Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան և ՀՀԿ, Միքայել Մինասյան, Արթուր Վանեցյան

- in Պնակալեզներ

Հայաստանի ներքաղաքական կյանքում հռետորական դիմակայության ուժգնությունը նկատելի է և թերևս աննախադեպ: Առայժմ այդ ուժգնությունը հազիվ թե հնարավոր լինի դիտարկել քաղաքական մակարդակում, քանի որ հանրային վստահելիության տեսանկյունից ուժերի հարաբերակցությունը բալանսավորված չէ:

Այսինքն՝ որքան էլ խոսվի Նիկոլ Փաշինյանի վարկանիշի հնարավոր նվազումից, ակնառու է, որ դեռևս չկա որևէ այլ ուժի կամ գործչի հանրային վարկանիշ, որն ի վիճակի է իրական մրցակցության մեջ լինելու Փաշինյանի վարկանիշի հետ: Դա օբյեկտիվ իրողությունն է, որը պայմանավորված է մի շարք հանգամանքներով՝ թե՛ ներքին, թե՛ արտաքին, թե՛ քաղաքական, թե՛ նաև սոցիալ-հոգեբանական:

Միաժամանակ ակնառու է նաև, որ ներկայիս հռետորաբանական դիմակայության սրացման նպատակը, քարոզչական կամ հակաքարոզչական ալիքի ուժգնությունը ունի կորոնավիրուսի համաճարակի ֆոնն օգտագործելու նպատակ, մի կողմից՝ դրա հոգեբանական, մյուս կողմից՝ սոցիալ-տնտեսական ազդեցությունն օգտագործելու նպատակ: Թիրախում առկա իրավիճակը Փաշինյանի և կառավարության վարկանիշի համար առավելագույնս կորստաբեր դարձնելն է, երբ այն նվազի այնքան, որ այլ ուղղություններում, այդ թվում՝ հակաքարոզչության ուղղություններում, չաճող վարկանիշի պայմաններում արդեն կձևավորվի, այսպես ասած, իրական մրցակցության հնարավորություն:
Կհաջողվի հասնել այդ արդյունքին, թե ոչ՝ կախված է, իհարկե, ոչ միայն կառավարության դեմ քարոզչական կամ հակաքարոզչական ալիքից, այլ նաև այն հանգամանքից, թե կառավարությունը որքանով արդյունավետ կկառավարի իրավիճակը և այդ հարցում կերկխոսի հանրության հետ:

Դրա հետ մեկտեղ՝ անկասկած է նաև մի բան: Փաշինյանի հանրային վստահության աստիճանի, վարկանիշի հանդեպ միասնական թիրախավորմանը զուգահեռ՝ առկա է նաև բավականին թեժ գործընթաց արդեն այն շրջանակների ներսում, որոնք ներկայացնում են նախկին իշխող համակարգը:

Բանն այն է, որ Փաշինյանի վարկանիշի նվազմանը միտված գործում որևէ հաջողություն անպայմանորեն ենթադրելու է «ամբողջացում» նաև այդ համակարգի ներսում: Մասնավորապես, այստեղ կա առնվազն չորս հիմնական խումբ՝ Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան և ՀՀԿ, Միքայել Մինասյան, Արթուր Վանեցյան: Կան ավելի փոքր ենթախմբեր: Այդ խմբերի մեծ մասը միմյանց հետ բավականին լուրջ հակասությունների, միմյանց հանդեպ ունեցած բավականին լուրջ պահանջների մեջ են եղել դեռևս միևնույն կառավարող համակարգի շրջանակում: Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունը ոչ միայն չի վերացրել այդ իրավիճակը, այլև թերևս ավելի է խորացրել այդ ներքին հարցերը: Դրա վկայությունները բազմաթիվ են:

Եվ այդ իմաստով վարչապետի և կառավարության վարկի նվազման հիպոթետիկ թե իրատեսական գործընթացի պարագան դրան ձգտող ուժերի համար առաջացնում է մեկ այլ խնդիր՝ իսկ ո՞վ է օգտվելու դրանից: Եվ այդ խնդիրը, այդ հարցը տվյալ շրջանակում ոչ միայն բաց է, այլև ինքնին արդեն փոխադարձ կասկածների առիթ, ինչը վկայում է, որ Հայաստանում առկա ներքաղաքական թեժացումը բոլորովին սև-սպիտակ պարզունակ սխեմա չէ, այլ շատ ավելի բազմաշերտ մի գործընթաց:
Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments