Ռուստամ Բադասյանի հարցերը Վենետիկի հանձնաժողովին. ԱՄՆ հորդորի հետքով

- in Կարծիք

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը դիմել է Վենետիկի հանձնաժողովին, ուղղելով Հայաստանի ՍԴ շուրջ ստեղծված իրավիճակի հանգուցալուծման վերաբերյալ հարցեր: Հարցերի վերաբերյալ մանրամասներ հայտնի չեն:

Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված վիճակի հանգուցալուծումը պետք է տեղի ունենար ապրիլի 5-ի հանրաքվեի միջոցով, սակայն համաճարակը փոխեց իրավիճակը: Հայաստանի կառավարությունը մայիսի 14-ին արդեն երկրորդ անգամ կայացրեց արտակարգ իրավիճակը շարունակելու որոշում՝ վարակի դեմ պայքարի գործում օպերատիվ քայլերի հնարավորությունը պահպանելու համար:

Միաժամանակ, մամուլում տարածվել է տեղեկություն, թե արտակարգ իրավիճակը երկարաձգվում է, որովհետեւ այդպիսով կառավարությունը խուսափում է հանրաքվեից: Բանն այն է, որ արտակարգ դրության չեղարկումից հետո պետք է առավելագույնը 65 օր անց լինի հանրաքվեն, սակայն ըստ մամուլի՝ կառավարությունը ունի մտավախություն, որ չի հավաքի այո-ի համար բավարար ձայն:

Մյուս կողմից, ակնառու է, որ համաճարակի իրադրությունն առնվազն հիմնավոր է դարձնում արտակարգ դրության պահպանումը: Ընդ որում, տնտեսական սահմանաձակումները հանում, բայց արտակարգ դրությունը պահում են գործնականում բոլոր երկրները, մինչդեռ նրանք չունեն հանրաքվեից խուսանավելու խնդիր: Ըստ այդմ, մամուլի գնահատականը թերեւս տեղավորվում է Հայաստանում ընթացող ներքին դիմակայության քարոզչական բաղադրիչի շրջանակում:

Ավելին, փաստացի ստացվում է, որ կորոնավիրուսը կառավարությանը թույլ չի տալիս արագ լուծել ՍԴ հարցը: Միեւնույն ժամանակ, ինչպես առիթ եմ ունեցել արձանագրել տարբեր հրապարակումներում, ամենեւին միարժեք չէ, որ այդ հարցը լուծումը Նիկոլ Փաշինյանի համար ունի խիստ հրատապություն: Ավելին, այդ առնչությամբ ակնառու է, որ Փաշինյանի գործողությունների եւ մոտեցումների կապակցությամբ դժգոհություն ունեն կառավարող մեծամասնության որոշակի շրջանակներ, նաեւ ՍԴ խնդիրը փաստացի «բացած» դատավոր Վահե Գրիգորյանը:

Փաշինյանի համար ինչպես չկա ՍԴ սկզբունքային, ռազմավարական վտանգ, այդպես էլ չկա դրա չեզոքացման խիստ հրատապություն: Ավելին, հարցը գործնականում նրա համար ներքին եւ արտաքին քաղաքական գործիքակազմի որոշակի տարր է, եւ մեծ հաշվով հանրաքվեի՝ այլ կերպ ասած հասարակական վստահության հանրաքվեի կամ հեղափոխության ռեսթարտի քաղաքական որոշումը կայացվեց բավական արագ, բավական բարդացած արտաքին քաղաքական պայմաններում:

Լայն համատեքստում, Վենետիկի հանձնաժողով Ռուստամ Բադասյանի դիմումը հատկանշական էր օրերս Միացյալ Նահանգներից հնչած հայտարարության ֆոնին: ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի ու Եվրասիայի հարցերի տեղակալի օգնական Ջորջ Քենթը, պատասխանելով Ամերիկայի ձայնի հարցին, Հայաստանի իշխանությանը դատական ռեֆորմի հարցում հղել էր արմատական մոտեցումներից զերծ մնալու եւ Վենետիկի հանձնաժողովին ունկնդրելու հորդոր:

Փաստացի, այդ հորդորին հաջորդում է Ռուստամ Բադասյանի նամակը Վենետիկի հանձնաժողովին: Մինչ այդ, Բադասյանը վարչապետ Փաշինյանի հետ քննարկում էր դատական ռեֆորմի եւ վեթթինգի հեռանկարը, նաեւ մեծ աղմուկ հանած ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքի կիրարկման հեռանկարը:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments