Այսօր կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա են անցկացրել ռեստորանային համալիրների, հանդիսությունների սրահների սեփականատերերը, աշխատակիցները, երգիչները, երաժիշտները, հանդիսավարները, հանդիսություններ նկարահանողները:

Նրանք ցանկանում են, որ իրենց նույնպես թույլատրվի վերսկսել աշխատանքը:

Ակցիայի մասնակիցները նշում են, որ մյուս ոլորտների աշխատանքը թույլատրվել է և ուզում են հասկանալ, թե իրենց ինչու չի թույլ տրվում վերսկսել աշխատանքը:

Երգիչ դերասան Սարգիս Գրիգորյանը, որը նույնպես Կառավարության շենքի դիմաց է, նշեց, որ մարդիկ ահռելի պարտքերի տակ են ընկել ու չեն կարողանում ապրել: «Ես 3 ամսվա համար ստացել եմ 68 հազար դրամ, երեք աղջիկ ունեմ, հիմա դուք ինձ ասեք՝ ի՞նչ անեմ»: Սարգիս Գրիգորյանը ռեստորան ունի եւ նշեց, որ իր աշխատակիցներն են հիմնականում բողոքել եւ ինքն էլ պարտավորվել է նրանց կողքին լինել, որովհետեւ տարբերակներ չեն տեսնում եւ չգիտեն, թե այս իրավիճակն ինչքան կարող է շարունակել: Հարսանիքների եւ մնացած միջոցառումների համար ամիսներ առաջ պատվերներ են ունեցել, սակայն բոլորը հետ են վերցնում, քանի որ ասվել է, որ այդ ոլորտը դեռ չի աշխատելու:

«Կորոնավիրուսից զատ գոյություն ունեն այլ հիվանդություններ, նաեւ հիվանդություններ՝ նեւրոզ, սթերասային տարբեր հիվանդություններ, որոնք առաջացել են այս իրավիճակի պատճառով: Մարդը պիտի ապրի, գոյատեւի, բայց ինչպես: Մենք ուզում ենք նրանց առաջարկը լսել»,- ասաց դերասանը՝ նաեւ հավելելով, որ պատկան մարմիննեի ֆեյսբուքյան էջերում բազմաթիվ առաջարկներ են արել, սակայն դրանց ականջալուր չեն եղել:

ՀՀ ոստիկանությունը բերման ենթարկեց մի քանի քաղաքացու, այդ թվում նաեւ դերասան Սարգիս Գրիգորյանին ու Արմեն Միրզոյանին: Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ իրավապահները մի քանի անգամ զգուշացրեցին սոցիալական հեռավորություն պահպանելու անհրաժեշտության մասին:

Ակցիայի մասնակիցները պայմանավորվածություն ձեռք բերեցին ԱԺ Լուսավոր Հայաստան խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանի հետ: Նրանք հանդիպելու են Ազգային ժողովում, որպեսզի քննարկեն հարցը: Ոլորտի աշխատակիցները պետք է գրավոր ներկայացնեն, թե ինչպես են պատկերացնում իրենց աշխատանքը, որը քննարկման կներկայացվի գործադիրում

Նշենք, որ բողոքի ցույցի մասնակիցները պահանջում են հնարավորություն տալի իրենց աշխատել՝ խոստանալով պահպանել անվտանգության բոլոր կանոնները: Նրանց թվում են նաեւ շոու բիզնեսի ու արվեստի ոլորտի ներկայացուցիչներ, այդ թվում՝ դերասան Սարգիս Գրիգորյանը, որը նույնպես ռեստորան ունի:

Նախքան ակցիայի ավարտը նրանք հանդիպեցին նաեւ ՀՀ վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանի հետ: Ավելի ուշ Սարգսյանը լրագրողներին հայտնեց, որ քննարկումը վերաբերել է կոնկրետ հարսանյաց սրահներին: «Նրանք գրավոր կներկայացնեն, թե ինչպես են պատկերացնում այդ սրահների աշխատանքը, պարետատունը կքննարկի, կպատասխանի»,- ասաց վարչապետի օգնականը:

Նշենք, որ ակցիայի մի քանի մասնակից բերման են ենթարկվել, մյուսները պահանջում են ազատ արձակել բոլոր բերման ենթարկվածներին: Ոստիկանները հայտնեցին, որ նրանք ազատ կարձակվեն սահմանաված կարգի համաձայն: