Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Դաղստանի հասարակայնության ներկայացուցիչների ու ղեկավարության հետ խորհրդակցության ժամանակ ԱԻՆ-ին ու Պաշտպանության նախարարությանը հանձնարարել է միանալ շրջանում COVID-19-ի տարածման դեմ պայքարում:

«Մենք, իհարկե, նախկինի պես զբաղվելու ենք Ռուսաստանի Դաշնության բոլոր շրջաններով՝ կապված կորոնավիրուսային վարակի հետ, բայց Դաղստանի Հանրապետությունում վիճակը բարդ է ու պահանջում է լրացուցիչ անհետաձգելի միջոցառումներ», – ասել է Պուտինը:

Դաղստանում մահացել է կորոնավիրուսով վարակված 29 մարդ, ընդ որում, 657 հոգի մահացել են թոքաբորբից, ասել է Դաղստանի առողջապահության նախարար Ջամալուդդին Գազիիբրահիմովը: Նախարարի խոսքով, մահացածներից 40-ը բժիշկ են:

Դաղստանը Ռուսաստանի ամենաբարդ հատված է, եւ Պուտինին, հավանաբար, ինչ-որ բան շատ անհանգստացրել է, որ օգնության է ուղարկել ԱԻՆ-ը ու ՊՆ-ը:

Ռուսաստանում ու շատ այլ երկրներում կորոնավիրուսային իրավիճակը բարակ թելի վրա է, որը կարող է կտրվել ամեն պահի: Ռուսաստանում առայժմ հաջողվում է պահպանել սոցիալական կայունությունը, բայց գալիս է պահ, երբ մարդիկ սկսում են պահանջներ ներկայացնել պետությանը: Պատահական չէ, որ դա Դաղստանից է սկսվել:

Դաղստանը Պուտինի համար սակրալ ռեգիոն է: 2019 թվականի սեպտեմբերին նա մեկնեց Մախաչկալա, որ տոնի հիշարժան օրը: 20 տարի առաջ, ինչպես գրում էին ռուսական լրատվամիջոցները, ջախջախվեցին 1999 թվականի օգոստոսին Դաղստան ներխուժած միջազգային ահաբեկիչները: Ահաբեկիչների խմբերը Շամիլ Բասաեւի ու Խատաբի հրամանատարությամբ ներխուժեցին Չեչնիայի տարածքից: Հետո մի քանի ահաբեկչական գործողություններ եղան Բույնանսկում, Մոսկվայում եւ Վոլգադոնսկում: Փորձագետները նշում են, որ Պուտինն այդ ալիքի վրա է 1999 թվականի դեկտեմբերի 31-ին դարձել նախագահ:

Հիմա Դաղստանում նորից «խառնակ» վիճակ է. հիվանդացել են մուֆթին ու նրա կինը, բժշկական օգնությունը չի հասնում մարդկանց, եւ Դաղստանի մուսուլման բնակչությունն սկսում է դժգոհել:

«Թուրքիան պատրաստ է 17-րդ անգամ պատերազմի մեջ մտնել Ռուսաստանի հետ, որ ներսից քանդի», 2020 թվականի փետրվարին ասել է Թուրքիայի նախագահ Էրդողանի խորհրդական Մեսութ Հաքքին: Նա հիշեցրել է, որ ՌԴ տարածքում մոտ 25 միլիոն մուսուլման է ապրում, որոնք, նրա խոսքով, «երկիրը կքանդեն ներսից»:

Պուտինին կհաջողվի՞ այս անգամ էլ մարել կրակը: