ՍԴ ճգնաժամի հանգուցալուծման համար քննարկվում է երկու տարբերակ

- in Կարծիք

Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ իշխանությունները արդեն հասկացել են, որ Սահմանադրական դատարանի հարցը հանրաքվեի ճանապարհով լուծելն անհնար է, և անիմաստ է սպասել և զուր ժամանակ ծախսել։

Հասկանալով ՍԴ ճգնաժամի հանգուցալուծման կարևորությունը, առավել ևս արտակարգ իրավիճակների շարունակականության և արտակարգ դրության պայմաններում պետությունը սահմանադրականության ուղեծրում պահելու առումով, իշխանությունները լծվել են ՍԴ ճգնաժամի հանգուցալուծման մնացած տարբերակների մշակման գործին։

Մեզ հասած տեղեկություններով՝ քննարկվում է հիմնականում 2 տարբերակ։ Առաջինը ՍԴ 7 դատավորի թեկնածու առաջադրելն ու ընտրելը, կամ ԱԺ-ի կողմից Սահմանադրության 213 հոդվածի փոփոխություն իրականացնելու միջոցով: Ընդ որում, այս վերջին տարբերակն ունի 2 ենթատարբերակ՝ «կոշտ» լուծում, երբ դադարեցվում են բոլոր 7 անդամների լիազորությունները, և «փափուկ» լուծում, երբ կիրառվում է պաշտոնավարման 12-ամյա ժամկետի սահմանափակումը, որի հիմքով այս պահի դրությամբ դադարում է ՍԴ 3 անդամների՝ Նազարյանի, Գյուլումյանի ու Թոխյանի պաշտոնավարումը, իսկ մյուս անդամների պաշտոնավարումը կդադարի նրանց ժամկետները լրանալուց հետո։

Մեզ հասած տեղեկություններով, որ տարբերակին էլ դիմի քաղաքական իշխանությունը, նախ և առաջ իրավաքաղաքական գնահատականի է արժանացնելու ՍԴ անցած գործունեությունը։ Այն կարող է հրապարակվել ԱԺ հայտարարության կամ ուղերձի տեսքով։ Այսինքն՝ այդ կերպ իշխանությունը բացատրելու է, թե ԱԺ-ն ինչու է նման կտրուկ միջոցի դիմում։

ՍԴ հարցի լուծման այս երկու տարբերակներից որևէ մեկն ընտրելուց հետո որոշում է կայացվելու նաև հանրաքվեի համար նախատեսված 3.5 մլրդ դրամը ուղղել առողջապահության համակարգի համալրմանը և վերազինմանը՝ համաճարակի դեմ պայքարում:

Այսինքն՝ առաջիկայում, երբ վերջնական որոշում կայացվի, նախ՝ իշխող խմբակցությունը հայտարարության տեսքով իրավաքաղաքական գնահատականի է արժանացնելու ՍԴ անցած 20 տարիների գործունեությունը, ապա ԱԺ արտահերթ կամ հերթական նիստում ՍԴ ճգնաժամի հարցի վերաբերյալ արտահերթ քննարկումներ կսկսվեն։ Հաջորդ քայլը լինելու է հանրաքվե նշանակելու մասին ԱԺ արդեն իսկ կայացված որոշման չեղարկումը՝ այն հիմնավորմամբ, որ ՍԴ ճգնաժամի հանգուցալուծման հրատապությունն այս ճգնաժամի լուծման համար այս իրավիճակում ընտրված լուծումն անհնար է դարձնում՝ ելնելով հանրության առողջության և քաղաքացիների կյանքի իրավունքի պաշտպանության պետության սահմանադրական պարտականությունից։

Այս ամենից հետո, արդեն կոնկրետ քննարկումները կգնան ընտրված տարբերակներից որևէ մեկի վերաբերյալ։ Ապա ԱԺ հանդես կգա ուղերձով՝ դիմելով ՍԴ դատավորի թեկնածուներ առաջադրելու լիազորություն ունեցող սահմանադրական մարմիններին՝ առաջադրելու թեկնածուներ, և տեղի կունենա նրանց ընտրության գործընթացը։ Իսկ եթե ընտրվի երկրորդ տարբերակը, հատկապես դրա «փափուկ» ձևը, ապա ԱԺ-ն կընդունի 213 հոդվածի փոփոխությունը, որի ուժով անմիջապես կդադարեցվի ՍԴ 3 անդամների և դատարանի նախագահի լիազորությունները, և կընտրվեն 3 դատավորներ, որոնց թեկնածուները կառաջադրվեն կառավարության, նախագահի և դատավորների ընդհանուր ժողովի կողմից: Իսկ եթե ընտրվի երկրորդ տարբերակի «կոշտ» ձևը, ապա ԱԺ-ն կընդունի 213 հոդվածի փոփոխությունը, որի ուժով անմիջապես կդադարեն ՍԴ 7 անդամների լիազորությունները, և կընտրվեն 7 դատավորներ։

Նոր ՍԴ կազմի ձևավորելուց հետո ԱԺ-ն կանցնի ՍԴ մասին սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի ընդունմանը։

Նշենք, որ այս բոլոր տարբերակներն էլ ներկայումս հավասարապես քննարկվում են իշխանության ներսում, բայց առաջիկայում՝ հնարավոր կարճ ժամկետում պետք է որոշում կայացվի, քանի որ եթե մայիսի 14-ին արտակարգ դրության ռեժիմն ավարտի և այն կրկին չերկարաձգվի, ապա դրա ավարտից ամենաուշը 65 օր հետո պետք է տեղի ունենա Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments