր այդպես: Եվ դուք հիշում եք իմ հայտարարությունը, որը շատ հստակ ամրագրում է այն մոտեցումները, որի մասին մենք խոսել ենք տարբեր ձևաչափերով, խոսել ենք անընդմեջ, և դա համապարփակ արտահայտվել է նաև Բրատիսլավայի ելույթում: Մենք միշտ խոսել ենք նաև այն մասին, որ հարցը հիմնվում է փոխզիջման սկզբունքի վրա: Չի կարող որևէ մեկը սպասել, որ Հայաստանը որևէ քայլ կատարի, որը համադրելի չէ, որը ենթադրում է զիջում, որը վնասում է մեր ազգային անվտանգությունը»,- ասաց Մնացականյանը:

Նրա խոսքով՝ այն, ինչ ասում է հայկական կողմը, ավելի քան հստակ է և ավելի քան ուղղորդում է մեր ներգրավումը բանակցային գործընթացին: Մնացականյանը հիշեցրեց, որ Լավրովի հայտարարությանն անդրադարձել էր դրանից ժամեր անց:

«Դրանից հետո եղել են Հայաստանի ու Ռուսաստանի ԱԳՆ խոսնակների մակարդակով մեկնաբանություններ, և ես կարծում եմ՝ այդ առումով մենք էլ բան չունենք խոսելու: Կարիք չկա էլ ավելի սկսել փորփրել: Հնարավոր է էլի բացել ու քննարկել՝ թե այսպես ասաց, այնպես ասաց, բայց եղան մեկնաբանություններ: Եվ մենք շարունակում ենք մեր աշխատանքը՝ առանց էլ ավելի կրքերը բորբոքելու: Եթե դուք հարցնում եք, որ մեր դիրքորոշումներն ու մոտեցումներն ամբողջին բոլորն ընդունել են և երջանիկ են այդ առիթով, այդ ժամանակ հարցը վաղուց լուծված կլիներ:

Գործընթացն իրապես բարդ է, բայց այդ գործընթացի մեջ սկզբունքները, որոնք մենք հստակեցրել ու դրել ենք, հաշվի չառնել այդ ամենը անհնար է: Այսօրվա կարողությունը մեզ հնարավորություն է տվել շարունակել աշխատել էական սկզբունքների շուրջ՝ համադրելով դրանք մյուս հանգամանքների հետ: Եվ ամենակարևորը, շատ հստակ որևէ կերպ թույլ չտալ անվտանգության համակարգի որևէ խախտում, որի մեջ ստատուսի հարցը կարևորագույն գերակա անվտանգային գործիքներից մեկն է: Մենք այդ տրամաբանությունը արտահայտել ենք բազմաթիվ անգամ»,- ասաց Մնացականյանը:

Նա նաև անդրադարձավ Հայաստանի ներսում ներքաղաքական նպատակով հարցի շուրջ տարբեր մեկնաբանություններին ու շահարկումներին, որոնք արվում են ընդդիմադիր թևից: Ասաց՝ այսօր Հայաստանի անվտանգության կարևոր հարցն օգտագործվում է ներքին քաղաքականության մեջ: «Առաջինը, մենք կտրականապես ժխտել ենք սպառնալիքի գործոնը բանակցային գործընթացում: Սա պատասխանն է ձեր հարցի, թե ի՞նչ մեկնաբանություն է արել Պաշտպանության նախարարությունը այս մասով: Սա մենք բոլորս ընդունո՞ւմ ենք, թե չենք ընդունում: Եթե մենք ընդունում ենք, որ այս սպառնալիքն այնքան է, որ մենք պետք է գնանք զիջման, մեր կառավարությունը նման ազդակ չունի: Շատ հստակ բան է՝ սպառնալիքի լեզուն ժխտված է, բանակցային լեզուն ընդունված է:

Այդ բանակցությունների մեջ ներառված են այն սկզբունքները, որոնց նորից կարող եմ անդրադառնալ, եթե ուզում եք: Բայց խոսել ենք այնքան շատ, որ առավել քան պարզ է: Ես որևէ կերպ չեմ ներգրավվելու ինչ-որ մրցակցության մեջ, թե ով է ավելի շատ հայրենասեր, ով՝ քիչ: Եվ երբ մենք ներգրավված ենք բանակցություններում, առավել քան լուրջ ենք այն հարցերի շուրջ, որոնք Հայաստանի համար գերակայություն են: Ղարաբաղի ժողովրդի անվտանգությունը մենք բերել ենք առաջ՝ որպես կարևորագույն խնդիր, Հայաստանը եղել ու մնում է միակ երաշխավորը, սպառնալիքի լեզուն ժխտված է, ստատուսի և անվտանգության հարցերի շուրջ յուրաքանչյուր քննարկում հիմնված է մեկ կարևոր սկզբունքի վրա՝ դիրքորոշումների այնպիսի համադրություն, որտեղ մենք հիմա կամ ավելի երկար ժամականակի համար խստագույնս պահպանում ու ամրապնդում  ենք այն, ինչ առաջնային է: Եվ այն, ինչ այսօր գոյություն ունի իրականում, անվտանգային համակարգ է: Մեր դիրքերը շատ ավելի ամուր են, ես ինձ շատ հանգիստ եմ զգում այդ առումով, որովհետև ընդհանուր առմամբ մեր հասարակության մեջ կա կոնսենսուս այս ամենի շուրջ, որն էլ ավելի է ամրապնդում մեր դիրքերը՝ կոնսենսուս ու ներքին ուժ»,- հավելեց նա:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments