LGHH

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Չնայած Արցախում ընտրական գործընթացներն արդեն անցյալում են, սակայն քաղաքական թեժ զարգացումները դեռ առջևում են:

Նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հաղթանակ տանելուց հետո նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը պետք է լծվի կադրային փոփոխությունների և նոր համակարգ ձևավորելու գործին: Եվ հենց այստեղ էլ թաքնված են խնդիրները: Բանն այն է, որ երեկ համագործակցության հուշագիր ստորագրվեց Արայիկ Հարությունյանի և «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանի միջև: Համաձայն պայմանավորվածության՝ Սամվել Բաբայանը նշանակվելու է Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար՝ փոխարինելով Արշավիր Ղահրամյանին:

Մեր տեղեկություններով՝ Սամվել Բաբայանը դեռևս չի ցանկանում բավարարվել իրեն առաջարկված պաշտոնով, ցանկանում է ավելի մեծացնել իր լիազորությունները և դառնալ Արցախում գործոն: Սակայն այս նշանակման մասին տեղեկություններն արդեն իրարանցում են առաջացրել Արցախում, քանի որ այդ երկրի էլիտան չի պատկերացնում, թե ինչպես է ապրելու, աշխատելու մի երկրում, որտեղ Սամվել Բաբայանը բարձր պաշտոն է զբաղեցնում: Անհանգստացած են բոլորը՝ առանց բացառությունների՝ Սամվել Կարապետյան (Օգանովսկի), Արշավիր Ղահրամյան, Բակո Սահակյան, Արկադի Ղուկասյան ու էլի շատ շատերը:

Բանն այն է, որ Արկադի Ղուկասյանի դեմ 2000 թվականի մարտի 22-ին տեղի ունեցած մահափորձից հետո տարիներ շարունակ Արցախի իշխանական էլիտան Բաբայանին, կարելի է ասել, վտարել էր Արցախից: Նաև Բաբայանի առանձնատունն էին պետականացրել՝ վերածելով մանկապարտեզի: Հիմա պայմանավորվածություն կա, որ Բաբայանին կվերադարձվի նաև նրա առանձնատունը: Ու սա դեռ սկիզբն է, ինչն էլ հենց անհանգստացնում է Արցախի էլիտային: Նրանք երաշխիքներ են պահանջում Արայիկ Հարությունյանից»:

Spread the love