Թեեւ ժամանակ կա գազի ներքին գնի վերաբերյալ Գազպրոմ Արմենիայի հայտի առնչությամբ ՀԾԿՀ որոշման համար, սակայն Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Ազատության հետ զրույցում ասել է, որ կա գազը բնակչության համար չթանկացնելու հնարավորություն, իսկ տնտեսվարողների պարագայում էլ, ըստ նրա, թանկացումը կարող է լինել այնքան, որ ոչ մի էական ազդեցություն չթողնի ապրանքների եւ ծառայությունների ինքնարժեքի վրա:

Մհեր Գրիգորյանը խոսել է նաեւ ԵՏՄ միասնական գնի մերժման Ռուսաստանի դիրքորոշման մասին, ասելով, թե ԵՏՄ անդամ երկրները որեւէ կերպ պատրաստ չեն այն ավելի խորը ինտեգրացիային, որի մասին խոսում է Պուտինը: Հայաստանի փոխվարչապետը հայտնել է նաեւ, որ ԵՏՄ-ն էլ որպես կառույց պատրաստ չէ այդպիսի ինտեգրացիայի:

Նրա խոսքով, այդպիսի ինտեգրացիայի օրինակ է Եվրամիությունը, որը սակայն դրան հասել է չափազանց երկար ու բարդ գործընթացների միջով:

Հայաստանում ներքին գինը չբարձրացնելու ինչ հնարավորության մասին է խոսում փոխվարչապետը, մանրամասներ ներկայացված չեն, նա ոչ կոռեկտ է համարում խոսել այդ մասին, քանի դեռ հայտը քննարկման փուլում է:

Միաժամանակ կասկածից վեր է, որ հարցը լինելով բնույթով տնտեսական, էությամբ քաղաքական է եւ ռազմա-քաղաքական: Ընդ որում, այստեղ խոսքը անգամ հայ-ռուսական հարաբերության մասին էլ չէ, այլ Ռուսաստանի համար ավելի լայն խնդրի: Բանն այն է, որ Եվրոպայում կարծես թե կոտրվում է Գազպրոմի մահակը: Գերմանիան, Լեհաստանը, Ավստրիան վերջին օրերին կայացրել են Գազպրոմի համար բավական տհաճ որոշումներ եւ իրականացրել անհարմար գործընթացներ: Դրան ավելացել է նաեւ Թուրքիան, որը 2019-ի համեմատությամբ մի քանի անգամ նվազեցրել է Ռուսաստանից գազի ներկրումը, ինչը պայմանավորված է այլ երկրներից հեղուկ գազի ներկրման աճով:

Ռուսական նավթա-գազային մահակը բարակել է, իր հետ բարակացնելով նաեւ ՌԴ նախագահ Պուտինի վարկանիշը: Բանն այն է, որ «գերժամանակակից հրթիռների» մասին մուլտֆիլմերից զատ, այդ վարկանիշը պահվել է մեկ էլ գազային մահակի հաջողության վրա:

Այդ իմաստով, Ռուսաստանի համար խնդիրը շատ ավելի լայն է, քան օրինակ Հայաստանին քաղաքական թանկ պահանջներով էժան գին տալը: Ռուսաստանն այլեւս քննարկում է իր ռազմա-քաղաքական հեղինակության, իսկ ավելի շուտ՝ «լեգենդի» հարցը: Եթե այն սկսի նահանջել նաեւ հետխորհրդային, կամ այսպես ասած եվրասիական տարածքում, ապա դա կարող է վերածվել արդեն քաղաքական «աղետի», առնվազն ՌԴ նախագահի համար:

Մյուս կողմից, սակայն, իրավիճակի բազմիմաստությունն այն է, որ հակառակը եւս հղի է քաղաքական աղետով, այն իմաստով, որ մերձավոր դաշնակից դիտվող երկրներին ոչ դաշնակիցներից ավելի թանկ գնով գազ ու նավթ վաճառելը պայթեցնելու է «եվրասիական ինտեգրացիայի» ռուսական քաղաքականությունը: Այլ կերպ ասած, Ռուսաստանը մոտեցել է մի սահմանի, որ իր իսկ նավթագազային ասեղը պայթեցնելու է իր իսկ փչած փուչիկը: