Ռուսաստանի իշխանության խնդիրը և Հայաստանում ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքը

- in Վերլուծական

Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է խորհրդարանի ընդունած աղմկահարույց օրենքը, որը վերաբերում է ապօրինի գույքի բռնագանձմանը:

Այդ օրենքը հնարավորություն է տալիս պետությանը բռնագանձել գույքն առանց դատարանի որոշման՝ դատարանի որոշմամբ անօրինական ճանաչվելու պարագայում:

Հայաստանի կառավարությունը հենց այդ օրենքի ընդունմամբ է բացատրում վերջին շրջանում ներքաղաքական իրավիճակի թեժացումը՝ համարելով, որ այդպիսով նախկին իշխանությունը ներկայացնող շրջանակները փորձում են փրկել յուրացրածը՝ հանրությանը վերադարձվելու հեռանկարից: Օրենքը, իհարկե, ունենալու է կարևորագույն նշանակություն հետագա զարգացումների տրամաբանության վրա ազդեցության առումով, սակայն ներքաղաքական թեժացման առումով՝ օրենքի ընդունումը, որպես բացատրություն, թերևս, առավելապես քարոզչական տիրույթի հարց է, քանի որ խորքային առումով, Հայաստանում ներքաղաքական զարգացումների շարժիչ, խթանիչ գործոններն այլ են և դրանք ընկած են ավելի խոր շերտերում՝ միաժամանակ պայմանավորված արտաքին շրջանակներ ընդգրկող նշանակությամբ հարցերով:

Այդ իմաստով, Հայաստանում ներքաղաքական զարգացումների կամ իրողությունների համար առավել մեծ ազդեցություն կարող է ունենալ Ռուսաստանի իշխանության խնդիրը, քան Հայաստանում ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքը: Որովհետև, եթե, մեծ հաշվով, կան ներքաղաքական հայաստանյան շրջանակներ, կամ նախկին իշխանական շրջանակներ, որոնք կարող են մտածել իրենց գույքը, հարստությունը փրկելու մասին, ապա Ռուսաստանում կան տնտեսա-քաղաքական ազդեցիկ շրջանակներ, որոնք մտածում են Հայաստանում իրենց դիրքն ու ազդեցությունը փրկելու մասին: Պատճառները բավականին խորն են, որոնք կարող ենք ամփոփել մեկ նախադասությամբ՝ Հայաստանը Ռուսաստանի համար կենսական նշանակության տարածք է: Եվ, ըստ այդմ, այն, թե ինչ կանոններով և սկզբունքներով է Ռուսաստանը հարաբերվում Հայաստանի հետ, ինչ կանոններ են Հայաստանի Հանրապետության ու ՌԴ միջև հարաբերության հիմքում, կանխորոշում է Ռուսաստանի իշխանության համար ներհամակարգային պայքարում ուժերի հարաբերակցությունը: Բանն այն է, որ այստեղ էական դեր ունի այն, որ Հայաստանը ՌԴ համար կենսական նշանակության հարց է ոչ միայն ինքն իրենով, այլ նաև ՌԴ համար ոչ պակաս կենսական ուղղություններով սուբյեկտների հետ իր հարաբերության կամ հակադրության բնույթով՝ տվյալ դեպքում Ռուսաստան, Ադրբեջան: Ահա այդ իմաստով, Հայաստանում առաջիկայում երբեք պետք չէ ակնկալել հանգիստ ներքաղաքական կյանք, քանի դեռ Ռուսաստանում լուծված չէ իշխանության հարցը՝ 2024 թվականի հեռանկարի համատեքստով:
Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments