Վարչապետի նախազգուշացումը. սթրեսը չի փակելու ճանապարհը

- in Կարծիք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ կորոնավիրուսի տարածման թափը Հայաստանում բավականին մեծ է եւ այդ տեմպը շարունակվելու դեպքում կարող են կրկին լինել սահմանափակումներ: Հայաստանում սահմանափակումները գրեթե չեղարկված են, տնտեսությունը գրեթե ամբողջությամբ բացված:

Միաժամանակ, դրան զուգահեռ ավելացել է վարակի հայտնաբերման վիճակագրությունը: Մայիսի 13-ին օրինակ հայտնաբերվել է 180 վարակակիր: Միաժամանակ հայտնի է, որ արդեն տեւական ժամանակ Հայաստանն անում է օրական ավելի մեծ թվով թեստեր:

Բանն այն է, որ թե Հայաստանում, թե աշխարհի գործնականում բոլոր երկրներում ամենօրյա վիճակագրությունը բավականին հարաբերական է, քանի որ այն դուրս է բերվում իրականացվող թեստավորումների շարքից: Մինչդեռ, կասկած չկա, որ վարակակիրներն իրականում ավելի շատ են, առավել եւս, որ մի զգալի մասը՝ ըստ գնահատականի մոտ 80 տոկոսը վարակը կրում են առանց էական ախտանշանի:

Ըստ այդմ, իրական վարակակիրների թիվն աշխարհում ու Հայաստանում էապես ավելին է, քան եղած վիճակագրությունը:

Միաժամանակ պարզ է նաեւ, որ սահմանափակումների չեղարկումն այսպես թե այնպես բերելու է վարակի տարածման վիճակագրական որոշակի աճի: Ըստ այդմ, սահմանափակումները հանուն տնտեսության թուլացնելուն զուգահեռ, հանուն հանրային, մարդկային առողջության կարեւոր է պահպանել քաղաքացիների զգոնությունը:

Բայց խիստ կարեւոր է նաեւ, թե ինչպես է դա արվում: Երբ վարչապետի մակարդակով հայտարարվում է, որ վարակի թափը շարունակվելու դեպքում նորից կկիրառվեն սահմանափակումներ, դա բավական անօգտակար, եթե ոչ վտանգավոր ազդակ է տնտեսության համար: Բիզնեսը նոր-նոր սկսել է վերականգնել գործունեությունը: Գործարարներն այդ խնդիրը պետք է լուծեն բավական բարդ միջավայրում, բարդ սոցիալ-հոգեբանական մթնոլորտում:

Ի՞նչ ազդակ կարող է լինել նոր նոր շնչել սկսող բիզնեսի համար այն, որ կարող են «նորից լինել սահմանափակումներ, եթե այդպես շարունակվի»: Օրինակ, հատկապես ո՞րն է այն սահմանը, որից հետո դարձյալ կլինեն սահմանափակումներ: Քանի՞ օր, ամիս կամ շաբաթ հետո կարող են լինել այդ սահմանափակումները: Ի՞նչ սպասումներ է դա ձեւավորելու տնտեսվարողների մոտ, որոնք վերսկսել են աշխատել, սկսել են պլանավորել հետագա քայլերը: Նրանց տրվում է վատ ազդակ:

Այն, որ համավարակի վիճակով պայմանավորված դա կարող է լինել, իհարկե հնարավոր չէ բացառել: Բայց, ի վերջո, եթե դրված է համավարակի հետ ապրելու խնդիր՝ ինչի մասին հայտարարել է հենց վարչապետը, ապա գործարարներին ուղղված ազդակները չպետք է դառնան բիզնեսին ակամա ուղղված բացասական սպասում ենթադրող ազդակներ:

Գործնականում կասկած չկա, որ համավարակի «դեղը» բնական իմունիզացիայի ճանապարհն է: Ինչպես հնարավոր է նկատել համաշխարհային միտումներից, գործնականում անցում է կատարվում այդ մոտեցմանը: Բոլոր երկրներում թուլացվում են սահմանափակումները, քննարկվում են տնտեսության անգամ վարակի առումով ամենազգայուն ոլորտները բացելու հարցերը:

Միաժամանակ ի հայտ են գալիս տեղեկություններ, որ վարակը Եվրոպայում օրինակ կարող էր լինել ամիսներ առաջ, քան կարանտինի կիրառումը: Հարցերը իսկապես շատ են, պատասխանները քիչ, սակայն այդ ամենով հանդերձ կասկածից վեր է, որ տնտեսությունը պետք է շնչի ավելի ու ավելի լիարժեք, որպեսզի ի վերջո պետությունն էլ ունենա վարակի դեմ պայքարի կարողություն:

Ըստ այդմ, պետք է աշխատել այդ կարողությունները հնարավորինս արագ ու դինամիկ ընդլայնելու ուղղությամբ, առանց բիզնեսին ու հանրությանը հոգեբանական անընդհատ գերլարման մեջ պահելու: Այդ գերլարումը վարակի դեմ ելք չէ, փոխարենը մուտք է օրգանիզմներ զանազան այլ հիվանդությունների համար, որոնց համար խոպան է մարդկային սթրեսային միջավայրը:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments