Putin

Ռուսաստանի  նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ երկրում անցել է կորոնավիրուսի վարակի պիկը: Միեւնույն ժամանակ, նա հայտարարել է, որ Հայրենական պատերազմում հաղթանակի 75-ամյակի շքերթը տեղի է ունենալու հունիսի 24-ին:

Չի բացառվում, որ Սահմանադրության փոփոխությունների քվեարկությունը նույնպես տեղի ունենա այդ օրը: Նոր սահմանադրությամբ մեծացվում են նախագահական լիազորությունները եւ զրոյացվում Պուտինի նախագահական նախորդ ժամկետները:

Ռուսաստանում վարակի օրական վիճակագրությունը իջել է 9000-ից ցածր մակարդակի: Մինչ այդ, մի քանի շաբաթ այն տատանվում էր 9-11 հազարի սահմաններում: Մի պահ Ռուսաստանը վարակակիրների քանակով երկրորդն էր աշխարհում, սակայն նրան շրջանցեց Բրազիլիան:

Ռուսաստանում շատերը չեն հավատում վիճակագրությանը, համացանցում պարբերաբար տեղեկություններ են հայտնվում տարբեր տարածաշրջաններում, հատկապես Հյուսիսային Կովկասում, Հեռավոր Արեւելքում աղետալի իրավիճակի վերաբերյալ: Երբեմն կասկած են հայտնում նաեւ պաշտոնյաները:

Բացի այդ, երկրում լուրջ դժգոհություններ կան իշխանության գործողություններից եւ սոցիալական աջակցության ցածր մակարդակից: Սրվել են նաեւ ներիշխանական հակասությունները:

Միեւնույն ժամանակ, ինչպես աշխարհի շատ այլ երկրներում, ՌԴ իշխանությունները սկսել են «կառավարել» վիճակագրությունը: Հատկապես իշխանության ու անձամբ Պուտինի վարկանիշի կտրուկ անկման պայմաններում, առավել եւս, որ ինչպես նշում են ռուսական համացանցում, նա բունկերում է եւ շփումներ չի ունենում: Ռուս փորձագետների կարծիքով, այս իրավիճակը հաղթահարելու համար իշխանությունում երկար ժամանակ քննարկում էին Պուտինի՝ բունկերից դուրս գալու պայմանները: Դա պետք է լինի հաղթական, եւ շատերը չէին բացառում, որ հնարավոր են ագրեսիվ գործողություններ Ուկրաինայի ու Բելառուսի ուղղությամբ:

Ըստ նրանց, մյուս հնարավոր տարբերակը պետք է լիներ հաղթանակի հետաձգված շքերթի անցկացումը հունիսի 24-ին: Նշենք, որ 1945 թ. հենց այդ օրն է տեղի ունեցել առաջին շքերթը: Մինչ այդ, վարակի վիճակագրությունը պետք է աստիճանաբար նվազի եւ զրոյանա, ինչպես նախագահական ժամկետները եւ նավթի ու գազի գները, եւ Պուտինն այդ օրը պետք է հայտարարի Ռուսաստանի նոր մեծ հաղթանակի մասին, կատակում են ռուս փորձագետները:

Spread the love