Adrbejan

Ադրբեջանական պրոպագանդան բավականին օպերատիվ է արձագանքել Հայաստանի վարչապետ Փաշինյանի մամուլի հեռավար ասուլիսում արած հայտարարությանը: Խոսքն այն հայտարարության մասին է, որ թավշյա հեղափոխությունից հետո կարգավորման գործընթացում ներկայացված չէ որեւէ նոր փաստաթուղթ, իսկ մինչ այդ եղածը նոր իշխանությունը մերժել ու համարել է անընդունելի:

Փաշինյանը հասկացրել է, որ չի պատրաստվում վերադարձնել «Ադրբեջանի տարածքները», արձանագրում է ադրբեջանական պրոպագանդան: Բաքվի քարոզչական դաշտում այդ արձանագրումն էլ նոր չէ, սակայն վերջին շրջանում այն հաճախակիացել է, համենայն դեպս որոշակի սեգմենտներում՝ ռազմական ուժի կիրառման «լեգիտիմության» վերաբերյալ պնդումներին զուգահեռ:

Նկատելի է, որ Ադրբեջանի ներսում կան շրջանակներ, որոնք անում են «պատերազմի լոբբինգ», Իլհամ Ալիեւին մղելով ռազմական քայլի: Ադրբեջանը հայտարարել է Արցախի եւ Հայաստանի սահմանին՝ Նախիջեւանում, զորավարժությունների մասին: Հայաստանը հրավիրել է միջազգային հանրության ուշադրությունը, իսկ ՌԴ արտգործնախարարի Երեւան զանգի ընթացքում Հայաստանի արտգործնախարարը կարեւոր է համարել ապրիլի 21-ի հնգակողմ՝ համանախագահներ-արտգործնախարարներ տեսակոնֆերանսի արդյունքում արած հայտարարության դրույթների ապահովումը: Խոսքն առաջին հերթին կայունության եւ վստահության ապահովման մասին է:

Երեւանի կոշտ հայտարարությունները Ադրբեջանում ինքնաբերաբար պետք է բերեն ռազմական հռետորաբանության ուժգնացման: Երեւանին կոշտության մղեց ՌԴ արտգործնախարար Լավրովն իր հայտնի ելույթով: Այդ հանգամանքը Հայաստանում դիտարկվեց «ավանդական» տրամաբանության շրջանակում՝ պարտադրվում կամ բանակցվում է փուլային տարբերակ: Իհարկե, այդ ավանդական դիտարկումն էլ իր հերթին խթանեց պաշտոնական Երեւանի կոշտ հայտարարություն, ու բացառված չէ, որ Լավրովը խոշոր հաշվով ուներ նաեւ այդ ակնկալիքը:

Ի վերջո, ավանդական մակերեսային դիտարկման փոխարեն, անհրաժեշտ է իրական ռեժիմի խորության մեջ գնահատել, թե կարո՞ղ է արդյոք առարկայական խոսակցություն լինել ոչ միայն փուլային, այլ ընդհանրապես կարգավորման որեւէ տարբերակի մասին: Դա չէր կարող լինել անգամ թավշյա հեղափոխությունից առաջ, առավել եւս անհնար է հեղափոխությունից հետո:

Եվ պատճառը չափազանց պարզ է, ու այդ պատճառը Հայաստանի ոչ թե որեւէ իշխանություն, այլ ժողովուրդն է: Բոլորն են հասկանում, որ Հայաստանի ժողովուրդը թույլ չի տա որեւէ զիջում Հայաստանի իշխանությանը, Ադրբեջանի ժողովուրդը՝ Ադրբեջանի իշխանությանը:

Ըստ այդմ, երբ Լավրովը կամ որեւէ մեկը հայտարարում է որեւէ բան, անհրաժեշտ է դիտարկել տողատակի հնարավոր խորությունը կամ շրջանակը: Երբ հստակ է երկու կողմի մոտեցման աներկբա հակադրությունը, հնարավոր որեւէ տեղաշարժի տարբերակ մնում է պատերազմը: Բայց այդտեղ էլ առաջանում է ուժերի հարաբերակցության հարցը: Այն ներկայում այնպիսին է, որ պատերազմը կարող է վերաճել ռեգիոնալ աղետի, անկանխատեսելի վերջնարդյունքով:

Ալիեւը չի կարող դա չգիտակցել: Եվ այն, որ պրոպագանդայի որոշակի սեգմենտ նրան ուղղակի մղում է ռազմական քայլի, կամ ներքին սպառման համար է, կամ որոշակի ուժեր այդուհանդերձ փորձում են կոտրել Ալիեւի դիմադրությունն ու խաղալ ռեգիոնալ աղետի քարտով, հատկապես, երբ ձախողման դեպքում վճարողը լինելու է Ալիեւը:

Դա Ռուսաստա՞նն է, թե՞ Թուրքիան, որ փորձում է դրանով խաղալ Ռուսաստանի դեմ, հավանաբար փորձելով օգտվել Ռուսաստանի բարդ վիճակից, որ շատ նշաններով առկա է նաեւ այդ երկրի վերնախավում: Հնարավոր է, որ այդ խաղը Թուրքիան դիտարկում է ոչ թե Ռուսաստանի դեմ, այլ ամերիկա-չինական խաղի, որի տողատակում անկասկած ներառվելու է նաեւ Կովկասի խնդիրը: Անկարան թերեւս ուշադիր է եղել Ալիեւին Թրամփի շնորհավորանքի առումով, որում բացակայել է Ադրբեջանի տարածքային ամբողջության մասին որեւէ հիշատակում, եւ դրանից շաբաթներ առաջ էլ Թուրքիան խիստ ցավոտ էր ընդունել Հայաստանին ուղարկված օգնության արկղերի վրա Արարատ լեռան մասին չինարեն գրառումը: