Պետք է զերծ մնալ Վրաստանի հետ փոխադարձ իրավիճակները գնահատելուց կամ համեմատելուց

- in Հասարակություն

Վրաստանի հիվանդությունների վերահսկողության կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն հայտարարել է, որ երկրում ավելի քան 48 հազար թեստ է արվել՝ կորոնավիրուսի հիվանդների հայտնաբերման համար, այդ թվում՝ արագ թեստեր:

Նրա հայտարարությունը համընկել է Հայաստանում առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին ուղղված հարցին, որ տվել է Հանրային խորհրդի նախագահը, և որին առողջապահության նախարարը պատասխանել է՝ հարցեր հնչեցնելով, թե Վրաստանի ավելի բարվոք տվյալները կարո՞ղ են արդյոք պայմանավորված լինել մեթոդաբանության տարբերություններով: Միաժամանակ նախարարը հայտարարել է, թե արդյոք Վրաստանում նույն պատկերը կմնա՞ սահմանը բացելուց և զբոսաշրջիկներ ընդունելուց հետո:

Ինչպես հայտնի է, Վրաստանում կա 700-ից քիչ ավելի վարակակիր և մոտ երկու տասնյակ մահ: Իհարկե, պետք է արձանագրել, որ վարակակիրների և մահերի վիճակագրությամբ Վրաստանում մահվան տոկոսները փոքր-ինչ ավելի են, քան Հայաստանում: Բայց Հայաստանում անհամեմատ բարձր է վարակակիրների թիվը, և դա էլ բարձրացնում է հիվանդանոցների ծանրաբեռնվածության ռիսկը: Վիճակագրությունը առաջ է բերել Վրաստանի հետ համեմատության գայթակղություն: Ավելի լա՞վ է կառավարել հարևան երկիրը համաճարակը, թե՞ ավելի վատ: Համենայնդեպս, թեստավորման թիվը նույնն է: Բայց ամբողջ հարցն այն է, որ համավարակի իրավիճակի կառավարումը լոկ թեստավորման թվերը չեն, այլ կան բազմաթիվ այլ գործոններ, որոնք իհարկե, այսպես ասած, ռազմական կամ պետական գաղտնիք չեն, սակայն անշուշտ պարունակում են բազմաթիվ նրբերանգներ, որոնք հասու են բացառապես այդ երկրների կառավարություններին:

Կա անշուշտ փաստ՝ Հայաստանում և Վրաստանում վիճակագրությունը, բայց մեծ հաշվով՝ կորոնավիրուսի առումով վիճակագրությունը խիստ սուբյեկտիվ փաստ է ամենուրեք: Հետևաբար պետք է թերևս վերջ տալ Հայաստանում իրավիճակի վերաբերյալ գնահատականներ կամ հարցեր ձևավորելիս համեմատությունը թե՛ Վրաստանի, թե՛ որևէ այլ երկրի հետ: Իսկ եթե պետական պաշտոնյաներին էլ տրվում են այդ առնչությամբ հարցեր, ապա պետք է վերջ տալ հարցերը մեկնաբանելուն, ինչը կարող է բերել կամա թե ակամա հայտարարությունների, որոնք կդառնան արդեն հայ-վրացական միջպետական հարաբերության խնդիր:

Հայաստանի պետական պաշտոնյաները, ինչպես իհարկե Հայաստանի հանդեպ էլ Վրաստանի պետական պաշտոնյաները, պետք է զերծ մնան փոխադարձ իրավիճակները գնահատելուց կամ համեմատելուց, առավել ևս, երբ խոսքը վերաբերում է այդպիսի նուրբ թեմաներին: Հայաստանի հանրության կառավարությունը հաշվետու է իր քաղաքացիների առաջ Հայաստանում առկա վիճակի և դրանից բխող հարցերի առումով, իսկ Վրաստանի կառավարությունը հաշվետու է իր քաղաքացիների առաջ: Մենք իրավունք չունենք կորոնավիրուսի հարցը չլուծած՝ Վրաստանի հետ համեմատություններով կամ դրանցից պաշտպանվելով այժմ էլ խնդիրներ ստեղծենք Վրաստանի հետ, հատկապես ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակում, երբ հայ-վրացական խնդիր ստեղծելու համար աշխատում են նույնիսկ ռեգիոնալ ուղեղային կենտրոններ:
Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments