hretani zenq

Տրիպոլիի կառավարությունը հայտնում է, որ Լիբիայում կռվող 1600 ռուսաստանցի «վագներականներ» օդանավերով հեռացել են Տրիպոլիի մատույցների ռազմական գործողությունների գոտուց: Թե ուր են հեռացել, Տրիպոլիի կառավարության աղբյուրը չի հայտնել:

Լիբիայում տեւական ժամանակ բավական թեժ է: Թուրքայի աջակցությունն ունեցող կառավարական ուժերը ուժեղ հարվածներ են հասցրել Ռուսաստանի աջակցությունը վայելող գեներալ Հավթարի բանակին, որը հասել էր Տրիպոլի: Հավթարն ունեցել է կորուստներ, այդ թվում ռուսական սպառազինության: Կորուստները եղել են թուրքական անօդաչուների հարվածի հետեւանք: Հավթարի հրամանատարները օրերս հայտարարել են, որ կլինի օդային աննախադեպ հակահարված: Ենթադրվում է, որ դա կիրականացվի ռուսական ռազմական կործանիչների եւ գրոհային օդանավերի միջոցով: Ըստ ԶԼՄ-ների՝ Ռուսաստանը Սիրիայից Լիբիա է տեղափոխել 6 Միգ 29 եւ 2 Սու 24:

Այդ դեպքում ինչու՞ են հեռանում «վագներականները», կամ ու՞ր են հեռանում, եթե Ռուսաստանը պատրաստվում է ուժեղ հակահարվածի: Թե՞ Մոսկվան փորձում է անցնել օդային «պատերազմի», հետ քաշելով ցամաքային ուժերը եւ ցամաքը թողնելով լոկ Հավթարի բանակին: Մոսկվան գնում է վերադասավորման եւ հակահարվածի՞, թե պատրաստվում է Թուրքիայի հետ գործարքի:

ԶԼՄ-ները տեղեկություն են տարածել նաեւ, որ Թուրքիան իր հերթին 300 վարձկան է Սիրիայից տեղափոխում Լիբիա:

Լիբիան 2020 թվականից ի վեր երկրորդ թեժ կետն է, որտեղ ռազմական բախման են հանգում Թուրքիան ու Ռուսաստանը: Փետրվարի վերջին, մարտին դա Սիրիան էր, այժմ՝ Լիբիան: Նախկինում Մոսկվային ու Անկարային հաջողվում էր խուսափել ռազմական լուրջ բախումներից եւ դիմակայությունից:

Ինչու՞ է 2020 թվականը տարբերվում էապես: Երբ 2020 թվականի հունվարի 3-ին ԱՄՆ Բաղդադի օդանավակայանում սպանեց իրանցի գեներալ Սոլեյմանիին, որը առանցքային ֆիգուր էր թե իրանյան, թե ռեգիոնալ քաղաքականության համար, հրապարակումներից մեկում կանխատեսեցի, որ նոր իրավիճակը սրելու է Թուրքիաի եւ Ռուսաստանի հարաբերությունը: Բաղդադում ԱՄՆ հարվածը թե քաղաքական, թե հոգեբանական առումով նոր իրավիճակ է ստեղծել: ԱՄՆ-ից ուժեղ հարված ստացած Իրանը լրացուցիչ փաստարկներ էր ձեռք բերել Աստանայի ձեւաչափի մյուս երկու մասնակիցների հանդեպ: Հատկանշական է, որ դրանից հետո Ռուսաստանն ու Թուրքիան խուսափում են այդ ձեւաչափով Իրանի հետ հանդիպումից:

Կորոնավիրուսի համավարակը էլ ավելի է սրել իրավիճակը՝ աշխարհաքաղաքական գործընթացում արձանագրելով ամերիկա-չինական երկբեuեռ խաղի գերակայությունը: Դա գործնականում անհամատեղելի է դարձրել ռուս-թուրքական խաղը: Եթե հետխորհրդային շրջանում այդ երկրները եվրատլանտյան բեuեռում դիտարկվում էին միմյանց փոխադարձ զսպման ռեսուրս՝ ինչը թույլ էր տալիս նրանց պարբերաբար մանեւրել եւ հաջող առեւտուր անել Արեւմուտքի հետ, ապա չինական երկրորդ բեuեռի կայացումը Արեւմուտքի համար վերացնում է դրա անհրաժեշտությունը: Ամեն ինչ այլեւս կզսպի չինական բեuեռի առկայությունը: Ռուսաստանն ու Թուրքիան գործնականում կռվում են եւ կռվելու են նոր իրավիճակում նոր դերի համար:

Հայաստանն այդ իմաստով ունի կարեւորագույն անելիք եւ առաքելություն՝ այդ կռիվը Կովկաս չտարածելու համար: Դա ինքնիշխան խաղն է ԱՄՆ ու Չինաստանի հետ: Ամենեւին ոչ ՌԴ կամ Թուրքիայի դեմ, այլ Կովկասի ապագայի վերաբերյալ: Հայաստանն այդտեղ կարող է ունենալ հեռանկար, երբ թե Թուրքիան, թե Ռուսաստանը ռեգիոնալ դերի հարցում կունենան Հայաստանին դիմելու եւ աշխատելու անհրաժեշտություն:

Spread the love