Karen Andreasyan

Նախկին ՄԻՊ Կարեն Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Նախկինների հանցավոր մնացորդները մի նոր ու զզվելի՝ իրենց վերջին խաղն են սկսել: Նրանք ամեն մի փոքր իրավական միջադեպ և իշխանական ամեն մի սայթաքում վերածում են համաժողովրդական ողբի: Դրա համար նրանք ունեն բավական քանակի ծախու լրագրողներ, քաղաքագետներ և կեղծ իրավապաշտպաններ:

Սյունիքում կոռուպցիոն կապեր ունեցող համայնքապետին առնչվող և դեռ չստուգված միջադեպը հապճեպորեն ներկայացվում է որպես մարդու իրավունքների կոլապս: Փաստաբանի տան վրա մի քանի լկտի հարևանների խիստ դատապարտելի հարձակումը մատուցվում է որպես իշխանությունների կողմից իրավապաշտպանի հալածանք: Երկրից կոռուպցիոն գործերի համար փախած վիդեոբլոգերի զավեշտալի հոխորտանքները ներկայացվում են որպես քաղաքական հայտ: Իր մի քանի թիմերին դավաճանած չեկիստի անհեթեթ զուգերգը այդ նույն վլոգերի հետ մատուցում է որպես պետականության վախճանի կանխատեսում: Սեփական երեխաների կողմից ավերակներում լքված պապիկին պետության կողմից օպերատիվ աջակցությունը սարքում են իշխանության ապիկարության դրսևորում` մոռանալով, որ իրենց թալանի շնորհիվ են հազարավոր պապիկներ հայտնվել նման ավերակներում:

Այս ամբողջ անբարո լրատվաքաղաքական մանիպուլյացիան արվում է Հայաստանի համար ամենավտանգավոր ուժի՝ նախկինների մաֆիայի վերադարձի համար:

Հուսանք՝ ամառվա տաք օրերին կոչնչացվեն թե՛ կորոնավիրուսը և թե՛ դրանից առավել վտանգավոր՝ նախկինների հանցավոր խմբի վերջին մնացորդները»:

Spread the love