Վիճաբանություն ԱԺ-ում՝ Էդմոն Մարուքյանի ու Ալեն Սիմոնյանի միջև

- in Տեսանյութեր
nikol-aram-edmon

ՀՀ ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը և «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը բանավիճեցին Ազգային ժողովի միջանցքում:

Բանավեճի թեման 2018 թ. թավշյա հեղափոխության օրերին փողոցում և 2020 թ. մայիսի 8-ին Ազգային ժողովում տեղի ունեցած իրադարձություններն էին:

Ալեն Սիմոնյանը նախ նշեց, որ 2018 թ. հեղափոխության ժամանակ ապրիլի 16-ին նա «Ելք» դաշինքի «Ֆեյսբուք»-ի էջում իր գործընկերներին կոչ է արել դուրս գալ փողոց, սակայն Էդմոն Մարուքյանն ու մյուսները չեն արձագանքել, ինչը Մարուքյանը հերքեց:

Այնուհետև Ալեն Սիմոնյանը կոչ արեց Էդմոն Մարուքյանին վերադառնալ Ազգային ժողովի նիստերի դահլիճ, իսկ արձագանքելով Էդմոն Մարուքյանի այն դիտարկմանը, թե «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից ոմանք իրեն մայիսի 8-ին Ազգային ժողովում տեղի ունեցած միջադեպի ընթացքում հետևի կողմից հարվածել են, Սիմոնյանը նշեց, որ նման բան չի եղել:

«Պարոն Մարուքյանն ամեն ինչ արել է այս մեկ տարվա ընթացքում, որպեսզի իրեն հարվածեն, որպեսզի ինքը կարևորվի: Ինքը դա արել է Բարգավաճ Հայաստան կուսակցության հետ, արել է Իմ քայլի հետ, իր նպատակը դա է եղել»,- ԱԺ միջանցքում Էդմոն Մարուքյանի հետ բանավիճելիս լրագրողներին ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:

Նա հայտարարեց, որ «Իմ քայլի» պատգամավորներից որևէ մեկը Էդմոն Մարուքյանին հետևից չի հարվածել, ինչին ի պատասխան Մարուքյանն ասաց, որ Ալեն Սիմոնյանը ստում է, այդ կադրերը տեսել են բոլորը:

Ալեն Սիմոնյանն ասաց, որ իշխանությունը չպետք է տրվի սադրանքների ու ստերի: Նա Մարուքյանին կոչ արեց տարբերել իրարից ազատ խոսքն ու վիրավորանքը:

«Մենք ձեզ բազմիցս շանս ենք տվել, դուք այդ շանսից չօգտվեցիք, և հայտնվեցիք այնտեղ, որտեղ հայտնվել եք»,- նշեց Ալեն Սիմոնյանը:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments