Ռուսաստանցի ոճրագործների անհասանելիությունն ու Հայաստանի լաբորատորիաները

- in Հրապարակ
us-russia

Կորոնավիրուսի համավարակի պայմաններում Ռուսաստանը, այդ թվում՝ Հայաստանի որոշակի շրջանակների հմուտ փոխանցումներով, բավականին աշխուժորեն սկսեց շոշափել Հայաստանում ԱՄՆ ֆինանսական և տեխնոլոգիական աջակցությամբ կառուցված կենսալաբորատորիաների թեման:

Հայտնի է, որ Ռուսաստանը բարձրաձայնում է դրանց միջոցով հետխորհրդային տարածքում իր շահերին հակասող կենսաբանական փորձարկումներ և հետազոտություններ անելու խնդիրն ու ակնկալում լաբորատորիաներ մուտքի իրավունք: Դա, թերևս, այլ բան չէ, քան լաբորատորիաներում պարբերական վերահսկողություն սահմանելու ձգտում: Հակառակ պարագայում, Մոսկվան հազիվ թե հարցը բերեր երկկողմ համաձայնագրով լուծելու մակարդակի, ոչ թե թողներ քաղաքական կամքի և պայմանավորվածության տիրույթում:

Այսինքն՝ պետք է ենթադրել, որ Ռուսաստանն ակնկալում է սիստեմավորված հասանելիություն: Սիստեմավորված հասանելիություն մի բանի, որը, թեև ստեղծվել է ամերիկյան օգնությամբ, սակայն Հայաստանի Հանրապետության սեփականությունն է, Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում, ինքնիշխան կառավարման ներքո: Ընդ որում, Երևանը հայտարարել է, որ Մոսկվան կարող է պատվիրակներ գործուղել և այցելելով լաբորատորիաներ, համոզվել դրանում: Թեման հերթական անգամ հայաստանյան նախկին իշխանությանը հարող շրջանակների միջոցով շրջանառության մեջ դրվեց օրեր, ընդ որում՝ հայտնվելով անգամ ադրբեջանական քարոզչական տիրույթում, բնականաբար, Հայաստանի դեմ շեշտադրումներով: Տարօրինակ, և անկասկած տխուր, ընդհուպ ողբերգական խորհրդանշականությամբ այս օրերին հայտնի դարձավ, որ Հայաստանի իրավապահները հասանելիություն չեն ունեցել Գյումրու ռուսական ռազմակայանին, որպեսզի այնտեղից դատարան տանեն ռազմակայանի զինծառայող Ռազգիլդեևին, որը մեղադրվում է գյումրեցի կնոջը դաժանաբար ծեծելու և սպանելու համար:

Դատը կանգնած է, որովհետև մեղադրյալը, ինչպես, օրինակ, մարդասպան ոճրագործ Պերմյակովն էր, ռուսական ռազմակայանի հովանու տակ է, որտեղ Հայաստանի իրավապահները չունեն որևէ հասանելիություն: Պերմյակովը, այդպես էլ մեկ օր իսկ չլինելով հայկական ենթակայության տակ, այժմ տեղափոխվել է Ռուսաստան և ցմահ պատիժը կրում է այնտեղ, թեև այլ մանրամասն տեղեկություններ չեն տրամադրվում՝ համարվում են գաղտնի: Ահա այդ իրողության ֆոնին, երբ Հայաստանի իրավապահները հասանելիություն չունեն Հայաստանի քաղաքացիներ սպանած և ՀՀ տարածքում Ռուսաստանի ռազմակայանում գտնվող ռուսաստանցի զինծառայողների նկատմամբ, բավականին բարդ է բնութագրել, թե ինչ է նշանակում Հայաստանի Հանրապետության սուվերեն սեփականություն կենսալաբորատորիաների նկատմամբ ռուսական հավակնությունը, որ արդեն մի քանի տարի դրսևորվում է այդ երկրի արտգործնախարարության մակարդակում՝ փորձելով հասնել նպատակին պաշտոնական Երևանի վրա տարատեսակ ճնշում բանեցնելու միջոցով:
Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments