ՌԴ նախագահ Պուտինը պաշտպանության նախարար Շոյգուի հետ հանդիպմանը հանձնարարել է պատրաստվել Հաղթանակի 75-ամյակի մայիսին հետաձգված շքերթը հունիսի 24-ին անցկացնելուն:

ՌԴ նախագահը հանձնարարել է պատրաստվել զինվորական շքերթին, միաժամանակ նվազագույնի հասցնել մասնակիցների կորոնավիրուսային վարակի ռիսկը, իսկ ավելի լավ է՝ բացառել այն:

Հունիսի 24-ի ընտրությունը պարզ է: 1945 թվականի այդ օրը Կարմիր Հրապարակում տեղի է ունեցել հաղթանակի շքերթը, որն ընդունել էր մարշալ Ժուկովը: Շքերթի կուլմինացիան Լենինի դամբարանի առաջ ֆաշիստական շտանդարտների եւ դրոշների նետումն էր:

Հաղթանակի 75-ամյակի շքերթին ՌԴ նախագահը շատ էր սպասում: Շքերթը պետք է լինել Պուտինի մեծության եւ մեծապետականության հնչեղ ծիսակարգ, որ մատուցվելու էր ռուսաստանյան հանրությանը: Դրանից առաջ՝ ապրիլի 22-ին պետք է լիներ ռուսաստանյան հանրաքվեն, որով զրոյացվելու էր Պուտինի նախագահական ժամկետն ու տրվելու էր նորից սկսելու իրավունք: Սակայն, կորոնավիրուսը հաստատեց իր իրավունքը, եւ ՌԴ նախագահը ստիպված էր չեղարկել թե հանրաքվեն, թե մայիսի 29-ի շքերթը:

Միաժամանակ սակայն, հաղթական ծիսակարգերի չեղարկման անհրաժեշտությանը զուգահեռ, կորոնավիրուսը ՌԴ նախագահի համար բերեց ահռելի խնդիրներ: Մի կողմից տնտեսական ճգնաժամ եւ նավթի ու գազի ահռելի գնանկում, մյուս կողմից ներքին սոցիալական լարվածության աճ: Պուտինն անգամ արտակարգ դրություն չհայտարարեց՝ հանրության առաջ պետական սոցիալական պարտավորություն չստանձնելու համար, բավարարվելով երկարաշունչ ոչաշխատանքային շաբաթներ հայտարարելով:

Մինչ այդ, ՌԴ նախագահը ստորագրեց հետաքրքիր մի հրամանագիր, որով Երկրորդ աշխարհամարտի ավարտի օրը սեպտեմբերի 2-ից տեղափոխեց սեպտեմբերի 3: Աշխարհը ավարտի օր է նշում սեպտեմբերի 2-ը, Պուտինը որոշեց, որ այդ օրը ՌԴ համար կլինի սեպտեմբերի 3-ը: Թե ինչու՞ կայացվեց այդ որոշումը, անգամ Պեսկովը չկարողացավ բացատրել: Անգամ հանգամանքը, որ սեպտեմբերի 3-ը ՌԴ նորագույն պատմության մեծ ողբերգություններից մեկի՝ Բեսլանի ահաբեկության զոհերի հիշատակի օրն է, ՌԴ նախագահին հետ չկանգնեցրեց աշխարհամարտի ավարտի օր արձանագրելու մտքից:

Իհարկե բավականին բարդ, շատ բարդ է հասկանալ, թե ինչ է կատարվում աշխարհի 1/6 մազը զբաղեցնող պետության համար պատասխանատու անձի մտքում՝ մարտահրավերների ու խնդիրների այն ահռելի բեռի ներքո, որ կուտակվել ու կուտակվում է վերջին տարիներին:

Շատերը կարծում էին, թե տոնացույցի փոփոխությամբ Պուտինը մտածում էր կորոնավիրոսով հետաձգված շքերթը սեպտեմբերի 3-ին անցկացնելու մասին եւ ստեղծում էր դրա այսպես ասած խորհրդանշական առիթը:

Բայց ՌԴ նախագահը չդիմացավ՝ հանձնարարված է շքերթը անցկացնել հունիսի 24-ին: Ըստ երեւույթին իրականությանը լիովին համապատասխանում են տարբեր սոցիոլոգիական տվյալները նրա վարկանիշի պատմական նվազագույնի մասին: Հարկավոր է շտապ բարձրացնել վարկանիշը, կամ գոնե կասեցնել անկումը, ժամանակ շահելով իշխանության հարցի մասին «պոլիտբյուրոյի» քաղաքական որոշման համար՝ պահե՞լ Պուտինին, թե՞ դա ավելի բարդ է, քան մտածել նրան փոխելու տարբերակի մասին:

Որքա՞ն ժամանակ է պետք Ռուսաստանում այդ որոշման համար: Թե՞ այդ ժամանակն արդեն որոշվում է ոչ թե Ռուսաստանում, այլ Վաշինգտոնում ու Պեկինում: Ի՞նչ էր սպասվում օգոստոս-սեպտեմբերին Ռուսաստանում:

Spread the love