Ռոբերտ Քոչարյանին թույլ չե՞ն տալիս սկսել. Նիկոլ Փաշինյանը բացահայտման մասին

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը բողոքարկել է նրա խափանման միջոցը չփոխելու վերաբերյալ Ընդհանուր իրավասության դատարանի վճիռը Վերաքննիչ դատարանում:

Դա նշանակում է թերեւս, որ մարտիմեկյան դատավարությունը տեւական ժամանակ կմնա «առկախված», քանի դեռ Վերաքննիչը քննում է պաշտպանների բողոքը:

Ընդհանուր իրավասության դատարանի որոշումից հետո Ռոբերտ Քոչարյանի որդին հայտարարեց, որ այլ բան դատարանից չէին էլ ակնկալում: Ակնկալու՞մ են արդյոք այլ որոշում Վերաքննիչ դատարանից: Ռոբերտ Քոչարյանն ու նրա թիմը հայտարարում են, որ կատարվում է քաղաքական պատվեր: Այդ դեպքում ո՞րն է խափանման միջոցի առնչությամբ անընդհատ միջնորդությունների իմաստը, ինչով փաստորեն ձգվում է դատավարության փուլը:

Այն պարագայում, երբ երկրորդ նախագահը հավաստիացնում է, որ իրեն ուղղված մեղադրանքը անհիմն է եւ չունի որեւէ հեռանկար: Այդ դեպքում ինչու՞ այդ մեղադրանքը չջախջախել դատաքննության ընթացքում, այդպիսով էլ ավելի ակնառու դարձնելով ներկայացվող մեղադրանքի անհիմն լինելը:

Միեւնույն ժամանակ, մարտիմեկյան ողբերգության առանցքն ի վերջո մարդկային կյանքն է, 10 քաղաքացու կանքի կորուստը: Չլինեին այդ մահերը, մարտիմեկյան իրադարձությունը հայաստանյան ներքաղաքական կյանքում կունենար բացարձակապես այլ տեղ եւ նշանակություն:

Ռոբերտ Քոչարյանն էլ ընդգծում է, որ իր հանդեպ մեղադրանքը չի տալիս գլխավոր հարցի պատասխանը՝ ով է սպանել: Մայիսի 16-ի ասուլիսում Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով այդ հարցին, նշել էր, թե քննչական խմբի նախկին ղեկավարն անձամբ կեղծել է ապացույցները, վերացրել իրական պարկուճները: Այդ ղեկավարը՝ Վահագն Հարությունյանը, ներկայում գտնվում է Ռուսաստանում: Մեծ հաշվով, նա Ռուսաստանի պաշտպանության տակ է:

Ստացվում է, որ Ռուսաստանը պաշտպանության տակ է պահում մարդու, որը կեղծել է մարտիմեկյան ողբերգության, սպանությունների ապացույցները: Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե դատաքննության փուլը կօգնի բացահայտել իրականությունը: Ո՞ր իրականության մասին է խոսքը՝ բացահայտել, թե ով է սպանե՞լ, թե՞ բացահայտել, որ Մոսկվան փաստորեն իր պաշտպանության տակ է առնում սպանությունների վերաբերյալ տեղեկություն տիրապետող կարեւոր անձի:

Ինչու՞ չի մեկնարկում դատաքննությունը: Դրան գործնականում խանգարում է երկրորդ նախագահի պաշտպանական թիմի միջնորդությունների շարանը: Ընդ որում, այստեղ թերեւս կա երկու հանգամանք: Մի կողմից դա թույլ չի տալիս սկսել դատավարությունը, մյուս կողմից՝ այդ միջնորդությունների վրա պարպվում է պաշտպանական թիմի իրապես շոշափելի մասնագիտական ներուժը:

Իսկ արդյոք թիմի ներուժն այդ ուղղությամբ է գնում այն պատճառով, որ դատավարության այսպես ասած բովանդակային ընթացքին, հետեւաբար դիտարկվող հնարավոր բացահայտումներին խոչընդոտում է այլ ուժ, օրինակ այն, որը «հանձնել» է Ռոբերտ Քոչարյանին եւ իր պաշտպանության տակ է պահում Վահագն Հարությունյանին եւ էլի գործին առնչվող մի քանի էական գործիչների:

Արդյոք Ռոբերտ Քոչարյանը դատավարությունը ձգում է ստիպված: Եվ ուշագրավ է նաեւ, որ վերջին շրջանում երկրորդ նախագահը ակնարկներ է հղում իր առողջությանը սպառնացող վտանգի մասին, առերեւույթ դրա հանդեպ անտարբերության համար մեղադրելով քաղաքական իշխանությանը, մյուս կողմից սակայն հնարավոր է ակնարկելով եւ քաղաքական ղեկավարության ուշադրությունը հրավիրելով դրա վրա:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments