ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը նախօրեին ՀՔԾ-ից դուրս գալուց հետո լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել էր Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանի հայտարարությանը, թե Վանեցյանի միջոցով վարչապետ Փաշինյանն իրեն գործարք է առաջարկել։

Վանեցյանն ասել էր, որ քրեական գործ է հարուցված և պետք է սպասել քննությանը՝ միևնույն ժամանակ հայտարարելով, որ ինքը ո՛չ հերքում, ո՛չ հաստատում է այդ տեղեկությունը։

Դիտարկմանը, թե ինչպես եղավ, որ ձեր և Միքայել Մինասյանի ցանկությունները վարչապետի փոփոխության հետ կապված համընկան, նա պատասխանեց. «Վարչապետի հրաժարականի մասին, եթե ուշադիր հետևել եք իմ հարցազրույցներին, առաջինը խոսել եմ ես, և հիմա, երբ արդեն բոլորն են խոսում դրա մասին, կարող են զուգահեռներ անցկացնել։ Վարչապետին փոխելու և նոր վարչապետ ընտրելու մասին առաջինը խոսել եմ ես»։

Քաղաքագետ Արմեն Վարդանյանի խոսքերով՝ Վանեցյանի վերջին հարցազրույցները և գործողությունները ակնհայտորեն ցույց են տալիս, որ ինքն ու Միքայել Մինասյանը այժմ միասին են գործում։ «Ե՛վ հայտարարությունները, մեսիջներն են նույնությամբ համընկնում, և՛ Վանեցյանը Միքայել Մինասյանին պատկանող ԶԼՄ-ների ցանկալի հյուրն է, այդ ԶԼՄ-ները նրան մշտապես առաջ են մղում։ Ակնհայտ է, որ այդ երկուսը միասին գործում են ընդդեմ Նիկոլ Փաշինյանի իշխանության, և որևէ x պահի հնարավոր է, որ այդ կապը բացահայտ կդառնա»,- ասաց Վարդանյանը։

Քաղաքագետի խոսքերով՝ և՛ Վանեցյանը, և՛ Միքայել Մինասյանը կառավարվում, ուղղորդվում են ռուսական կենտրոնի, ռուսական կողմից։ «Հիշենք, որ ամիսներ առաջ Միքայել Մինասյանը Մոսկվային սիրաշահող մեծ հոդված էր գրել ռուսական մամուլում և փորձում էր այդտեղ Հայաստանի դաշնակցային դերը բացատրել Ռուսաստանին և սեր էր խոստովանում Կրեմլին։ Ներկայումս ակնհայտ է, որ Միքայել Մինասյանը գործում է Կրեմլի շահերին համահունչ։ Ինչ վերաբերում է Վանեցյանին, ապա նա երբեք էլ իրեն չի դիրքավորել որպես արևմտամետ՝ ի տարբերություն Միքայել Մինասյանի, որը ժամանակին այդպիսի միֆ էր ստեղծել հանրության շրջանում, որ ինքն արևմտամետ է։ Միքայել Մինասյանի ռևերանսները որոշակիորեն զարմանալի են, բայց ներկայումս ակնհայտ է, որ նա պրոռուսական գծի մեջ է»,- ասաց Վարդանյանը։

Քաղաքագետի խոսքերով՝ տարբեր սցենարներ կարող են լինել Վանեցյանի ու Միքայել Մինասյանի մոտ, բայց ակնհայտ է, որ նրանք ինչ-որ պահի միավորվելու են, բայց առայժմ այդ երկուսը տարբեր վեկտորներից գրոհ են սկսել իշխանության վրա։ «Իսկ թե ապագայի հետ կապված ինչպիսի պայմանավորվածություն ունեն, այս պահին այդքան էլ տեսանելի չէ։ Կարծում եմ՝ քաղաքական զարգացումներից է կախված նրանց գործողությունները։ Բայց այս պահին ակնհայտ է, որ Միքայել Մինասյանը չի կարող վերադառնալ Հայաստան և հրապարակային գործունեություն ծավալել։ Հետևաբար՝ այս փուլում նա գործելու է Արթուր Վանեցյանի թիկունքից։ Բացառված չէ, որ Մինասյանը փորձում է Վանեցյանին բերել իշխանության, որը կարող է լինել իր փրկությունը, իր դեմ հարուցված քրեական գործերը վերացնելու ճանապարհը։ Տարբերակները, սցենարները մի քանիսը կարող են լինել, գործողությունները կարող են տարբեր լինել, բայց նպատակը մեկն է, որին նրանք երկուսով են լծվել ներկայումս և միասնաբար են գործում»,- եզրափակեց Վարդանյանը։

Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանի խոսքերով՝ ամեն ինչ արդեն ակնհայտ է, որ Վանեցյանն ու Միքայել Մինասյանը ուղղորդվում են նույն կենտրոնից, այդ կենտրոնը Ռուսաստանն է։ «Փաստն այն է, որ այդ մարդիկ, որքանով էլ որ իրար հետ կապված են, այդ մարդիկ նույն օրակարգն են սպասարկում, և այդ օրակարգն է մաքսիմալ վնասել Հայաստանի Հանրապետությունը։ Ընդ որում, այդ ամենն անել այնպես, որ, իբրև թե, դա ներհայաստանյան հարց է։ Ռուսաստանը դա ֆորմալ առումով անում է հայերի ձեռքերով։ Կարճ ասաց՝ տեղի է ունենում այն, ինչ արդեն իսկ եղել է ու ինչին ականատես ենք եղել 1920 թվականին։ Հայրենիքի զգացում կորցրած տարրն այսօր՝ որպես բութ գործիք, օգտագործվում է Հայաստանի դեմ»,- ընդգծեց Մեհրաբյանը։

Նա պատահական չի համարում նաև այն հանգամանքը, որ Վանեցյանը շրջում է ռուսական պետհամարանիշներով շքեղ մեքենայով։ Այդ ավտոմեքենան, հիշեցնենք, սկսեց Վանեցյանին սպասարկել, երբ նա ԱԱԾ տնօրեն նշանակվեց, այդ ժամանակ ԱԱԾ-ից պարզաբանել էին, որ ավտոմեքենան անհատույց և անժամկետ տնօրինման իրավունքով Վանեցյանին է նվիրել այն ընկերությունը, որի սեփականատերը Վանեցյանի գործարար հայրն է։ Այդ ժամանակ ավտոմեքենայի վրա տեղադրված էին ԱԱԾ-ին սպասարկող պետական համարանիշներ։ Պաշտոնանկությունից հետո, երբ Վանեցյանը սկսեց հանդես գալ ընդդիմադիր դիրքերից, մեքենայի վրա հայտնվեցին ռուսական պետհամարանիշներ։ Մեհրաբյանի խոսքերով՝ «ամեն ինչ այնքան ակնհայտ է, որ լրացուցիչ ասելիք չկա»։ «Այստեղ ուղղակի ակնհայտ է մարդկանց մտահղացումները, այդ մարդկանց ակնկալիքները և դրանց պատճառները»,- եզրափակեն քաղաքագետը։

Spread the love