Այսօր՝ մայիսի 26-ին, ԱԺ հայտարարությունների ժամին «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Թևոսյանը հայտարարեց. «Սիրելի քաղաքացիներ, վտանգված է ձեր լիարժեք տեղեկացված լինելու իրավունքը»:

Նա անդրադարձավ իր, Արման Բաբաջանյանի և Մխիթար Հայրապետյանի կողմից շրջանառության մեջ դրված տեսալսողական մեդիայի մասին օրենքի նախագծին ասաց. «Կայքերից մեկում կարդում եմ` «էս մարդիկ (էս մարդիկ մենք ենք) փորձել են կանոնակարգել դաշտը հետևյալ կերպ. եթե որևէ կայք փորձի որևէ տեսահոլովակ սարքել, դրա համար պետք է պետության կողմից ունենա լիցենզիա»: Սակայն օրենքի նախագիծը ոչ միայն որևէ լիցենզիա որևէ մեկի համար չի սահմանում, այլև ընդհանրապես որևէ կերպ չի կարգավորում լրատվական կայքերը: Սա բացարձակ սուտ է, սույն կայքը յաբախտի գրել է` վստահ լինելով, որ կհավատաք»:

Պատգամավորը այս երևույթը բացատրում է այն հանգամանքով, որ իրենք կայքեր չեն ֆինանսավորում. «Ֆինանսավորումը այն նույն աղբյուրներից է, ինչ եղել է տարիներ շարունակ: Որպես հետևանք ունենք լեգիտիմ իշխանության դեմ պատերազմ վարող մի ամբողջ լեգեոն: Ես թքած կունենայի, եթե չփորձեին այսքան պրիմիտիվ ձևով ձեզ հիմարացնել»:

Spread the love