Պուտինը պարտվեց ու վա-բանկ է գնում

- in Միջազգային

Մայիսի 19-ին ԵՏՄ երկրների ղեկավարների Վեհաժողովը փաստացի դարձավ ՌԴ նախագահ Պուտինի պարտությունը, որը դրսեւորվեց հակասական, միեւնույն ժամանակ ակնհայտ կերպով:

Նախ, Ղազախստանի նախագահը մերժեց հաստատել ԵՏՄ զարգացման ռազմավարությունը, ասելով, որ այն պետք է թողնել կորոնավիրուսից հետո դեմ առ դեմ հանդիպման, իսկ մինչ այդ՝ լրամշակել:

Մյուս կողմից, ՌԴ նախագահը հայտարարեց, թե միասնական էներգետիկ շուկայի եւ գազի գնագոյացման մեխանիզմի մասին խոսելը վաղ է, քանի որ դրա համար պետք է ավելի խորը ինտեգրացիա: Այդպես Պուտինը մերժեց Հայաստանի եւ Բելառուսի բարձրացրած հարցը:

Գործնականում, նա այլ բան չի հայտարարում, քան՝ ներքին գնի տրամաբանությամբ գին ստանալու համար Բելառուսն ու Հայաստանն իրենց պետք է պահեն «ներքինի» նման: Դա ինքնիշխանության հանդեպ հավակնության բացահայտ դրսեւորում է: Պուտինն այդ դրսեւորման կգնա երկու դեպքում՝ կամ շատ ուժեղ դիրքում լինելու եւ վերջնագիր ներկայացնելու տրամաբանությամբ, կամ հակառակը՝ անելանելի, ծանր վիճակում գտնվելու:

Ապրիլի 21-ին Լավրովի հայտարարությունը խոսում է հենց երկրորդ վիճակի մասին: ՌԴ արտգործնախարարը դժգոհում էր, թե ծանր ժամանակում Բելառուսն ու Հայաստանն իրենց չեն պահում դաշնակցի նման եւ դնում են գազի գինն իջեցնելու հարց: Այն, որ Հայաստանին ու Բելառուսին այդօրինակ բովանդակությամբ մերժելով, ՌԴ նախագահը ի ցույց է դնում ծանր վիճակը, վկայում է գործնականում հանգամանքը, որ «պահանջը» դրվում է մերժման տրամաբանությամբ: Այսինքն, ոչ «իմպերատիվ»:

«Իմպերատիվ» պահանջի հնարավորություն Ռուսաստանը չունի: Ավելին, զրկման գործընթացը շարունակվում է բավական մեծ թափով, որն առավել արագացել է կորոնավիրուսի բերած համաշխարհային իրավիճակով:

Այն ակնառու է դարձրել նոր աշխարհակարգի երկու բեւեռների՝ ԱՄՆ եւ Չինաստանի հանգամանքը: Ռուսաստանն առավելագույնը կարող է հավակնել երրորդի, սակայն պայմանականորեն, քանի որ երրորդը լինելու է առաջինի կամ երկրորդի ներքո: Ռուսաստանն ավելիի ռեսուրս պազապես չունի, մի շարք պատճառներով, այդ թվում այն, որ անգամ հստակ չէ՝ այդ պետության քաղաքականությունը մշակվում է ռուսակա՞ն, թե՞ թյուրքական ռազամավարությամբ: Հարցը առավել արդիական է դառնում իշխանության խնդրի սրման պայմաններում, որ տեղի է ունենում Ռուսաստանում:

Ու՞մ է հանձնվելու Պուտինը, թեկուզ այդ խնդիրը լուծելու համար՝ Նահանգների՞ն, թե՞ Չինաստանին: Հանձնվելուն չի մնում այլընտրանք, մնում է ընտրություն, թեեւ ՌԴ նախագահը ակնարկում է դիմադրության հնարավորության մասին, հայտարարելով, թե Ռուսաստանն առանձին քաղաքակրթություն է:

Խոշոր հաշվով, նա Հայաստանին ու Բելառուսին դնում է հենց այդ՝ «առանձին ռուսական քաղաքակրթության» մաս լինելու պայմանը: Սակայն Պուտինը թերեւս ինքն էլ չի հավատում այլեւս, որ այն իրագործելի է: Թե Հայաստանը, թե Բելառուսը չեն գնա ինքնասպանության: ՌԴ նախագահն ըստ ամենայնի փորձ է անում հնարավորինս բարձրացնել գինը ԱՄՆ ու Չինաստանի համար:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments