Saakashvili

Ուկրաինայի Բարեփոխումների գործադիր կոմիտեի ղեկավար Միխայիլ Սահակաշվիլին հայտարարել է, որ «կոռումպացված ուկրաինական էլիտան» խանգարել է նրան երկրի փոխվարչապետ դառնալ: Այս մասին նա խոսել է «Ուկրաինա 24» հեռուստաալիքի եթերում, տեսանյութը հասանելի է YouTube-ում:

«Նախագահն ինձ ներկայացրեց որպես բարեփոխումների գծով փոխվարչապետ: Խորհրդարանի որոշ մասը դեմ արտահայտվեց, պարզ է, թե ինչ շահեր կային այս ամենի հետևում: Հասկանալի է, որ հսկայական բյուջե է հատկացվել լրատվամիջոցներին: Գիտեմ, որ տարբեր հեռուստաալիքներ 30 խոսնակներ են պահում, որոնք օր ու գիշեր միայն իմ մասին են խոսում: Հենց ժամանակ են գտնում՝ իրենց հինգ կոպեկանոցներն են դնում»,- վրդովվել է Սահակաշվիլին:

Նրա խոսքով, ուկրաինական էլիտայի ներկայացուցիչները ցանկանում են պահպանել ստատուս-քվոն: Նա կարծում է, որ նախագահ Վլադիմիր Զելենսկին նույնպես մեծ խնդիր է նրանց համար, քանի որ անհասկանալի է այդ նույն էլիտայի համար:

«Զելենսկու օրոք նրանք վտանգի զգացում ունեն, քանի որ նա երբեք չի կարող դառնալ այդ համակարգի մասը: Բայց եթե ես հայտնվեմ մոտակայքում, ապա դա ավելի վատ կլինի, նույնիսկ այնպիսի պաշտոնում, որի համար անհնար է որևէ այլ թեկնածու գտնել»,- ասել է Սահակաշվիլին:
Spread the love