Putin

Համացանցում հայտնվել է տեսագրությունը, երբ ռեգիոններում իրավիճակի վերաբերյալ հեռավար խորհրդակցությանը ՌԴ նախագահ Պուտինը սեղանին է նետում գրիչը՝ խոսելով, որ մարդկանց կյանքին վերաբերող հարցերում պահանջում է համապարփակ և առարկայական զեկույցներ ու քայլեր:

Նախօրեին Ռուսաստանի Դաշնության նախագահը պաշտպանության նախարար Շոյգուին հանձնարարել է պատրաստվել հունիսի 24-ին ռազմական շքերթ անցկացնելուն, որը պետք է լիներ մայիսի 9-ին՝ Հաղթանակի 75-ամյակի առիթով, բայց հետաձգվեց կորոնավիրուսի պատճառով:

Ընդ որում, կորոնավիրուսը Ռուսաստանում դեռևս հաղթահարված չէ, և օրական մի քանի հազար վարակակիրների, նաև տասնյակ մահերի արձանագրումը շարունակվում է, բայց ՌԴ նախագահը որոշել է հունիսի 24-ին անցկացնել շքերթը: Շքերթը Պուտինի համար այլ բան չէ, քան պարզապես 75 տարի առաջ եղած հաղթանակի մեծապետական էներգետիկայի վրա տաքացնել սեփական ձեռքերը, ընթացիկ իրավիճակում չունենալով ՌԴ հանրությանը մատուցելու որևէ այլ ձեռքբերում:

Ավելին, Ռուսաստանում տնտեսական անկում է, նավթագազային ասեղն այլևս չի գործում ինչպես նախկինում, իրավիճակը ծանր է, հեռանկարները բարդ: Ըստ այդմ, Պուտինը կարող է սկսել ոչ միայն գրիչ նետել սեղանին՝ չինովնիկների հետ խոսելիս, այլ գուցե նույնիսկ ծեծել նրանց՝ միայն թե փրկվի վարկանիշը, որը արձանագրում է պատմական անկումներ: Որովհետև առանց դրա անհնար է լուծել նախագահական պաշտոնավարումը հաջորդ ժամկետներով շարունակելու հարցը, որը դրվելու է հանրաքվեի, և որը դարձյալ հետաձգվել է կորոնավիրուսի պատճառով: Ընդ որում, բավականին խոսուն է, որ շքերթը անցկացնելու որոշում կա, իսկ հանրաքվեն անցկացնելու որոշում՝ դեռ ոչ: Որովհետև պետք է լուծել վարկանիշի հարցը, մինչև հանրաքվե անցկացնելը, հակառակ դեպքում հարկ կլինի հանրաքվեն էլ անցկացնել ռազմական գործիքներով՝ ցանկալի արդյունք ստանալու համար: Ռուսաստանում այս խնդիրները ամենևին միայն Ռուսաստանինը չեն: Իշխանության խնդրի լուծման բարդությունները էապես ազդելու են այդ երկրի աշխարհաքաղաքական վարքագծի վրա, հատկապես այն ռեգիոններում, որտեղ Ռուսաստանը իրեն ավանդաբար զգում է դրության տեր, կամ համարում կենսական: Իսկ Կովկասը դրանցից է, հետևաբար՝ Ռուսաստանում իշխանության հարցի անկանխատեսելիությունը որոշակի անկանխատեսելիությամբ է հղի Կովկասում, այդ թվում՝ Հայաստանի համար:

Ըստ այդմ, Երևանից պահանջվում է աչալրջություն, զգոնություն և ամենատարբեր սցենարների դիտարկում՝ դրանցից որևէ մեկի պարագայում անելիքների հստակ գծագրմամբ: Այստեղից պետք է բխի նաև Հայաստանի ներքին տնտեսա-քաղաքական օրակարգը, որովհետև Ռուսաստանը մշտապես իրեն ազդեցիկ է համարել նաև այդ հարցում, և այդ օրակարգը մշտապես դիտարկել է իր ռեգիոնալ քաղաքականության ու ազդեցության համատեքստում: Ըստ այդմ, անկանխատեսելիությունը կարող է տարածվել նաև այստեղ, հետևաբար պետք է լինել պատրաստ դրան:
Spread the love