Պուտինի վերջին օրերը բունկերում. ՌԴ-ն պատերա՞զմ է սկսում

- in Միջազգային
Putin

ՌԴ նախագահ Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, ով վարակվել է կորոնավիրուսով եւ գտնվում է հիվնդանոցում, ասել է, որ մեկ ամիս չի շփվել նախագահի հետ: Այդ հայտարարությունը կապված է այն խոսակցությունների հետ, որ հնարավոր է նա վարակած լինի Պուտինին:

Մյուս կողմից, հայտարարելով այդ մասին, Պեսկովը փաստացի հաստատել է, որ Պուտինը մեկ ամիս ինքնամեկուսացման մեջ է եւ գտնվում է «բունկերում», որի մասին շատ է խոսվում: Պուտինի ինքնամեկուսացումը վատ է ընդունվել ռուսաստանցիների կողմից, որոնք օրինակ են բերում այլ երկրների առաջնորդներին: Դա հարվածել է ամենազոր ու վեհ առաջնորդի նրա կերպարին:

Ռուսական փորձագիտական շրջանակներում քննարկում են այն հարցը, թե ինչ «սկզբունքով» են վարակվում ռուս բարձրաստիճան պաշտոնյաները: Բանն այն է, որ ՌԴ ներկայիս վարչակարգը վաղուց «ինքնամեկուսացել» է ժողովրդից եւ չի շփվում պլեբսի հետ: Նրանք թռչում են մասնավոր ինքնաթիռներով, բնակվում են փակ շրջաններում, իրենց միլիարդների հասնող գողոնն ու ընտանիքներին արտահանում անիծյալ Արեւմուտք, ընդունում այլ երկրների քաղաքացիություն:

Այս ֆոնին, այդ հարցը հռետորական չի թվում: Օրինակ, տեսակետ կա, որ Միշուստինի վարակվածության մասին տեղեկությունը եւ գործերից հեռանալը կարող է կապված լինել ՌԴ վարչակարգի տարբեր խմբերի միջեւ ներկայիս դաժան պայքարի հետ:

Մյուս կողմից, Ռուսաստանում բարդ իրավիճակ է ոչ միայն վարակի, այլեւ տնտեսական առումով, աճում են բողոքի տրամադրությունները ոչ միայն բնակչության, այլեւ վերնախավի տարբեր խմբավորումների միջեւ: Պուտինի ինքնամեկուսացումը սրել է այս տրամադրությունները, իսկ նրա մի շարք հավակնոտ ծրագրերի հետաձգումը կամ չեղարկումը սկսել են ձեւավորել համոզմունք, որ առաջնորդին լքել է հաջողությունը: Դա ամենածանր հարվածն է համակարգին, որն իր բարեկեցությունն ու դիրքերը կառուցում էր հենց Պուտինի հաջողակության վրա:

Կրեմլի ինսայդերները պնդում են, որ այդ զգացումը համակել է նաեւ Պուտինին: Նախագահական ժամկետների զրոյացման վրա կառուցված խոշոր ծրագրերը փաստացի նույնպես զրոյանում են՝ սահմանադրության փոփոխություն, աշխարհքաղաքական ռեւանշ Ուկրաինայի ու Բելառուսի «ինտեգրման» միջոցով, Հաղթանակի շքերթ եւ Յալթայի աշխարհի պահպանում, եւ այլն: Այդ ծրագրերն իհարկե չեն չեղարկվել, սակայն բարդացել է դրանց իրագործումը: Իսկ նոր աշխարհակարգի կառուցման գործընթացում Ռուսաստանը դուրս է մղվել որոշում կայացնողների շրջանակից:

Պուտինն այս ընթացքում մեկ անգամ է դուրս եկել բունկերից եւ միայնակ ընդունել ավիացիայի «շքերթը»: Ի դեպ, ռուսաստանցիներին խիստ զայրացրել է այն փաստը, որ Մոսկվայի երկնքում ամպերը ցրելու համար ծախսվել է մեկ միլիարդ ռուբլի, այն պայմաններում, երբ սոցիալական աջակցության համար գումարներ գրեթե  չեն տրամադրվում:

Այս ֆոնին, իշխող վերնախավի նեղ շրջանակում քննարկում են բունկերից Պուտինի դուրս գալու «պայմանները», այն առումով, թե ինչպես պետք է հաղթահարվի վարչակարգի ներկայիս բարդ իրավիճակը: Ուժայինները, ովքեր Պուտինի ամենավստահելի շրջանակներն են, առաջարկում են ուժային տարբերակը երկրի ներսում, բանակի ստորաբաժանումներ մտցնելով Մոսկվա եւ այլ քաղաքներ, ինչպես նաեւ էքսպանսիա հարեւանների՝ Մերձբալթյան հանրապետությունների, Ուկրաինայի եւ Բելառուսի հանդեպ:

Ի՞նչ պայմաններով Պուտինը դուրս կգա բունկերից:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments