Պարզաբանում Ռուսաստանից. կյանքի ու մահվան խաղ համաճարակի վրա

- in Հասարակություն
Peskov

ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը, որը վարակվել էր կորոնավիրուսով, պարզաբանել է Ռուսաստանում հիվանդացության բարձր ցուցանիշի պայմաններում մահացության ցածր ցուցանիշը:

Ամերիկյան CNBC հեռուստաալիքին Պեսկովը հայտնել է, որ Ռուսաստանում մահերի ցուցանիշը ցածր է, որովհետեւ կատարվում է մահվան դեպքերի հերձում եւ հստակեցվում են մահվան պատճառները, տարբերակում դրանք՝ կորոնավիրուսն է պատճառը, թե ոչ:

Ռուսաստանի նախագահի խոսնակի պարզաբանման անհրաժեշտությունն առաջացել է այն բանից հետո, երբ արեւմտյան մամուլում գրվեց, որ Ռուսաստանի իշխանությունը թաքցնում է մահվան ցուցանիշը եւ այն պաշտոնական տվյալից բարձր է մոտ 70 տոկոսով: Պեսկովը հայտնել է, որ Ռուսաստանի իշխանությունը ոչինչ չի թաքցնում:

Վիճակագրության առնչությամբ աշխարհում կա մեծ անորոշություն, առնվազն այն օբյեկտիվ հիմքով, որ հնարավոր չէ սահմանել կորոնավիրուսի վարակի սկիզբը եւ հաշվել ամբողջ շրջանակը, քանի որ դեպքերի մի զգալի մաս անցնում է առանց ախտանիշ, իսկ թեստավորումները համատարած չեն որեւէ երկրում:

Ավելանու՞մ է այդ օբյեկտիվ անորոշությանը նաեւ սուբյեկտիվը, դժվար է ասել, սակայն ՌԴ նախագահի խոսնակը խոսում է մի խնդրի մասին, որը դարձել էր քննարկվող աղմկոտ հարցերից մեկը՝ հերձե՞լ մահացողներին, թե ոչ: Հայաստանում օրինակ հարցը բերվեց խորհրդարան եւ հերձելն արգելվեց: Ընդ որում, նման ռեկոմենդացիայի աղբյուր դիտվում էր գերմանական Կոխի անվան ինստիտուտը, թեեւ հետո կարծես թե ինստիտուտը կասկածի տակ էր դրել իր իսկ ռեկոմենդացիան:

Բոլոր դեպքերում, հայտնի է, որ շատ երկրներում հերձում չի իրականացվում, այդ թվում Հայաստանում: Հղում է արվում անվտանգությանը: Մինչդեռ, մասնագետների մի զգալի մասը հարցնում է, թե ինչպե՞ս է ախտորոշվելու մարդու մահվան պատճառը, եթե նա չի հերձվում: Ըստ այդմ, արդյոք չի բարձրանում հավանականությունը, որ մարդը կարող է կորոնավիրուսով վարակված լինել, սակայն նրա մահվան պատճառ բոլորովին այլ հիվանդություն լինի: Եվ պատասխան չկա հարցին, թե կորոնավիրուսի վարակի առկայությունը նպաստե՞լ է արագացմանը, թե՞ տվյալ հիվանդությունը կարող էր զարգանալ ու մահվան պատճառ դառնալ նաեւ առանց վարակի:

Մինչդեռ, մահվան հանգամանքների հարցում անորոշությունը իր հետքն է թողնում համաշխարհային մամուլում մահաբեր վիճակագրության, ըստ այդմ նաեւ ինֆոդեմիայի ճնշող երեւույթի տեսքով, լղոզելով պատկերն ու որեւէ կերպ թույլ չտալով ստանալ վարակի մասին հնարավորինս ամբողջական եւ ճշգրիտ պատկերացում: Ինչ որ մեկը խանգարու՞մ է դրան, թե՞ խոսքը աշխարհի շփոթմունքն ու անպատրաստությունն է:

Համենայն դեպս տարօրինակ է, որ ամենաանպատրաստ եւ անորոշ վիճակում է մի կազմակերպություն, որը տարեկան միլիարդավոր դոլարներ է ստանում պետություններից հենց ամենապատրաստ կառույցը լինելու համար՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը: Կառույց, որը վարակի առաջին իսկ օրից հակասական հայտարարություններով եւ վարքագծով համաշխարհային հանրությանն ավելի շուտ մատնում է անորոշության, քան օգնում կառավարել իրավիճակը:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments